Add to favourites

Under development

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու» և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

  • Discussed

    12.01.2024 - 28.01.2024

  • Type

    Law

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1699

Print

Suggestions

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

23.01.2024

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու» և «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնում ենք «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» հարցադրումները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու» և «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում) մեջ «կոլեգիալ մարմնի» ստեղծումը չի հիմնավորվում: Եթե «կոլեգիալ մարմինը» ստեղծվում է սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատներից վերականգնվող պաշարների արդյունահանման թույտվություն տրամադրելու համար, ապա ո՞րն է տարբերությունը գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով լիազոր մարմնի և առաջարկվող «կոլեգիալ մարմնի» իրավասությունների միջև: Ի՞նչ առավելություններ կտա «կոլեգիալ մարմնի» ստեղծումը՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով լիազոր մարմնի նկատմամբ: Հիմնավորման մեջ, որպես նախագծերի անհրաժեշտություն է նշվում՝ գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման և փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը: Ուսումնասիրելով Նախագծերը՝ «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն» ՀԿ-ն չգտավ որևէ վերաբերելիություն կամ կապ նախագծերի և տվյալ անհրաժեշտության միջև: Հիմնավորման մեջ առաջարկվում է GPS համակարգով կահավորել սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ տրանսպորտային միջոցները: Սակայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է GPS համակարգով կահավորել օգտակար հանածոների հանքավայրերում արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ տրանսպորտային միջոցները, որը կվերաբերի անխտիր բոլոր ընդերքօգտագործողներին: Նույնը վերաբերում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասին, որտեղ GPS համակարգով կահավորելը վերաբերում է օգտակար հանածոների պաշարների արդյունահանման աշխատանքներին: Այսինքն, տվյալ նորմը նույնպես վերաբերելի է բոլոր ընդերքօգտագործողներին: Խնդրում ենք վերախմբագրել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Նախագծի 2-րդ հոդվածը և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասն այնպես, որ դրանց դրույթները վերաբերեն միայն սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ տրանսպորտային միջոցներին: «Հայաստանի հանքագործների և մետալուգների միության» անդամների հետ խորհրդակցելու արդյունքում ի հայտ են եկել հետևյալ մտահոգությունները՝ -GPS համակարգի ներդնումը լուրջ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում, -Ընդերքօգտագործողներն արդեն պլանավորել են իրենց բյուջեները 2024 թվականի համար և պարտադրել նրանց 2024 թվականի մարտի 1-ից ներդնել GPS համակարգը՝ նշանակում է չնախատեսված ծանր ֆինանսական բեռ ավելացնել: Ընդերքօգտագործողները շատ դեպքերում հանութաբարձիչ տրանսպորտային միջոցներ են վարձակալում ոչ ընդերքօգտագործողներից, ինչպես նաև հակառակը՝ իրենց հանութաբարձիչ տրանսպորտային միջոցները օգտագործում են այլ՝ ոչ հանքարդյունաբերական աշխատանքներում, որի հետևանքով տեղի են ունենալու թյուրիմացություններ և առաջանալու են խառնաշփոթ իրավիճակներ՝ GPS համակարգի միջոցով ընդերքօգտագործողներին կվերագրվեն այնպիսի գործողություններ, որոնք ընդերքօգտագործմանը վերաբերելի չեն: Արդյունքում, ընդերքօգտագործողները կարող են դեմ առնել այնպիսի դժվարությունների, որ այլևս չեն կարողանա շարունակել կատարել ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները: Իսկ ինչպե՞ս վարվեն ստորգետնյա ընդերքօգտագործողները, որոնց տեխնիկայի վրա GPS համակարգը ստորգետնյա պայմաններում ի սկզբանե չի աշխատելու: Նախագծում նշված չէ նաև թե ո՞վ է սպասարկելու GPS համակարգը և այն ընդերքօգտագործողների համար լինելու է վճարովի, թե՞ ոչ։ GPS համակարգի ներդրումը լայնորեն տարածվում և կիրառվում է ողջ աշխարհի ընդերքօգտագործողների մոտ: Բայց պետք է նշել, որ այդ քայլին նրանք դիմում են, ոչ թե օրենքի ուժով պարտադրված, այլ նպատակ ունենալով ստանալ վիճակագրություն և իրականացնել վերլուծություններ՝ արդյունավետ կառավարման որոշումներ կայացնելու համար: GPS համակարգի ներդրումն օգնում է երկարացնել աշխատանքային շարժակազմի ծառայության ժամկետը՝ վերահսկելով տրանսպորտային միջոցների առանցքի բեռնվածությունը, շարժիչի արագությունը, շարժիչի ժամերի մոնիտորինգը, երթուղիների և գոտիների անցումը, առանձին ձեռնարկության օբյեկտներից մուտքն ու ելքը, պարապուրդը, ժամանակի և վայրերի վերահսկումը ինքնաթափ տրանսպորտային միջոցների բեռնաթափման համար: Ընդհանուր առմամբ GPS համակարգը կարող է նվազեցնել պահպանման ծախսերը 15-40%-ով: GPS համակարգի ներդրումը լուծում է հետևյալ խնդիրները. • իրական ժամանակի երթևեկության վերահսկում. •հետևել մասնագիտացված տրանսպորտային միջոցների շարժման պատմությանը՝ ընտրված ժամանակահատվածի համար. • վառելիքի սպառման մոնիտորինգ, վառելիքի արտահոսքի և լիցքավորման գրանցում. • շարժիչի արագության կառավարում. • վազքի հաշվետվություն. • գործարկիչների և սենսորների աշխատանքի մոնիտորինգ. • շարժիչի աշխատանքի ժամանակի և վառելիքի սպառման մասին հաշվետվություն՝ ինչպես պարապ (холостой ход) վիճակում, այնպես էլ վարելիս. • ինտեգրում հաշվապահական էլեկտրոնային համակարգին: Միակ խնդիրն այն է, որ GPS համակարգի միջոցով հնարավոր չէ հստակ հաշվարկել հանութաբարձիչ տրանսպորտային միջոցների բեռնվածության ծավալները, հետևաբար այն տեղափոխվող նյութի քանակության ստուգման համար չի կարող հիմք հանդիսանալ: Ընդերքօգտագործման աշխատանքները գտնվում են Ընդերքի տեսչության անընդհատ և մշտական հսկողության ներքո: Գործող օրենսդրությամբ արդյունահանվող հանույթի ծավալը ստուգելու գործառույթն Ընդերքի տեսչությանն է: Արդյոք GPS համակարգը որևէ կերպ կօժանդակի՞ Ընդերքի տեսչությանը: Եթե՝ այո, ապա, խնդրում ենք բացատրել, թե ինչպե՞ս: Հիմնավորման մեջ GPS համակարգի ներդրումը նշված է առաջարկության տեսքով, սակայն բացակայում է դրա նպատակային հիմնավորումը: Խնդրում ենք վերը շարադրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ տրամադրել բազմակողմանի, ամբողջական և սպառիչ հիմնավորում։ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու Նախագծի 4-րդ հոդվածով Օրենսգրքի 26-րդ հոդվածը լրացնող 5-րդ մասը սահմանում է, որ ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում: Նմանատիպ դրույթ արդեն իսկ առկա է գործող ՀՀ ԸՄ օրենսգրքում: Վերջինիս 33․1–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ, 40–րդ հոդվածի 7–րդ մասի 6–րդ, 48.2 հոդվածի 6-րդ մասի 5-րդ և 51–րդ հոդվածի 11–րդ մասի 4–րդ կետերի համաձայն՝ թույլտվության դիմումները մերժվում են, եթե իրավունքի տրամադրումը հակասում է ՀՀ օրենսդրության, այդ թվում` ՀՀ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին: Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, առաջարկում ենք ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասը հանել:

See more