ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1087-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սույն իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն) նոր գործառույթներ վերապահելու անհրաժեշտությամբ՝ «Սերմերի և տնկանյութի մասին» ՀՀ օրենքով սահմանված տնկանյութի հավաստագրման իրականացման և բուծողի իրավունքների պահպանությանն ուղղված գործընթացի կատարելագործման նպատակով։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Սերմերի և տնկանյութի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իրականացվելու է տնկանյութի հավաստագրում, որի նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ մեկնարկել են շուրջ երկու տարի։ Վերոնշյալ օրենքի հրապարակումից մեկ տարվա ընթացքում պետք է ընդունվեն ենթաօրենսդրական իրավական ակտերը, պետք է իրականացվի դաշտային հետազոտողների վերապատրաստման գործընթաց, մանրամասն մշակվի տնկանյութի հավաստագրման բոլոր փուլերում իրականացվող աշխատանքների ուղեցույց և տնկարանների հետազոտության մեթոդիկաները ըստ պտղատեսակների, տնկարանների համար իրականացվի տեղեկատվական արշավ և իրականացվեն մի շարք այլ գործընթացներ։ Հայաստանի Հանրապետությունում տնկանյութի հավաստագրման գործընթացի կայացման համար չափազանց կարևոր է տնկարանային արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների հետ համատեղ աշխատանքը և նրանց մասնագիտական աջակցություն ցուցաբերելը։ Միաժամանակ այդ գործընթացը կարող է իրականացվել միայն մասնագիտացած դաշտային հետազոտողների (ապրոբատոր) առկայության դեպքում և հաշվի առնելով, որ հանրապետությունում 1990-ականներից հետո պտղաբուծության գիտության ոլորտը զարգացում չի ապրում և առկա է մասնագետների խիստ պակաս, ապա դրանով պայմանավորված Կազմակերպության կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ մեծածավալ աշխատանք է իրականացվել և շարունակվում է իրականացվել։
Հարկ է նշել, որ հանրապետությունում երբևէ չեն մշակվել պտղատու ծառատեսակների տնկանյութի համար սահմանված պետական ստանդարտներ, տնկանյութի գնահատման չափորոշիչներ։ Բացի այդ անհրաժեշտ է հսկա ծավալի աշխատանքներ իրականացնել պտղատու մշակաբույսերի նոր սորտերը Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցելու ուղղությամբ՝ արդեն իսկ պտղաբերող այգիներում հետազոտություններ իրականացնելու, տվյալները արձանագրելու և օրենսդրությամբ սահմանված կարգով հետագա գործընթացը ապահովելու միջոցով։
Չնայած Կազմակերպության կողմից 1999 թվականից իրականացվում է սելեկցիոն նվաճումների գրանցումը, արտոնագրերի տրամադրումը, փորձարկումների իրականացումն ու բույսերի սորտերի պահպանության պետական գրանցամատյանի վարումն ու հրապարակումը, ներկայումս անհրաժեշտ է բոլոր նշված գործընթացները համապատասխանեցնել Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային կոնվենցիայով սահմանված նորմերին։ Հայաստանի Հանրապետությունը առաջիկա ամիսներին կդառնա Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային միության (ՈՒՊՈՎ) անդամ, որը ունի խիստ կարևոր նշանակություն հանրապետության բուսաբուծության ոլորտում արտասահմանյան ներդրումների ներգրավման հարցում։ Այստեղ ևս մեծածավալ աշխատանքի իրականացման կարիք կա, մասնավորապես «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի նոր տարբերակը ընդունվելուց հետո անհրաժեշտ է իրականացնել ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակում, բուծողի իրավունքի տրամադրման հայտի ներկայացման, փորձաքննության, արտոնագրի տրամադրման, բողոքարկման գործընթացների ապահովում, ՈՒՊՈՎ-ի կանոնակարգերի լիարժեք ներդրում և համագործակցություն այլ անդամ պետությունների հետ։
Վերոնշյալ գործընթացներին զուգահեռ իրականացվում են սերմերի համակարգը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու բազմակողմանի գործընթացներ։ Առաջիկայում Կազմակերպությունում գործելու է կենսաքիմիական լաբորատորիա, որը հագեցած է լինելու նորագույն սարքավորումներով։ Միաժամանակ, տնկանյութի հավաստագրման նպատակով նախատեսվում է լրացուցիչ սարքավորմների ձեռքբերում, մոնտաժում և շահագործում:
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն որոշմամբ Կազմակերպության գործունեության մեջ որպես առարկա և նպատակ կսահմանվի նաև տնկանյութի հավաստագրման ու բուծողի իրավունքի տրամադրման իրականացումը և կթույլատրվի իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն՝ տնկանյութի հավաստագրման տարբեր գործընթացներում։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Սույն Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․ Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետությունում տնկանյութի հավաստագրման և բուծողի իրավունքների պատշաճ պահպանության իրականացման արդյունքում բուսաբուծության ոլորտում կբարձրանա արտադրողականությունը, կավելանա համախառն արտադրանքը և արտասահմանյան ընկերությունների ներդրումները։
6․ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական բյուջեում ծախսերի ավելացում՝ 18 600 000 ՀՀ դրամ գումարի չափով, որը կուղղվի տարեկան աշխատավարձերի բարձրացմանը և թվով 3 նոր հաստիքների ավելացմանը, հաշվի առնելով, որ գործող հաստիքների համար ևս ավելանում են լրացուցիչ գործառույթներ։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ նախատեսված է գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բարելավել սերմերի և տնկանյութի հավաստագրման համակարգը։
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 9.2 կետով սահմանված բուսաբուծության ճյուղի զարգացման խթանում միջոցառման շրջանակներում նախատեսված է տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրումը, ինչպես նաև 1․1 կետի Առևտրային քաղաքականության բաժնում նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա, ինչպես նաև գործունեության ծրագրում ներառված է Միջազգային առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և խորացման միջոցառման կատարումը։
-
Discussed
11.01.2024 - 31.01.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1768
Print