ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է ծրագրի գործողության ժամկետը երկարացնելու, հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրությունը խթանելու և ծրագրի որոշ դրույթներ հստակեցնելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Պետական աջակցությամբ հանրապետությունում 2018 թվականից մինչև 2023 թվականի կնքվել է շուրջ 6570,7 հա ինտենսիվ այգի հիմնելու պայմանագիր։
Պետական աջակցությամբ ինտենսիվ այգիների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի ներդրման ուղղությամբ դեռևս առկա է մեծ հետաքրքրվածություն։ Բացի այդ, սակավաջրությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել շարունակելու աջակցելու ջրավազանների կառուցմանը կամ ընդլայնմանը, ոռոգման առաջադիմական համակարգերի ներդրմանը։
Միաժամանակ, հաշվի առնելով բակլազգի մշակաբույսերի բարձրարժեք լինելու հանգամանքը, նրանց դերը գյուղատնտեսական նշանակության հողերի բերքատվության բարձրացման գործում, պարենային ցածր ինքնաբավությունը, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավման նպատակով ցանքաշրջանառությունում բակլազգի մշակաբույսերի ներառման անհրաժեշտությունը՝ կարևորվում է հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության խթանումը, որոնց ցանքատարածությունները վերջին տարիներին, համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակումների, շարունակաբար նվազում են։ Հատիկաընդեղեն մշակաբույսերը շնորհիվ իրենց արմատների վրա ձևավորվող պալարաբակտերիաների՝ օդից ֆիքսում են ազոտը, այն վերածելով բույսերի համար մատչելի ազոտային միացության և դրանով հարստացնում են հողը։ Հատիկաընդեղենները համարվում են ցանքաշրջանառության մեջ անփոխարինելի մշակաբույս, մեծ է դրանց նշանակությունը ազոտի շրջապտույտի ապահովման և կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման համար։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բուսաբուծության ճյուղում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումների ներգրավմանը, բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանմանը, ժամանակակից, բարձր բերքատու այգիների հիմնմանը, մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, գյուղացիական տնտեսությունների եկամուտների մակարդակի բարձրացմանը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնել 1000 հա-ով։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է ներդրումների արդյունավետության և մատչելիության բարելավումը։
Կարգավորման նպատակը և բնույթը
Կարգավորման նպատակն է` հանրապետությունում շարունակել պետական աջակցությամբ խթանել ինտենսիվ այգեգործության զարգացումը, ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը, հստակեցնել ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների հետ գործընթացի կազմակերպումը։
Նախագծով առաջարկվում է երկարացնել ծրագրի գործունեության ժամկետը և հնարավորություն ընձեռել տնտեսավարողներին պետական աջակցությունից օգտվելու համար դիմումներ ներկայացնել 2023 թվականի փոխարեն մինչև 2025 թվականի ավարտը։
Նախագծով թույլատրվում է նաև արտարժույթով վարկերի տրամադրումը՝ հաշվի առնելով ֆինանսական կառույցների դրամական միջոցների հնարավոր սղությունը, ինչպես նաև առաջարկվում է խթանել հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրությունը ինքնաբավության մակարդակի բարձրացման համար՝ հաշվի առնելով նաև վերջիններիս ներգրավման ահրաժեշտությունը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավման և կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմման հարցում։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է հանել այգեհիմնման կամ ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրողներին տրամադրվող վարկերի արտոնյալ սուբսիդավորումը։ Միաժամանակ, բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար՝ վարկերը կսուբսիդավորվեն ավելի բարձր տոկոսադրույքով՝ 9 տոկոսային կետի փոխարեն 12 տոկոսային կետով։ Հստակեցվել է հետներդրումային ժամանակահատվածում առաջացած թերությունների դեպքում՝ պետական աջակցությամբ տրամադրված գումարների վերադարձման վերաբերյալ դրույթը։
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեներում եկամուտների և ծախսերի փոփոխություններ և լրացուցիչ ծախսեր 2023 թվականին չեն նախատեսվում, իսկ հետագա տարիների համար անհրաժեշտ կանխատեսվող ֆինանսավորումը կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային հայտերի շրջանակում։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ծրագրի իրականացման մեխանիզմները, կշարունակվի խթանել ինտենսիվ այգեգործության զարգացումը, ոռոգման և կարկտապաշտպան առաջադիմական համակարգերի ներդրումը, ջրավազանների կառուցումը և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի, այդ թվում հատիկաընդեղենների արտադրությունը։ Արդյունքում կբարձրանա գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակը։
Այլ տեղեկություններ
Այլ տեղեկություններ չկան:
-
Discussed
04.01.2024 - 19.01.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 2418
Print