Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 1431-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագիծ
-
7 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1431-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 1431-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ՀՀ կառավարության N 1586-Ն որոշմամբ հանրապետությունում հայտարարվել էր ռազմական դրություն: Պատերազմի հետևանքով պետությունը հայտնվեց անկանխատեսելի իրավիճակում, որով պայմանավորված ընդերքօգտագործողների մոտ ծագեցին պարտավորությունները օրենքով սահմանված ժամկետներում իրականացնելու հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմով Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել էր ընդհանուր զորահավաք, գործողության մեջ էր դրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը, ապահովվել էր «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության: Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված կարող էին ծագել պարտավորությունները օրենքով սահմանված ժամկետներում իրականացնելու հետ կապված խնդիրներ: Մասնավորապես, ընդերքօգտագործողի պարտավորությունների իրականացման ժամկետները օրենսդրությամբ հստակ են, երբեմն՝ սեղմ, իսկ դրանց չպահպանումը հանգեցնում է բացասական հետեւանքների՝ ընդհուպ մինչեւ օրենքով սահմանված կարգով ընդերօգտագործման իրավունքի դադարեցման:
Նման իրավիճակի համար ՀՀ ԱԺ կողմից 25․05․2022թ․ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-143-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք), որով որպես ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման հիմք նախատեսվեց անհաղթահարելի ուժի հետևանքով ընդերքի մասին օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը:
Մինչդեռ, նշված փոփոխությունները չեն տարածվում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման հարաբերությունների վրա, քանի որ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մինչև նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին, ինչպես նաև ռադիոակտիվ հումքի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման առանձնահատկությունների մասին օրենքների ընդունումը նշված հարաբերությունները կարգավորվում են կառավարության որոշումներով, մասնավորապես՝ Կառավարության 2012թ․ նոյեմբերի 1-ի թիվ 1431-Ն որոշմամբ:
Այսինքն, անհրաժեշտություն է առաջացել անհաղթահարելի ուժով պայմանավորված ընդերքոգտագործման իրավունքի երկարաձգման համանման կարգավորումներ նախատեսել նաև նավթային գործունեության իրավունք ունեցողների համար:
2․Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Նախագծով առաջարկվում է Ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով տրամադրելու Կարգը լրացնել «Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության արտոնագրի ժամկետի երկարաձգումը անհաղթահարելի ուժի հիմքով» անվանումով նոր՝ XXV.1 գլխով, համաձայն որի՝ կկարգավորվի անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով, այդ հանգամանքների գործողության ժամկետով նավթային գործունեության իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները, ինչը հնարավորություն կտա նավթային գործունեության իրավունք ունեցող ընկերություններին պատշաճ կատարել այն պարտավորությունները, որոնք չէին կատարվել կամ ոչ պատշաճ էին կատարվել աշխարհում և ՀՀ-ում վերջին տարիներին ստեղծված անկանխատեսելի և արտակարգ պայմաններում, որոնք ազդեցություն ունեցան նաև նավթային գործունեությունից բխող պարտավորությունների կատարման վրա:
Հաշվի առնելով, որ նշյալ իրավակարգավորումը չի վատթարացնում, այլ հակառակը՝ բարելավում է Կառավարության որոշման կարգավորման շրջանակում գտնվող սուբյեկտների իրավական վիճակը, որոշմանը տրվել է հետադարձ ուժ վերջին 4 տարիների համար՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և վերջին տարիներին մեր հանրապետությունում տիրող իրավիճակը (քաղաքացիական զանգվածային անհնազանդություն, պատերազմ և այլն): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվող նախագծում տրվում է «անհաղթահարելի ուժ» հասկացությունը, իրավաբանական տեխնիկայի տեսանկյունից միանման սահմանում ունենալու նպատակով փոփոխություններ են կատարվել նաև որոշման այլ կետերում:
Բացի այդ, նկատի ունենալով ընդերքօգտագործման ոլորտում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության գործունեության առանձնահատկությունները (տեղանքի ուսումնասիրություն, համապատասխան տեխնիկայի ներմուծում արտասահմանից և տեղափոխում համապատասխան վայր և այլն), նախագծով նախատեսվում է, որ եթե դիմողը այլ ավելի կարճ ժամկետ չի հայցել, ապա վերջինիս դիմումը բավարարելիս արտոնագրի ժամկետը երկարաձգվում է չորս տարով:
3․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Որոշման նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4․Ակնկալվող արդյունքը – Ներկայացվող նախագծի ընդունմամբ կկարգավորվեն անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով նավթային գործունեության իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները:
5․Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 1431-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
6․«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 1431-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշուման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին – «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 1431-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշուման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
7․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ-Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:
-
Discussed
03.11.2023 - 18.11.2023
-
Type
Decision
-
Area
Nature protection, Energy and natural resources
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 2090
Print