Add to favourites

Located in RA Government

«Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման  հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Այսօր աշխարհը գտնվում է նոր տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում, որը նաև անվանում են «չորրորդ արդյունաբերական հեղափոխություն»: Վերջինս բնութագրվում է աննախադեպ գլոբալ և տնտեսական ազդեցություն ունեցող մի խումբ բեկումնային տեխնոլոգիաների զարգացմամբ: Սա և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն Հայաստանի համար նորարարությամբ աչքի ընկնող և համաշխարհային զարգացումներում մրցունակ ներդրում ունեցող երկիր դառնալու և տնտեսության ոչ գծային զարգացում ապահովելու համար: Հայաստանի տեխնոլոգիական համալսարանը կոչված է դառնալու համաշխարհային հավակնություններով առաջատար համալսարան, որը կհանդիսանա հարթակ կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիական ձեռներեցության համար։

Հայեցակարգը սահմանում է Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակները, ստեղծման, գործունեության կազմակերպման սկզբունքներն ու առանձնահատկությունները և հիմք է հանդիսանում տեղական և միջազգային գործընկերների հետ բանակցությունների համար:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումն է։ Համալսարանի՝ որպես առկա համակարգի նոր կարևոր օղակի ստեղծումը կնպաստի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ուղղությամբ բարձրագույն կրթության զարգացմանը։ Տեխնոլոգիական համալսարանը տեղական գործընկեր բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ բազմաշերտ գործընկերության և ցանցային մշակույթի միջոցով Հայաստանում կարող է առաջացնել փոխազդեցության արդյունավետ դաշտ։

Բարձրագույն կրթության ոլորտի զարգացման համար առարկայական կլինեն Տեխնոլոգիական համալսարանի կողմից և նրա օժանդակությամբ ներդրված միջազգայնորեն մրցունակ կրթական ծրագրերը և ժամանակակից բովանդակությունը։

Տեխնոլոգիական համալսարանի գործունեության կենսական ուղղություններից մեկը կլինի ոլորտի գիտահետազոտական աշխատանքների առաջընթացը։ Այս նպատակով համալսարանն իր տարածքում կստեղծի միջազգայնորեն մրցունակ գիտահետազոտական լաբորատորիաներ և այլ ենթակառուցվածքներ։ Տեխնոլոգիական համալսարանը նմանատիպ լաբորատորիաներ կներդնի նաև գործընկեր բուհերում և գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպես նաև կօժանդակի նրանց՝ վերազինելու իրենց գիտահետազոտական ենթակառուցվածքները։ Այս համատեքստում Տեխնոլոգիական համալսարանը բազմաշերտ համագործակցություն կհաստատի գործընկեր բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ՝ իրականացնելով համատեղ գիտահետազոտական ծրագրեր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մակարդակով (օրինակ՝ միջազգային դրամաշնորհների ֆինանսավորմամբ)։

Տեխնոլոգիական համալսարանը կարևոր դեր կունենա Հայաստանի ներուժին և զարգացման ուղուն լավագույնս համապատասխանող համաշխարհային բեկումնային տեխնոլոգիաները և հետազոտական նորարար ուղղությունները երկրում  ներդնելու և զարգացնելու գործում։ 

Տեխնոլոգիական համալսարանի գործունեության մյուս կարևոր ուղղությունը կլինի Հայաստանում տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտների զարգացմանը նպաստելը։ Սրա խթանման հարթակներ կլինեն մասնավոր հատվածի հետ համագործակցությունը գործնական հետազոտությունների իրականացման մեջ, գիտահետազոտական աշխատանքների արդյունքների առևտրայնացումը և, ընդհանուր առմամբ, տեխնոլոգիական ձեռներեցության և նորարարության խթանումը։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Տեխնոլոգիական համալսարանի հիմնումը երկրի մակարդակով նախաձեռնություն է, որը նպատակաուղղված է Հայաստանը գիտության, կրթության, նորարարության և ձեռներեցության ժամանակակից հարթակի վերածելու` համաշխարհային տեխնոլոգիական զարգացման միտումներին համընթաց: Տեխնոլոգիական համալսարանի հիմնումը միտված է Հայաստանում գործընկեր բուհերին և գիտահետազոտական հաստատություններին համախմբելու մի ընդհանուր օրակարգի շուրջ, որի նպատակը ոլորտի արագ զարգացումն ու փոխազդեցության ստեղծումն է:

  • Discussed

    06.12.2017 - 21.12.2017

  • Type

    Protocol decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9830

Print

Suggestions

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

12.12.2017

2-րդ մասի վերջին պարբերության վերջին նախադասության «նորարարության խթանումը» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող տեխնոլոգիաների զարգացող ոլորտում» բառերով։ Ակադեմիական շրջանակների համար աջակցող տեխնոլոգիաների ոլորտում որպես մոդել կարող են ծառայել աշխարհի բարձր վարկանիշ ունեցող կամ դրան հավակնող ինստիտուտները, այդ թվում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Սթենդֆորդի համալսարանը (ENGR110/210), Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի Աջակցող տեխնոլոգիաների և միջավայրային մատչելիության կենտրոնը (https://catea.gatech.edu/)։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հոդված 4-ի (Ընդհանուր պարտավորություններ) 1-ին մասի «Է» կետը. «Նախաձեռնել նոր տեխնոլոգիաների վերաբերյալ հետազոտություններ և զարգացումներ, նպաստել դրանց հասանելիությանը ու կիրառմանը, ներառյալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, շարժունություն ապահովող պարագաները, սարքերը և աջակցող տեխնոլոգիաները, որոնք համապատասխանում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին՝ նախընտրելով նվազագույն ծախսեր պահանջող տեխնոլոգիաներ»։ Տե՛ս նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները (CRPD/C/ARM/CO/1) Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ (պարբ. 33 և 34)։

See more