«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայրի ապահովման եղանակ։ Ակադեմիական քաղաք ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է կրթության, հետազոտության և արդյունաբերության ու ծառայությունների մատուցման ոլորտների միջև կապ ստեղծելու նպատակից ելնելով՝ տնտեսվարող սուբյեկտների արդի պահանջները բավարարող ու առաջադիմական կրթություն և հետազոտություն ապահովելու նպատակով։ Ակադեմիական քաղաքի միջոցով ստեղծվելու է ենթակառուցվածքների այնպիսի ամբողջություն, որը տարբեր ոլորտներում ձեռք բերվող գիտելիքի փորձարկման և գործնական կիրառման հնարավորություն կտա։    

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները (բաղադրիչները), այն կրթական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների ցանկը, որոնք միավորվելու են տարբեր կլաստերներում, ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում, ի թիվս ակադեմիական քաղաքին ներկայացվող այլ պահանջների։

  • Discussed

    21.07.2023 - 07.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Public discussion

03.08.2023 15:00

22 Оrbeli Brothers Street, Yerevan

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 13298

Print

Suggestions

Serj Rostomyan

07.08.2023

Շոկի մեջ եմ: Ես դեմ եմ այս նախագծին, հատկապես Հայֆիլմի վերաբերյալ վերջին նորություններից: Այդ կազմակերպությունը մի զոհաբերեք մի անհասկանալի գաղափարի համար, որը չի նպաստի Հայֆիլմի զարգացմանը: Համամիտեմ եմ մեկնաբանությունների հետ և խնդրում եմ դուրս հանել կինոստուդիան այս նախագծից:

Միլենա Բաղդասարյան

07.08.2023

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը կարդալիս անմիջապես հիշեցի Ջեյմս Սքոթի կողմից նկարագրված 20-րդ դարի «բարձր մոդեռնիստական» նախագծերը, որոնք տխրահռչակ, եթե ոչ ողբերգական, արդյունք ունեցան (James C. Scott 1998, Seeing like a state): Նախագիծը պաթոսով է գրված և բարձր նպատակներ է իր առջև դնում, սակայն այդ նպատակներին հասնելու ուղիներն իրականում կապ չունեն այդ նպատակների հետ: Հստակ է, որ նախագիծը գրվել է ոչ մասնագետների կողմից՝ հաշվի չառնելով գիտական համայնքի ներկայացուցիչների մոտեցումները: Նախագիծը չափազանց լայնածավալ և արմատական է, միաժամանակ շատ թույլ, գործին չնպաստող լուծումների վրա հենված և այդ առումով պոտենցիալ ունի խարխլելու Հայաստանում արդեն գոյություն ունեցող բարձրագույն կրթության և գիտահետազոտական կազմակերպությունները, գիտությունն առհասարակ: Նախագիծը նաև անիրատեսական է իր այդչափ լայնածավալ լինելու պատճառով և բազում գիտությունների ուղղություններ անխուսափելիորեն լուրջ կորուստներ են կրելու, եթե փորձ արվի այս նախագիծը կյանքի կոչել: «Սոցիալական ճարտարագիտության» նման նախագծերի դեմ բազում մտավորականներ են զգուշացրել, բացի Ջեյմս Սքոթից, օրինակ Կարլ Փոփերը, ով «Բաց հասարակություն» իր գրքում զգուշացնում է կտրուկ ինստիտուցիոնալ փոփոխություն ենթադրող պետական նախագծերի դեմ և խորհուրդ է տալիս փոփոխությունները, իրականացնել փոքր, իրատեսական, հանրության հետ համաձայնեցված քայլերով՝ ինստիտուտներին լուրջ վնաս չհասցնելու նպատակով: Գիտական և կրթական համակարգը, որը կառուցվել է տասնամյակներով անհնար է հաջողությամն մի քանի տարվա ընթացքում ոչ միայն լրիվ վերակազմավորել, այլև ավելի բարձր մակարդակի հասցնել, իսկ լուրջ վնասներ հասցնելը միանգամայն հնարավոր է: Գիտական հաստատությունները և ԲՈՒՀ-երը զարգացնելու համար ամենևին անհրաժեշտ չէ դրանք կազմալուծել և մեկ այլ վայրում այլ կերպ փորձել վերամիավորել: Ակադեմիական քաղաքի կառուցումը ինքնին չի կարող բարձրացնել նշված հաստատությունների պոտենցիալը: Իրականում գիտական հաստատությունների և ԲՈՒՀ-երի զարգացումը բովանդակային է խնդիր է, կապված է գիտական կադրերին զարգացման հնարավորություններ տալու, երկրում պահելու, նրանց արդեն իսկ նվիրական աշխատանքը սատարելու հետ: Այդ առումով, սխալ է փորձել նրանց աշխատանքը պետական պաշտոնյաների ուտոպիստական նախագծերին ենթարկելը: Գերմանիայում, որ ես պաշտպանել եմ իմ թեկնածուական ատենախոսությունը (PhD), մարդիկ հպարտանում են իրենց քաղաքների համալսարանների երկար պատմությամբ, իսկ համալսարանների համբավը բարձրանում է այդ հաստատություններում աշխատող գիտնականների շնորհիվ: Այդ առումով, համալսարանները տեղափոխելու փոխարեն գումարն անհրաժեշտ է այլ ուղղություններով ծախսել: Անհրաժեշտ են արտասահմանյան լուրջ համալսարանների հետ համատեղ իրականացվող ծրագրեր, մասնագետների փոխանակում, դասավանդող կադրերի զարգացում: Գիտնականը սովորաբար կայանում է երկար տարիների ընթացքում և հենց գիտնականն է հետազոտությունների և ԲՈՒՀ-երի հենքը: ԲՈՒՀ-երի և գիտության զարգացման համար կարևոր է կադրերի ուսումը, նրանց կողմից փորձի ձեռքբերումը արտասահմանյան լուրջ բուհերում և առաջատար գիտական հաստատություններում և այդ փորձի կիրառումը Հայաստանում: Բացի այդ, ցանկալի է Հայաստան հրավիրել անվանի գիտնականների, ովքեր կդասավանդեն այստեղ թեկուզ 1 կիսամյակ: Ուսանողները նույնպես համալսարան պետք է մտնեն օտար լեզուների շատ լավ իմացությամբ, որպեսզի կարողանան առնվազն անգլալեզու գիտական գրականություն կարդալ (քանի որ ժամանակակաից հետազոտությունների մեծ մասն անգլերեն է լույս տեսնում), սա արդեն դպրոցների խնդիրն է: ԵՊՀ-ի նման ԲՈՒՀ չի կարելի կազմալուծել և տեղավորել ինչ-որ «կլաստերի» շրջանակներում, Հայաստանի համար դա կլինի ողբերգություն: ԵՊՀ-ն և այլ կարևոր ԲՈՒՀ-երը պետք է զարգացնել և կադրերի ֆինանսավորումն է այս դեպքում կարևորագույն խնդիր: ԵՊՀ-ի դասախոսները շատ ավելի ծանրաբեռնված են դասավանդման առումով, քան ցանկացած արևմտյան ԲՈՒՀ-ի պրոֆեսոր, իսկ նրանց աշխատավարձը չափազանց ցածր է: Անշուշտ, բարձրագույն կրթությունը և հետազոտությունները պետք է փոխկապակցված լինեն և ուսանողները արդեն իսկ ներգրավվում են հետազոտական աշխատանքներին իրենց ավարտական կամ կուրսային աշխատանքների, պրակտիկաների, գիտաժողովներին մասնակցելու շնորհիվ: Այնուամենայնիվ, գերազանց հետազոտող նախապատրաստելու համար շատ կարևոր է հենց հիմնարար տեսական գիտելիքի ձեռքբերումը, ինչը շատ ավելի լայն դաշտ է, քան հետազոտական գործընթացը (որը շատ ավելի նեղ և խորացված գործունեություն է): Փայլյուն նեղ մասնագետ դառնալու համար նախ անհրաժեշտ է տիրապետել գիտության ավելի լայն տեսական հարստույթանը, որը հենց համալսարաններն են տրամադրում: Նախագծում, օրինակ, նշվում է. «Ակադեմիական քաղաքը ներառելու է նաև մտավոր ժամանցի և մշակութային հաղորդակցման ենթակառուցվածքներ, որոնք դառնալու են նաև նախագծի հանրային վերափոխման գործիքներից մեկը»: Իրականում, Երևան քաղաքում արդեն կայացած են մտավոր ժամանցի և մշակութային հաղորդակցման կառույցները և ակադեմիական քաղաքը երբեք չի կարողանա փոխարինել վերջիններին: Ցանկացած ծրագիր նախագծելիս պետք է հաշվի առնել, թե արդյոք մասնագետները կհամագործակցեն: Հայաստանում մենք ունենք գերազանց գիտական կադրերի պակաս: Նման նախագծի պարագայում շատ քիչ մասնագետներ, ովքեր արդեն հաստատված են իրենց բնակարաններում, ում երեխաները հաճախում են կոնկրետ դպրոցներ և այլն, կհամաձայնվեն աշխատանքի մեկնել Երևանի 17-րդ թաղամաս կամ ընտանիքներով տեղափոխվել հանրակացարաններ: Գերազանց կադրերից շատերը հնարավոր է նախընտրեն արտագաղթել կամ աշխատանքի անցնել մասնավոր սեկտորում, քանի որ նրանց համար Հայաստանում կստեղծվեն հավելյան դժվարություններ: Սա կհանգեցնի առանց այդ էլ սակավ կադրերի կորստին: Ինչ վերաբերում է բնակարանների ձեռքբերմանը, ապա որոշ ծրագրերի արդյունքում բազում գիտնականներ արդեն իրենց խնայողությունները ներդրել են և ներդնում են բնակարաններ գնելու համար, և ակադեմիական քաղաքում բնակարան գնելու համար ֆինանսական միջոցներ չեն ունենա: Ինչ վերաբերում է գիտական հաստատություններին, ապա փորձ է արվում հետազոտական ինստիտուտները կցել կրթական հաստատություններին: Գիտահետազոտական հաստատությունները կազմալուծելը, այլ հաստատություններին կցելը, ստորադասելը վտանգերով լի է: Հայաստանում ունենք բազում արդյունավետ հետազոտական հաստատություններ, որոնց անհրաժեշտ է սատարել՝ բռնի կազմալուծելու և ֆիզիկապես տեղափոխելու փոխարեն: Ուսումնական կլաստերին նրանց ներգրավելը անպատասխանատու է. գիտական դիսկուրսրը զարգանում է կրթությունից լրիվ անկախ, գիտական դիսկուրսն է, որ պետք է առաջնորդի կրթությունը, այլ ոչ թե ծառայի վերջինիս: Համալսարաններ, զանազան կենտրոններ, գիտահետազոտական ինստիտուտներ ունենալը տվյալ ծրագրի հայեցակարգում դիտարկվում է որպես «ավանդական» մոտեցում, որից պետք է վեր բարձրանալ, սակայն առաջարկվող լուծումը հիմնված չէ հաջողված փորձի վրա, ավելի շատ ուտոպիա է, պետական պաշտոնյաների մտահղացում: Քննադատվող «ավանդական» մոտեցումը գերազանց է գործում, օրինակ Գերմանիայում, որը հիմա Եվրոպայում գիտության զարգացման առումով առաջատար երկրներից է: Իմ կարծիքով, որը կիսում են բազում այլ գիտնականներ, ակադեմիական քաղաքի ծրագիրը գրվել է Երևանի կենտրոնում անշարժ գույք ազատելու նպատակով. Սա փորձ է հատուկ այս կազմակերպությունների համար կառուցված շենքերը խլել գիտության և կրթության ոլորտից և հավանաբար ծառայեցնել բիզնեսի նպատակներին: Ակադեմիական քաղաքի այս նախագիծը Հայաստանում կնշանակի գիտության և արվեստի գավառականացում: Այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչ դեր են վերապահում գիտությանը ներկա իշխանությունները՝ դուրս մղելով վերջիններիս մայրաքաղաքի կենտրոնից: Մյուս կողմից, ակադեմիական քաղաքի կառուցմանը հնարավոր է ներգրավվեն պետական պաշտոնյաների հարազտների կազմակերպությունները, ինչը հնարավոր է նույնպես մոտիվացիայի աղբյուր է որոշ պաշտոնյաների համար: Հայաստանի համար հիմա շատ կարևոր է տեխնոլոգիաների զարգացումը, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերական կոմպլեքսի զարգացումը, ընդլայնումը: Ակադեմիական քաղաքի համար նախատեսված միջոցները պետք է ուղղել այդ ուղղություններով նոր կրթական, հետազոտական, արդյունաբերական կազմակերպություններ ստեղծելուն և զարգացնելուն, որպեսզի այս բարդ պայմաններում Հայաստանը կարողանա իրականացնել իր ինքնապաշտպանությունը բարձր տեխնոլոգիաներ պահանջող պատերազմների կոտեքստում: Մյուս կողմից, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսումը պետք է հասանելի և անվճար դարձնել բոլոր ցանկացող ուսանողների համար, այս ոլորտը հատկապես պետք է ֆինանսավորվի պետության կողմից: Արդյունքում տարիներ անց Հայաստանը կշահի նման մասնագետնրի առկայությունից:

мигран Галстян

06.08.2023

Ես դեմ եմ քվեարկել, քանի որ Ակադեմիական քաղաքի ճանապարհային քարտեզը հստակ չէ, բովանդակային առումով հումանիտար և հասարակական գիտությունների հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները կառավարության կողմից դեռ հստակ ձևակերպված չէ: Այս նախագծով ակադեմիական գիտությունը դարցել է գիտության կցորդ և պասիվ սպասարկող: Օրինակ, անհասկանալի է թե հնագիտական, ազգագրական, բանահյուսական գիտությունները որտեղ են հայտնվելու: Համալսարանո՞ւմ:Համալսարանը <դանայան տակառ> չէ, որ բոլոր հայագիտական և հումանիտար գիտություններին ընդունի: Այս և նմանատիպ բազմաթիվ հարցերի պատասխաները, իհարկե հնարավոր չէ նախագծում ներառել, բայց մենք իրավունք ունեն չէ՞ նախօրոք իմանալու:

See more