Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենք

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունմանան հրաժեշտությունը

Քաղաքացիական օրենսգրքի 1137-րդ հոդվածով նախատեսված գործող կարգավորման համաձայն՝ հեղինակային իրավունքով պահպանվող օբյեկտի առանց համապատասխան թույլտվության օգտագործելու դեպքում իրավատիրոջը հնարավորություն է տրվում առանց թույլտվության հեղինակային իրավունքի օբյեկտն օգտագործած անձից պահանջել․ ա) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ բ) խախտման հետևանքով պատճառած փաստացի վնասին համարժեք հատուցում, ներառյալ` բաց թողնված օգուտը։

Գործող իրավական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պաշտպանության վերոնշյալ մեխանիզմները գործնականում միշտ չէ, որ բավարար չափով ապահովում են իրավատերերի իրավունքների համապարփակ պաշտպանությունը, քանի որ հաճախ գործնականում անհնար է ֆիքսել հոնորարի կամ վարձատրության մի չափ, որից հնարավոր կլինի հաշվարկել դրա կրկնակին, ինչպես նաև գործնականում իրավատերերը հաճախ զրկված են իրավախախտման հստակ ծավալները արձանագրող ապացույցների հավաքման իրական հնարավորությունից, ինչի հետևանքով գրեթե անհնար է լինում հիմնավորել վնասի չափը։

Միևնույն ժամանակ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ հեղինակային իրավունքի խախտման հիմքով գործող հատուցումները գրեթե չեն կիրառվում, ինչը ինքնին նպաստում է իրավախախտումների թվի ավելացմանը և ձևավորում է անպատժելիության մթնոլորտ։ Բացի այդ, անհատ հեղինակների զգալի մասը հրաժարվում է իր իրավունքների պաշտպանությունից վճարունակ չլինելու պատճառով փաստաբանական ծառայություններից չօգտվելու արդյունքում։

Նշվածի կապակցությամբ արդյունավետ է միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող օրենսդրորեն սահմանված չափերին համապատասխան վնասների փոխհատուցում ստանալու ինստիտուտը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և միջազգային փորձը

Նախագծով առաջարկվում է նախատեսել իրավատիրոջ կողմից օրենքով նախատեսված սահմանված չափով փոխհատուցում ստանալու հնարավորություն, որի դեպքում իրավատերը դատարանում որպես հայցվոր հանդես գալիս պարտավոր չի լինի ապացուցել, որ ինքը կրել է որևէ չափի ֆինանսական վնաս, որպեսզի պատասխանողի վրա հայցի բավարարման արդյունքում դրվի իրավատիրոջը որպես փոխհատուցում որոշակի գումար վճարելու պարտականություն, փոխարենը իրավատերը պետք է ապացուցի սոսկ հեղինակային իրավունքի օբյեկտի ապօրինի օգտագործման փաստը։

Միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ սահմանված փոխհատուցման շեմի շրջանակներում կոնկրետ գումարը որոշելիս դատարանը, այլ ուշադրության արժանի հանգամանքների հետ մեկտեղ, չի կարող հաշվի առնել նաև իրավախախտման հետևանքների ծավալը։ Վիրավորանքի ու զրպարտության համար սահմանված փոխհատուցման կիրառման պրակտիկան ցույց է տալիս, որ ՀՀ դատական համակարգը ունակ է հստակ չափանիշներ սահմանել գումարի չափի որոշման համար, ինչը արդյունավետորեն կիրառվում է ներկայումս և առկա են բազմաթիվ դատական գործեր նման փոխհատուցման պահանջներով։

Նախագծով առաջարկվում է սահմանել 20 000 ՀՀ դրամից մինչև 2 000 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցման հնարավորություն։

Մասնավորապես, նման կարգավորումներ նախատեսված են առնվազն Ռուսաստանի Դաշնությունում, Լիտվայի Հանրապետությունում, Կանադայում, Սինգապուրի Հանրապետությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլն։

Այսպես, Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական օրենսգրքի 1301–րդ հոդվածի համաձայն բացառիկ իրավունքի խախտման դեպքում իրավատերը իրավունք ունի վնասի փոխհատուցման փոխարեն պահանջել 10 000 ռուբլուց մինչև 5 000 000 ռուբլու չափով հատուցում[1]։

Լիտվայի Հանրապետության «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 83–րդ հոդվածի համաձայն սահմանված է նշված օրենքով պաշտպանվող իրավունքների խախտման դիմաց նվազագույն սպառողական զանգվածի 1000–ապատիկի չափով փոխհատուցում[2]։

Կանադայի Հեղինակային իրավունքի ակտի 38.1 հոդվածի համաձայն իրավատերը ակտով նախատեսված դեպքերում իրավունք ունի պահանջել ոչ պակաս քան 100 դոլարի և ոչ ավել քան 20 000 դոլարի հատուցում[3]։

Սինգապուրի Հեղինակային իրավունքի ակտի 308–րդ հոդվածի համաձայն իրավատեիրը իրավունք ունի պահանջել ոչ ավել քան 10 000 դոլարի կամ 200 000 դոլարի չափով (կախված խախտման առանձնահատկությունների) հատուցում[4]։

Ամերիկայի Միացյալ Նահանգների 17 U.S. Code համաձայն իրավատերը իրավունք ունի պահանջել ոչ պակաս քան 750 դոլարի և ոչ ավել քան 30 000 դոլարի չափով փոխհատուցում[5]։

Միջազգային փորձի վերոգրյալ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կիրառվում են նաև փոխհատուցման ստորին շեմեր՝ բացառելու չնչին գումարի չափով փոխհատուցում սահմանելու հնարավորություն և նկատի ունենալով հեղինակային իրավունքի խախտման հետևանքները:

Իր հերթին նկատենք, որ ոչ նյութական արժեքներին հասցված վնասի դեպքում օրենսդրորեն ներկայումս էլ նախատեսված է սահմանված չափերին համապատասխան վնասների փոխհատուցում ստանալու վերաբերյալ կարգավորումներ: Այսպես, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել: Նույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ զրպարտության դեպքում՝ 6000-ապատիկի չափով:

Իր հերթին նկատենք, որ հեղինակային իրավունքների խախտման համար կարող է նախատեսվել նաև քրեական պատասխանատվություն տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: Ավելին, 05.05.2021թ.-ին ընդունված Քրեական օրենգրքի 227-րդ հոդվածի համաձայն՝ հեղինակային իրավունքի խախտումների դեպքում նախատեսվող տուգանքի չափը սահմանվել է անձի եկամտի, իսկ դրա բացակայության դեպքում արարքի կատարման պահին սահմանված նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում դրա եկամտի 20 տոկոսի չափով, այլ կերպ՝ շուրջ 1,500,000:

Վերոգրյալի համադրմամբ՝ Քաղաքացիական օրենսգրքում հեղիանակային իրավունքի խախտումների համար օրենսդրորեն սահմանված չափով փոխհատուցման կանոնի նախատեսումը կարող է արդյունավետ միջոց դառնալ հեղինակների իրավունքների պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման և իրավախախտումների թվի պակասեցման տեսանկյունից։

Հաշվի առնելով տվյալ ոլորտի մասնագետների կարծիքները և մտահոգությունները առկա է ռիսկ, որ հեղինակային իրավունքի խախտումների դեպքում դատական պրակտիկան կարող է չզարգանալ անձի պատվի, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման ինստիտուտին համահունչ և վնասի հատուցման ստորին շեմը մնա շատ ցածր։ Արդյունքում հեղինակների մոտ իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու շահագրգռվածությունը կմնա ցածր մակարդակի վրա, ինչպիսին այսօր է։ Հետևաբար իրավունքների պաշտպանության հարցում հեղինակների շահագրգռվածությունը խթանելու համար, որպես այլընտրանք, Նախագծով առաջարկվում է փոխհատուցման ստորին շեմ սահմանել նաև սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը այն դեպքերի համար, երբ արտադատական կարգով իրավախախտը հրաժարվում է վերացնել խախտումը։ Տվյալ դեպքում հեղինակները վստահ կլինեն, որ իրենց իրավունքի խախտումը հիմնավոր ճանաչվելու դեպքում իրենք կստանան հատուցում, որը կարող է բավարար լինել նաև փաստաբանական ծառայություններից օգտվելու և վճարելու համար։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ առկա են դեպքեր, երբ հեղինակային իրավունք խախտող անձն ինքը տեղյակ չէ, որ իր գործողությամբ խախտում է որևէ այլ անձի հեղինակային իրավունքներ, շուկայում ցնցումներից և մեծ դժգոհություններից խուսափելու համար, նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը որպես ստորին շեմ փոխհատուցման տարբերակից օգտվելիս, մինչև դատարան դիմելը, հեղինակը պարտավոր է․ (ա) գրավոր եղանակով ծանուցել իրավախախտողին իրավախախտման վերաբերյալ, (բ) պահանջել իրավախախտողից դադարեցնել իրավախախտումը, և (գ) տեղեկացնել իրավախախտումն անհապաղ չդադարեցնելու դեպքում նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 2000-ապատիկին հասնող փոխհատուցման մասին։ Միայն այն դեպքում, երբ իրավախախտողը հրաժարվել է կամ չի դադարեցնում իրավախախտումը, իրավատերն իրավունք է ստանում դիմել դատարան՝ պահանջելով նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի ստորին շեմով փոխհատուցում: Տվյալ ճանապարհով գնալիս իրավատերը (հեղինակը) կամ շատ արագ հասնում է հեղինակային իրավունքի խախտման դադարման՝ առանց փոխհատուցման, կամ ստանում է զգալի փոխհատուցում։

Արդյունքում, նախագծով իրավատիրոջը (հեղինակին) առաջարկվում են մի շարք գործիքներ, որոնց միջոցով նա կարող է ավելի արդյունավետ պայքարել իր հեղինակային իրավունքների խախտման դեմ։

Ինչ վերաբերում է նախագծի վերնագրի և 1-ին մասի վերախմբագրմանը, ապա պետք է նշել, որ ներկայիս խմբագրությունում հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ ոչ միշտ է պահանջվում համապատասխան թույլտվություն հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար: «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսվում են այն դեպքերը, երբ հեղինակային իրավունքի օբյեկտը կարող է օգտագործվել առանց հեղինակի համաձայնության և վարձատրության, ուստի գործող խմբագրությունից բխող հեղինակային իրավունքի օբյեկտի առանց հեղինակի թույլտվության օգտագործելու և հեղինակային իրավունքի օբյեկտի ապօրինի օգտագործման նույնացումն արդարացված չէ։

Նախագծի ընդունումը բխում է նաև Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարության 14-րդ և 15-րդ մեգանպատակներից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը լրացուցիչ խթան կհանդիսանա ստեղծարարության և դրա արդյունքը հանդիսացող հեղինակային իրավունքի օբյեկտների պաշտպանության համար, ինչի արդյունքում ակնկալվում է նվազեցնել հեղինակային իրավունքների խախտումների քանակը Հայաստանի Հանրապետությունում։

Ակնկալվում է կանխել և (կամ) մոտակա հինգ տարիների ընթացքում կտրուկ նվազեցնել հեղինակային իրավունքների խախտումների քանակը։

Հեղինակային իրավունքների պաշտպանության համար առավել արդյունավետ գործիքակազմ սահմանելով ակնկալվում է նաև ամրապնդել մտավոր և ստեղծարարական գործունեությամբ զբաղվող անձանց, ինչպես նաև տվյալ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տեղական ընկերությունների և միջազգային ներդրողների վստահությունը ՀՀ իրավական համակարգի նկատմամբ։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին տեղեկատվություն.

Նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է, ինչպես նաև Նախագիծը ընդգրկված չէ Կառավարության 2021-2026թթ. ծրագրում:

 

 

[1] https://docs.cntd.ru/document/902019731

[2] https://e-seimas.lrs.lt/portal/legalAct/lt/TAD/5f13b560b2b511e59010bea026bdb259?jfwid=9tq147ogj

[3] https://laws-lois.justice.gc.ca/eng/acts/C-42/page-11.html#h-103953

[4] https://sso.agc.gov.sg/Acts-Supp/22-2021/Published/20211007?DocDate=20211007&ProvIds=P16-#pr305-

[5] https://www.copyright.gov/title17/

  • Discussed

    16.05.2023 - 31.05.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, Cultural, Economy, Financial, Civil and commercial legislation, Contemporary art, Telecommunication(electronic communication)

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2393

Print

Suggestions

Սուրեն Անտոնյան

16.05.2023

Ձեր հիմնավորումն իրականում շարժառիթ է, իսկ տարբեր երկրներում գոյություն ունեցող իրավակարգավորումները դեռևս միջազգային փորձ չէ, քանի որ կան նաև այլ իրավակարգավորում ունեցող երկրներ։ Երբ եք լուրջ մոտենալու այս հարցերին։

See more