Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
27.10.2022
Սույն թվականի հոկտեմբերի 12-ին e-draft էլեկտրոնային հարթակում ՀՀ ոստիկանության կողմից քննարկման է դրվել «Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը եվ գնահատման չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի հավելված 1-ի 1-ին մասի 4-րդ կետի վերաբերյալ ներկայացնում ենք որոշ դիտարկումներ։ Տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրության և գնահատման չափանիշների 4-րդ կետը պարզեցված կարգով անձին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար նշանակալի ավանդ է համարում անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով: Այս դրույթը խնդրահարույց է ոչ միայան իր բովանդակություն, այլ նաև օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից։ Նախ պետք է հաշվի առնել, որ հարցը վերաբերում է ֆիզիկական անձի մոտ սեփականության իրավունքի առաջացմանը։ Տրամաբանորեն և իրավական բնութագրից ելնելով ակնհայտ է, որ սեփականության իրավունքը լինելով տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունների համակցություն, իրավական առավելություններ է առաջացնում բացառապես դրա տիրապետողի համար։ Այլ խոսքով՝ սովորական քաղաքացիաիրավական հարաբերություններում մասնավոր սուբյեկտների միջև առուվաճառքի պայմանագրից ծագող սեփականության իրավունքի առաջացումը գույքային առավելության վիճակ է առաջացնում բացառապես գույքն ի սեփականություն ձեռքբերողի համար։ Նախագծի ներկայիս ձևակերպմամբ, անշարժ գույքի ձեռքբերումը ֆիզիկական անձի կողմից ներկայացված է որպես պետության տնտեսություն մեջ ներդրվող նշանակալի ավանդ։ Վերջինիս մասին նախագծի հիմանվորումներում որևէ կերպ անդրադարձ չի կատարվում, պարզաբանելու համար այն հարցը, թե պետության տնտեսության մեջ ի՞նչ ավանդ է ունենում ֆիզիկական անձի գույքային առավելությունը (արդեն իսկ գոյություն ունեցող գույքի սեփականատիրոջ փոփոխությունը), որը հատկապես, ըստ նախագծի, նշանակալի է։ Պետք է հաշվի առնել, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի՝ անշարժ գույք են համարվում ինչպես […] շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այնպես էլ հողամասերը (հողը), որի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։ Այս հանգամանքը հիմնարար նշանակոււթյուն ունի ՀՀ տարածքը փաստացի ազգությամբ հայ քաղաքացիներին պահելու հիմնային և ռազմավարական կարևորություն ունեցող հարցում: Մինչդեռ նախագծի ներկայիս կարգավորումը սահուն ուղի է բացում Սահմանադրությամբ ամրագրված արգելքը շրջանցելու համար: Մասնավորապես ՀՀ գործող օրենսդրությունը բոլոր օտարերկրացիներին ընդունում է իրավական հավասարություն հարթությունում՝ բացառելով որևէ խտրական վերաբերմունք ազգային պատկանելության կամ այլ հատկանիշով: Այս հանգամանքը պետության գործիքակազմում էականորեն նվազեցնում է իր անվտանգության շահերից ելնելով մասնավոր հարաբերություններում ընտրողական վարքագիծ դրսևորելու միջոցները՝ հնարավորություն ստեղծելով ՀՀ երկու հարևան պետությունների քաղաքաքացիների և ազգաբնակչության համար ՀՀ-ում 150000 դոլարով շինություն ձեռք բերելու փաստով ստանալ ՀՀ քաղաքացիություն, որից հետո դառնալ նաև անսահմանափակ մեծության հողի սեփականատեր: Այս վտանգավոր երևույթի մասշտաբայնությունը հետագայում պետության համար կարող է առաջացնել առավել բարդ տնտեսական և իրավական վիճակ, որի դեմ պայքարի միջոցների ձեռնարկման ուշացումը կարող է ճակատագրական կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության և բնակչության համար: Քննարկվող դրույթը անշարժ գույքի ձեռքբերման գնից բացի նախատեսում է որոշակի ժամկետայնություն, այն է՝ «անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով»: Նման ձևակերպման պայմաններում հասկանալի չէ, թե ներառված ժամկետային պայմանը/ չափանիշը ինչպիսի կամ որ գործողությանն է վերաբերում: Մի դեպքում այն կարող է մեկնաբանվել որպես անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրի կատարման (արժեքի մարման) ժամկետ, մյուս դեպքում՝ ձեռքբերված անշարժ գույքի օգտագործման և պահպանության (սեփականություն իրավունքը պահպանության) ժամկետ, այլ ընկալմամբ՝ ՀՀ-ում փաստացի բնակության ժամկետ: Ընկալումներից յուրաքանչյուրը պահանջում է մանրակրկիտ իրավական կարգավորումներ և հստակ պատասխաններ առնվազն հետևյալ հարցերին. 1. սեփականության իրավուքնի ծագման պահից հետո անշարժ գույքի ձեռքբերողը ե՞րբ կարող է հավակնել ՀՀ քաղաքացիություն ստացողի կարգավիճակին 2. արդյոք իրավահաջորդության ինստիտուտը կիրառելի է այս հարաբերության նկատմամբ թե ոչ (ժառանգություն, նվիրատվություն): Այսպիսով, քննարկվող դրույթը լի է անորոշություններով և խնդրահարույց մոտեցումներով, որի պայմաններում 150 000 ԱՄՆ դոլարի չափով անշարժ գույքի ձեռքբերումը չի կարող համարվել ՀՀ տնտեսության մեջ նշանակալի ավանդի ներդրում: Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ