ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը – «Արտահանման տուրքի մասով սուբսիդիա տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է նրանով, որ 2021թ-ի սեպտեմբերից ՀՀ կառավարության որոշմամբ արտահանման տուրք սահմանվեց, որի համաձայն՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0՝ պղնձի խտահանքեր, 2613՝ մոլիբդենի խտահանքեր, 7202 70 000 0՝ ֆեռոմոլիբդեն, 8102՝ մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8102 97 000 0 ապրանքային դիրքին պատկանող թափոնի և ջարդոնի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ պետք է իրականացվի լիցենզիաների հիման վրա:
Հարկ է նշել, որ արտահանման տուրքը սահմանվել էր 2021թ-ի սեպտեմբերից, երբ մետաղների գները միջազգային բորսաներում բավականին բարձր էին և կարիք էր առաջացել իրականացնել ստացվող գերշահույթի արդարացի բաշխում ընկերության և պետության միջև։
Ներկայիս դրությամբ պայմանավորված աշխարհաքաղաքական տարատեսակ հանգամանքներով միջազգային բորսաներում տեղի է ունենում մետաղների գների նվազում, ինչպես նաև առկա է հայկական դրամի արտարժույթի նկատմամբ արժևորման գործընթաց: Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունում գործող հանքարդյունաբերող ընկերություններից ստացված արձագանքները փաստում են, որ սահմանված արտահանման տուրքը բացասական ազդեցություն ունի ընկերությունների ֆինանսական վիճակի վրա, որն էլ իր հերթին կարող է խաթարել այդ ընկերությունների բնականոն գործունեությունը։
Այս ընթացքում ՀՀ կառավարության կողմից առաջարկվել է ռոյալթիների հաշվարկաման նոր մեխանիզմ, որը ուժի մեջ կմտնի 2023թ․-ի հունվարի 1-ից և ապագայում նման դեպքերի համար կարգավորիչ դեր կունենա։
Նախագծի կարիքը առաջացել է միջազգային բորսաներում մետաղների գների զգալիորեն նվազման, ինչպես նաև հայկական դրամի էականորեն (20 տոկոսի չափով) արժևորման փաստով պայմանավորված։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Ներկայումս առկա է իրական վտանգ, որ ֆինանսական ծանրաբեռնվածության պատճառով կխաթարվի ընդերքօգտագործող կազմակերպությունների բնականոն գործունեությունը:
Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ արտոնություն տրամադրվող ընկերություններում աշխատում են ավելի քան 2500 քաղաքացիներ և պետության կողմից արտոնություններ չսահմանելու պարագայում անցանկալի բացասական հետևանքներ կառաջանան պետության և քաղաքացիների համար։
Որոշման նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածի համար հաշվարկել և տրամադրել սուբսիդիա ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0՝ պղնձի խտահանքեր, 2613՝ մոլիբդենի խտահանքեր, 7202 70 000 0՝ ֆեռոմոլիբդեն, 8102՝ մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8102 97 000 0 ապրանքային դիրքին պատկանող թափոնի և ջարդոնի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման տուրքի մասով:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք –նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը – Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում ստեղծել պայմաններ առաջացած մարտահրավերների հաղթահարման համար։
5. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և/կամ ծախսերի մասով առաջացնում է Էական նվազեցում, որի չափը կհստակեցվի ներկայացվող նախագծի 2-րդ կետով սահմանված առաջարկության հիման վրա:
6. «Արտահանման տուրքի մասով սուբսիդիա տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին – «Արտահանման տուրքի մասով սուբսիդիա տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում նշյալ փաստաթղթերի պահանջից: