Add to favourites

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է օրենքով հստակ սահմանել իրավական կադաստրի տեղեկատվության կազմից տեղեկությունների տրամադրման պայմանները իրավատեր չհանդիսացող անձին՝ մասնավորապես սահմանելով իրավատիրոջ համաձայնությանը ներկայացվող հստակ պահանջներ (գրավոր ձև, նոտարական վավերացում), ինչպես նաև ոչ հանրային իրավունքի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց՝ փաստաբաններին և նոտարներին տեղեկատվության տրամադրման դեպքերը:

  • Discussed

    12.08.2022 - 27.08.2022

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6480

Print

Suggestions

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

27.08.2022

Բացի այդ, «Փաստաբանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն․ Փաստաբանն իրավունք ունի դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ)` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Իրավաբանությամբ զբաղվող անձինք հիմնարար դեր են խաղում օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Պետությունները պարտավոր են երաշխավորել, որ այդ անձինք կարողանան իրենց մասնագիտությունն իրականացնել առանց անհարկի սահմանափակումների (https://www.ohchr.org/en/documents/thematic-reports/ahrc5036-protection-lawyers-against-undue-interference-free-and): Խորհրդարանական Վեհաժողովի՝ «Փաստաբանների սկզբունքների և երաշխիքների մասին» 2348 բանաձևի 6 կետի համաձայն․ Վեհաժողովը կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետություններին ապահովել իրավաբանի մասնագիտության արդյունավետ պաշտպանությունը, այդ թվում՝ 6․1 արգելելով պետության միջամտությունը իրավաբանի մասնագիտությանը և հստակորեն բացահայտելով այն կոնկրետ գործողությունները, որոնք արգելված միջամտություն են. 6․2 ներպետական ​​օրենսդրական դաշտի ստեղծում, որը երաշխավորում է իրավաբանի աշխատանքի արդյունավետությունը, անկախությունը և անվտանգությունը, մասնավորապես՝ 6․2․1 ապահովելով, որ ազգային օրենսդրությունը և իրավապահ պրակտիկան բարելավեն իրավաբանների աշխատանքի պայմանները և երաշխիքները՝ լիովին համապատասխանելով ՄԱԿ-ի Իրավաբանների դերի հիմնական սկզբունքներին (1990 թ.), Նախարարների կոմիտեի հանձնարարականին համապատասխան. (2000)21 և Ասամբլեայի 2154 (2017) բանաձևը կալանավորներին իրավաբանների հասանելիությունն ապահովելու մասին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ իր լիազորություններն իրականացնելիս՝ վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալիս, անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության կարգավորումը ուղղված է փաստաբանի աշխատանքի արդյունավետության ապահովմանը և պայմանավորված է փաստաբանի՝ որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի հատուկ կարգավիճակով։ Առաջարկվող սահմանափակումը անհիմն է, անհարկի միջամտություն է փաստաբանի գործունեությանը, նվազեցնում է փաստաբանի աշխատանքի արդյունավետությունը և հակասում է վերը վկայակոչված միջազգային իրավական կարգավորումներին, ուստի առաջարկում ենք Նախագիծը հանել շրջանառությունից։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

27.08.2022

Նախագիծը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1990 թվականի սեպտեմբերի 7-ին ընդունված Իրավաբանների (Փաստաբանների) դերին վերաբերող հիմնարար սկզբունքներին (https://www.ohchr.org/en/instruments-mechanisms/instruments/basic-principles-role-lawyers), ԵԽ Նախարարների կոմիտեի՝ 2000 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված թիվ Rec(2000)21 հանձնարարականին (https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectId=09000016804d0fc8 ), Հատուկ զեկուցողի կողմից հրապարակված զեկույցներին (https://www.ohchr.org/en/documents/thematic-reports/ahrc5036-protection-lawyers-against-undue-interference-free-and), Խորհրդարանական Վեհաժողովի՝ 2020 թվականին ընդունված 2348 բանաձևին (https://pace.coe.int/en/files/28819/html ) և առաջադեմ պետությունների ու միջազգային մարմինների կողմից նախանշված իրավաբանի (փաստաբանի) մասնագիտության երաշխիքների, անկախ և անխոչընդոտ իրականացման եվրոպական գործիքի մշակման հայեցակարգային մոտեցումներին։ Նախագծով առաջարկվող փոփոխությունները հակասում են փաստաբանության ինստիտուտի նպատակներին և խնդիրներին։ Փաստաբանի կարգավիճակին բազմիցս անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ «առաջնահերթ ուշադրության արժանի հարցերից են փաստաբանի կարգավիճակն ու նրա դերի ճիշտ ընկալումը հասարակությունում։ Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը պայմանավորող գործոններից է: Ուստի, հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ չափազանց կարևոր է հասարակությունում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ իրավական ճիշտ մշակույթի ու ընկալումների արմատավորումը: Մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանին պետք է վերաբերվել նրա օրինավորության ու բարեխղճության կանխավարկածով» (https://ombuds.am/am/site/ViewNews/499): Մի կողմից՝ փաստաբանական գործունեությունն առանցքային նշանակություն ունի արդարադատության իրականացման գործընթացում, մյուս կողմից՝ բարեխիղճ և օրենքին համապատասխան գործելու փաստաբանի պարտականությունն ու բարձր պատասխանատվությունը, առաջացնում են փաստաբանի բարեխղճության կանխավարկածով առաջնորդվելու պետության իրավասու ներկայացուցիչների պարտականությունը (Փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքների վերաբերյալ, https://www.ombuds.am/images/files/58416236aa023802cbe6b1d7cc383811.pdf, էջ 29): Կադաստրի կոմիտեն, սակայն, ղեկավարվել է ոչ թե բարեխղճության և օրինականության կանխավարկածով, այլ հակառակը՝ տեղեկատվության անհիմն, անբարեխիղճ ստացման և տնօրինման կանխավարկածով՝ նշելով, որ «փաստաբանի արտոնագիր ունենալը չի կարող բավարար պայման հանդիսանալ տեղեկատվության տրամադրման համար, քանի որ տեղեկատվության պահանջը կարող է նաև պայմանավորված չլինել կոնկրետ գործով և որոշակի անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ»։ Սրանով Նախագծի հեղինակը փաստաբանին դիտել է ոչ թե օրենքով իրավապաշտպան գործունեության իրականացնող, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովող հասարակության հատուկ սուբյեկտ, այլ «արտոնագիր ունեցող» անձ, ինչը բացարձակ անարգանք է փաստաբանության ինտիտուտի և ամբողջ փաստաբանական համայնքի նկատմամբ։ Բացի այդ, Նախագծի հեղինակը չի ներկայացրել վիճակագրություն կամ հաստատված տեղեկատվության օրենքով սահմանված հնարավորությունը չարաշահելու կամ իրավաբանական օգնություն տրամադրելու պարտավորություններից դուրս օգտագործելու մասին։ Անհիմն է նաև այն պատճառաբանությունը, որ «Նշված փոփոխության նախատեսումը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիների և վերոնշյալ սուբյեկտների միջև հարաբերությունները հանրային իրավունքի ոլորտում չեն ծագում», քանի որ Վճռաբեկ դատարանը 13․05․2022թ․ թիվ ԵԴ/38635/02/19 քաղաքացիական գործող կայացված որոշմամբ արձանագրել է, որ «յուրաքանչյուրի` սահմանադրորեն երաշխավորված որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովումն ուղղված է հանրային շահի սպասարկմանը, ուստի նշված գործառույթի իրականացման առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերն ունեն հանրային բնույթ։ (…) ընդգծելով, որ հանրային իրավահարաբերություններում որպես հանրային իշխանության կրող կարող են հանդես գալ ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, այլև պետության կողմից օրենքով պատվիրակված հանրային գործառույթ իրականացնող մասնավոր անձինք:Հաշվի առնելով վերոգրյալը՝ փաստաբանի և վստահորդի միջև հարաբերությունները ուղղված են հանրային շահի սպասարկմանը և մասնավոր համարվել չեն կարող։ Նախատեսվող սահմանափակման առնչությամբ Առաջարկվող կարգավորումը հակասում է միջազգային ներքոնշյալ սկզբունքներին և կարգավորումներին, մասնավորապես․ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» Rec (2000) 21 հանձնարարականով ընդգծվել է իրավաբանների և իրավաբանական միությունների հիմնարար դերը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ապահովելու գործում: Հանձնարարականի 7-րդ կետի համաձայն․ «Չպետք է խոչընդոտվի փաստաբանների դատարան դիմելու իրավունքը, որում նրանք որակավորված են ներկայացնել և պետք է ունենան հասանելիություն բոլոր վերաբերելի նյութերին՝ իրենց վստահորդների իրավունքները և օրինական շահերը պաշտպանելիս իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան»։ «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների» համաձայն` կառավարությունները և իրավաբանների արհեստակցական միավորումները օժանդակում են օրենքին համապատասխան մարդկանց իրավունքների ու պարտականությունների մասին և նրանց հիմնարար ազատությունները պաշտպանելու գործում իրավաբանների ունեցած կարևոր դերի մասին նրանց իրազեկելուն ուղղված ծրագրերի իրականացմանը (...): ստորև բերված հիմնական սկզբունքները, որոնք ձևակերպվել են անդամ պետություններին աջակցելու իրավաբանների պատշաճ դերը խթանելու և ապահովելու գործում, պետք է հարգվեն և հաշվի առնվեն կառավարությունների կողմից՝ իրենց ազգային օրենսդրության և գործունեության շրջանակներում և պետք է ներկայացվեն իրավաբանների, ինչպես նաև այլ անձանց, ինչպիսիք են դատավորները, դատախազները, գործադիր և օրենսդիր մարմնի անդամները և ընդհանրապես հանրության ուշադրությանը: Այս սկզբունքները, ըստ անհրաժեշտության, կիրառվում են նաև այն անձանց նկատմամբ, ովքեր իրականացնում են իրավաբանական գործառույթներ՝ չունենալով պաշտոնական կարգավիճակ։ Սկզբունքները ամրագրում են նաև իրավաբանների կողմից իրենց պարտականությունների կատարման երաշխիքները․ «16. Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները ա) կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում. 21-րդ սկզբունքի համաձայն․ «Իրավասու մարմինները պարտավոր են իրավաբանների համար ապահովել իրենց տրամադրության տակ կամ իրենց վերահսկողության ներքո գտնվող անհրաժեշտ տեղեկությունների, գործերի ու փաստաթղթերի բավականաչափ վաղօրոք մատչելիությունը, որպեսզի իրավաբանները հնարավորություն ունենան արդյունավետ իրավաբանական օգնություն ցույց տալու իրենց հաճախորդներին: Նման մատչելիություն պետք է ապահովվի` հենց որ դրա անհրաժեշտությունն առաջանա»: Ի լրումն ՄԱԿ-ի հիմնական սկզբունքների, Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պարտավոր են պահպանել այն նվազագույն չափորոշիչները, որոնք ամրագրված են Նախարարների կոմիտեի թիվ R(2000)21 հանձնարարականում փաստաբանի մասնագիտության ազատության վերաբերյալ: Թեև միջազգային իրավական փաստաթղթերը հստակորեն արգելում են պետության միջամտությունը իրավաբանի մասնագիտությանը, այն հատուկ գործողությունները, որոնք հանգեցնում են արգելված «միջամտության» միշտ չէ, որ հստակորեն բացահայտված են: Նաև փաստաբանների պաշտպանության ապահովումը ներառում է ինչպես նեգատիվ պարտավորություն՝ չմիջամտելու, այնպես էլ պոզիտիվ պարտավորություն՝ ստեղծելու ներպետական ​​օրենսդրական դաշտ, որը երաշխավորում է փաստաբանների աշխատանքի արդյունավետությունը: Հաշվի առնելով մի շարք անդամ երկրներում փաստաբանների վերաբերյալ աճող մտահոգությունը, Վեհաժողովը 2018 թվականին կոչ արեց Նախարարների կոմիտեին մշակել իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ՝ ի դեմս փաստաբանի մասնագիտության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի, որը նաև ներառում է վերահսկողության խիստ անհրաժեշտ մեխանիզմը (https://pace.coe.int/en/files/28726/html ): Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․ «2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով»: Վերոգրյալից բխում է, որ պետությունը` որպես մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխավոր, պարտավոր է ապահովել յուրաքանչյուրի` որակյալ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը: Սահմանադրական փոփոխություններով պետությունը սահմանադրական մակարդակի է բարձրացրել փաստաբանության` որպես որակյալ իրավաբանական օգնություն տրամադրող ինստիտուտի դերը (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 5-ի թիվ ՍԴՈ-1263 որոշումը)։ Նշվածից հետևում է, որ պետությունը հասարակության և յուրաքանչյուր անհատի հանդեպ իր՝ վերը նշված հիմնարար պարտականության պատշաճ իրացնելու համատեքստում կոնկրետ պարտականություններ ունի փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, և այդ պարտականությունն ամենևին չի սահմանափակվում միայն ձևական երաշխիքներով՝ փաստաբանության վերաբերյալ օրենք ընդունելով, հանրային պաշտպանի գրասենյակին պետական բյուջեից միջոցներ հատկացնելով, փաստաբանության ինքնակառավարման երաշխիքներ սահմանելով։ Խոսքը վերաբերում է փաստաբանության համար արդյունավետ գործելու պայմաններ ստեղծելու պետության պարտականությանը։ Նախևառաջ, անհրաժեշտ է ապահովել փաստաբանի գործունեության երաշխիքներ, մասնավորապես արգելել փաստաբանի անկախությանը և փաստաբանական գործունեությանը պետական մարմինների կողմից միջամտության ցանկացած փորձ (http://www.ysu.am/files/Nelli_Harutyunyan_90-96.pdf, էջ. 94):

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

27.08.2022

Գտնում ենք, որ Նախագիծը զուրկ է պատշաճ հիմնավորումից և շոշափելի ռիսկեր է պարունակում ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածով հռչակված՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի և, կոնկրետ դեպքում որպես դրա հետևանք, Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված՝ արդար դատաքննության իրավունքի իրացման հնարավորության տեսանկյունից։ Առաջարկվող իրավակարգավորումն ընդունվելու պարագայում անկասկած անդրադառնալու է Հայաստանի Հանրապետությունում անձանց մատուցվող իրավաբանական ծառայությունների արդյունավետության և որակի վրա։ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը (18-րդ հոդվածի 3-րդ մաս), ընդգծելով փաստաբանների դերը ՀՀ-ում պրոֆեսիոնալ և որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերելու ոլորտում, սահմանում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվության մատչելիության ապահովման գործիքները լրացնող դրույթներ, մասնավորապես՝ նախատեսում է փաստաբանների իրավունքը դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով և վերջիններիս պարտականությունը փաստաբանին տրամադրելու պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Այս իրավունքի իրացումը գործնականում իրագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ հնարավորություն տալով փաստաբաններին ստանալ իրենց վստահորդների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ ոչ միայն ՀՀ կադաստրի կոմիտեից, այլ նաև Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, Ճանապարհային ոստիկանությունից, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից։ Նախագծի հեղինակը այն հիմնավորելու համար նշում է, որ « (․․․) փաստաբանի արտոնագիր ունենալը չի կարող բավարար պայման հանդիսանալ տեղեկատվության տրամադրման համար, քանի որ տեղեկատվության պահանջը կարող է նաև պայմանավորված չլինել կոնկրետ գործով և որոշակի անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ: Վստահորդի շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում փաստաբանը համապատասխան հարցումը կարող է կատարել լիազորագրի հիման վրա:»։ Այսպիսով նախագծի հեղինակն, այսպիսով, հաշվի չի առել այն պարզ իրողությունը, որ վստահորդի շահերը պաշտպանելու համար միշտ չէ, որ փաստաբանին անհրաժեշտ է հարցում կատարել հենց այն գույքի վերաբերյալ, որի նկատմամբ գրանցված է իր վստահորդի որևէ գույքային իրավունքը (ինչպիսի պայմաններում միգուցե հիմնավոր կլիներ լիազորագրի հիման վրա նման հարցում կատարելու պահանջը)։ Ճիշտ հակառակը՝ տրամաբանական է, որ վստահորդի շահերի պաշտպանության նպատակով ավելի հաճախ ծագում է փաստաբանի կողմից այլ անձանց (այդ թվում պոտենցիալ դատավարական հակառակորդի) գույքի/գույքային իրավունքների վերաբերյալ հարցումներ կատարելու և տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունը։ Ավելին՝ գործնականում բազմաթիվ են իրավիճակները, երբ վստահորդի շահերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ձեռք բերել մահացած անձանց գույքի/գույքային իրավունքների վերաբերյալ տեղեկություններ և այդ պարագայում ևս անհասկանալի է, թե ինչպես է Նախագծի հեղինակը պատկերացնում անձանց իրավունքների իրացման մեխանիզմը։ Ընդ որում, այս հարցերն առավել ակտուալ են այն պայմաններում, երբ հենց այդ հարցումներին ի պատասխան ակնկալվող տեղեկատվությունն է, որ կարող է ստեղծել փաստական հիմքեր և հնարավորություն փաստաբանի վստահորդի իրավունքների դատական պաշտապանության գործընթաց նախաձեռնելու համար։ Իսկ քննարկվող գործիքի չեզոքացումը կբերի մի իրավիճակի, երբ անձինք բազմաթիվ դեպքերում պարզապես չեն ունենալու հնարավորություն ձեռք բերելու իրենց իրավունքների խախտման փաստական հիմքերը և որպես հետևանք իրացնելու իրենց դատական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու, արդար դատաքննության հիմնարար իրավունքները և իրենց քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցերով դիմելու դատարան։ Հիմք ընդունելով նշված հիմնավորումները՝ առաջարկում ենք շրջանառությունից հանել Նախագիծը/դրա՝ փաստաբանների իրավունքի սահմանափակմանը վերաբերող մասը։

See more