Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
28.07.2022
10. Նախագիծն, ինչպես և գործող օրենքը, չի նախատեսում հնարավորություն՝ դիմելու տեղեկատվությունը գաղտնիքի շարքին դասած մարմնին՝ այն գաղտնազերծելու առաջարկությամբ: Այս հնարավորությունն անհրաժեշտ գործիք է, որը կարող է ապահովել այլևս գաղտնի պահելու արդիականությունը կորցրած, սակայն դեռևս պարբերական վերանայման արդյունքում չվերագնահատված տեղեկությունը՝ հանրության համար մատչելի դարձնելու նպատակով: Տեղեկատվության գազտնազերծման նշված հիմքի սահմանումը լիովին բխում է նաև միջազգային լավագույն փորձից (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս նույն տեղում, էջ 111, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf։ ): • Առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածը լրացնել՝ նախատեսելով դրույթ, որը կսահմանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների իրավունքը՝ տեղեկությունը գաղտնագրած պետական մարմին/պաշտոնատար անձին ներկայացնելու այն գաղտնազերծելու հիմնավորված առաջարկություն՝ սահմանելով այդ առաջարկությունը քննարկելու մեկամսյա ժամկետ: 11. Նախագծի 29-րդ հոդվածը սահմանում է, որ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության խախտման համար մեղավոր անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն: Միևնույն ժամանակ գործող օրենսդրությունը պատասխանատվություն է նախատեսում միայն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ապօրինի բացահայտման (տարբեր եղանակներով) դեպքերում: Այդպիսով, տեղեկատվության ապօրինի բացահայտման հետ չկապված խախտումների և հատկապես գաղտնագրման լիազորության չարաշահումների, այդ թվում՝ տեղեկատվությունն ապօրինի գաղտնագրելու, անհրաժեշտից ավել ժամանակահատվածով գաղտնագրելու և գաղտնազերծման ենթակա տեղեկությունները սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար ո՛չ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և ո՛չ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն չեն նախատեսում: Խիստ խնդրահարույց է այսչափ տարբերակված, չհավասարակշռված մոտեցումն այն պարագայում, երբ, թե՛ միջազգային չափորոշիչների և թե՛ ՀՀ օրենսդրության («Տեղեկատվության ազատության մասին» օրենք) համաձայն, գործում է հենց տեղեկատվության ազատության կանխավարկածը, իսկ դրա սահմանափակումը կարող է տեղի ունենալ խիստ որոշակի դեպքերում, պետք է լինի համաչափ ու հիմնավորված: Այլ կերպ ասած, եթե պետությունը սահմանում է պատասխանատվություն դասակարգված տեղեկատվության ապօրինի բացահայտման համար, պետք է սահմանի պատասխանատվություն նաև տեղեկատվության ոչ իրավաչափ, չհիմնավորված գաղտնագրման և տեղեկատվությունը ժամանակին չգաղտնազերծելու համար՝ այդ կերպ որոշակիորեն չեզոքացնելով պետական մարմինների՝ անձի՝ տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու չարաշահման ռիսկը: Նման պատասխանատվության բացակայությունը ՀՀ օրենսդրությունում տրամաբանական և արդարացված չէ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ տեղեկատվության ազատության իրավունքի մի շարք այլ ոչ օրինական սահմանափակումների, խախտումների համար նույն օրենսդրությունը սահմանում է պատասխանատվություն (ՎԻՎՕ 1897, 975, 976 հոդվածներ): Առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսել դրույթ՝ տեղեկությունները ապօրինի կամ չհիմնավորված կերպով պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, անհրաժեշտից ակնհայտ ավել ժամանակահատվածով գաղտնագրելու, տեղեկությունները գաղտնի պահելու անհրաժեշտությունն օրենքով սահմանված պարբերականությամբ չվերանայելու և տեղեկատվությունը սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: Որպես պատասխանատվություն սահմանել տուգանք 30.000 – 150.000 ՀՀ դրամի չափով, իսկ արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար՝ 150.000-300.000 ՀՀ դրամի չափով (պատասխանատվության միջոցները համաչափ կլինեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897 հոդվածում տուգանքի առաջարկվող չափերին-Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 119-120 էջերում, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf): 12. «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև գործող օրենսդրությունը չի նախատեսում տեղեկությունները գաղտնագրելու, գաղտնի պահելու անհրաժեշտության պարբերական վերանայման, գաղտնազերծման գործընթացների օրինականության նկատմամբ անկախ մարմնի կողմից վերահսկողության ընթացակարգեր: Առկա վերահսկողությունն իրականացվում է բացառապես գաղտնիքի պաշտպանության ապահովման, այլ ոչ պետական գաղտնիքի հետ աշխատելու ամբողջ գործընթացի, այդ թվում՝ տեղեկությունները գաղտնագրելու, գաղտնի պահելու անհրաժեշտության պարբերական վերանայման, գաղտնազերծման գործընթացների օրինականության նկատմամբ: Միաժամանակ միջգերատեսչական վերահսկողությունն իրականացնող մարմինը Ազգային անվտանգության ծառայությունն է, որն անկախ մարմին համարվել չի կարող՝ հաշվի առնելով թե՛ Կառավարությանն ու անմիջականորեն վարչապետին ենթակայությունը և թե՛ իր գործունեության բնույթն ու նպատակը, այն է՝ ազգային անվտանգության ապահովումը: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ