Հարկային վարչարարության շրջանակներում իրավաչափ է բանկային և ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկատվությունը ստանալու գործողությունները, քանի որ դրանք հետապնդում է լեգիտիմ նպատակներ: Սակայն խնդրահարույց է նախագծով սահմանված ընթացակարգը, մասնավորապես համալիր հարկային ստուգման պլանավորման ընթացքում այդպիսի գաղտնիք համարվող տեղեկատվություն ստանալը վիճելի է, քանի որ այդ ժամանակ վարչական մարմինը չի իրականացնում վարչարարություն և տեղեկատվություն ստանալը, դրանք վերլուծելը համահունչ չեն համալիր հարկային ստուգման պլանավորման բովանդակությանը: Այդ փուլում նմանատիպ տեղեկատվություն ստանալը նշանակում է, որ հարկային մարմինը ապագա ստուգման ընդառաջ իրականացնում է որոշակի տվյալների ստուգում (տվյալների հետազոտություն, ուսումնասիրություն, համեմատում և այլն), փաստացի այդ փուլը վերածելով տնտեսվարող սուբյեկտի գործունեության քողարկված ստուգում: Հաջորդիվ նախագծով սահմանված է, որ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունները ստանալուց առաջ հարկային մարմինը հարցում է կատարում հարկ վճարողին, իսկ պատասխանի բացակայության կամ թերի լինելու դեպքում բանկին կամ ապահովագրական կազմակերպությանը: Սակայն օրենքի նախագծով սահմանված չէ որևէ կարգավորում հարկային մարմնի կողմից նմանատիպ հարցումներ կատարելու ժամանակ պատճառաբանություն և հիմնավորում ներկայացնելու պարտականության մասին: Դա էական նշանակություն ունի կամայական և անօրինական հարցումները բացառելու նպատակով և հնարավորություն է տալիս հետագայում դրա իրավաչափությունը ստուգելու ժամանակ քննել, արդյո՞ք կոնկրետ իրավիճակում հարկային մարմնի կողմից իրականացվող հարցումը իրավաչափ է թե եղել է կամայական: Առաջարկում ենք հարցման հիմքում ընկած լինի հարկային մարմնի ղեկավարի որոշումը, որը կարող է պարունակել հիշատակված հիմնավորումները և պատճառաբանությունները և կարող է իրավական հիմք հանդիսանալ հիշատակված գործողությունները իրականացնելու համար: Հարկային մարմնի ղեկավարի համապատասխան որոշման հիման վրա հարցում կատարելու կանոնը նաև հնարավորություն կտա բարձրացնել այդպիսի իրավունքների սահմանափակումների վերաբերյալ հարկային վերադաս մարմնի /ների/ վերահսկողության և նվազեցնել իրավունքների չարաշահումները և կամայականությունները: Օրենքի նախագծում նաև սահմանված չէ թե ինչ է նշանակում «հարցմանը կցելով հարցումը հիմնավորող փաստաթղթերը» արդյո՞ք դրանք վկայակոչված հիմնավորումները և պատճառաբանություններն են թե դրանք հարկ վճարողին ծանուցելու վերաբերյալ ապացույցներն են: Գտնում եմ, որ եթե գաղտնիք համարվող տեղեկությունները տրամադրելու համար պետք է ներկայացվի հիմնավորող փաստաթղթեր, ապա դրանք նույնպես պետք է ներկայացվեն հարկ վճարողին: Օրենքի նախագծում առկա չէ կանոններ այն տեղեկատվության վերաբերյալ, որոնք հարկային մարմնի կողմից ստացվել են, սակայն այլևս պիտանի չեն, արդյո՞ք դրանք ոչնչացվում են, եթե ոչ ապա ինչպես է որոշվում այդ տեղեկատվության ճակատագիրը: Առաջարկում եմ օրենքով սահմանված բանկային և ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունները պահանջվեն և ստանան դատական կարգով՝ հարկային մարմնի ղեկավարի որոշման և դիմումի հիման վրա, որը հնարավորություն կտա հարկային մարմիններին ստանալ հարկ վճարողների վերաբերյալ տեղեկությունները, իսկ այդ սահմանափակումները կկրեն իրավաչափ բնույթ, քանի որ իրականացվել է դատական կարգով: Դա ևս մեկ հնարավորություն է ապահովել գաղտնիք համարվող տեղեկությունների տրամադրման օրինականությունը, կամայական վարքագծի բացառումը և ապահովել իրավական սկզբունքների ապահովումը: Հարկ է նշել նաև, որ նմանատիպ ընթացակարգեր են գործում քրեական արդարադատության շրջանակներում, որը, գտնում եմ, պաշտպանում է ավելի կարևոր և էական հանրային շահեր, այդ թվում պետական անվտանգություն հասարակական կարգ, մարդու կյանքի և առողջության իրավունք և այլն: Այսպիսով, պետք է հստակ հիմնավորել, թե ինչու և ինչ պայմաններում է հարկային մարմնի կողմից հայցվող տեղեկությունները արտադատական կարգով ստանալը ի տարբերության քրեական արդարադատության՝ իրավաչափ մոտեցում: Հաջորդիվ հիմնավորման մեջ առկա էր դրույթ ֆիզիկական անձանց բանկային տվյալները ստանալու վերաբերյալ, մասնավորապես առկա է այսպիսի ձևակերպում «Գործող իրավակարգավումներով՝ հարկային հսկողության ընթացքում առանց այդ ֆիզիկական անձանց բանկային հաշիվների շարժերի տիրապետման գրեթե անհնար է բացահայտել նման սխեմաներով եկամուտների թերհայտարարագրումները։» Կարող ենք ասել, որ հիշատակված նախագիծը նաև մեկնաբանվում է որպես հարկ վճարող իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ պայմանագրային կամ այլ իրավաբանական բնույթ ունեցող հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձանց հարկային և ապահովագրական գաղտնիքի բացահայտում թե ոչ: Գտնում եմ, որ վկայակոչված միջազգային փորձից և միջազգային կառույցների մեկնաբանություններից չի բխում, որ իմ կողմից ներկայացված առաջարկությունները հիմնավոր չեն: