Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

   

«Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  առկա ստորև նշված խնդիրների լուծմամբ:

Մասնավորապես. «Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ ՔՕ Նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքում իրավական որոշակիության ապահովման կարևորագույն նպատակը, քանի որ քրեաիրավական նորմերը պետք է լինեն խիստ որոշակի և բացառեն տարաբնույթ մեկնաբանություններ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

ՔՕ Նախագծով նախատեսվում է Օրենսգրքի 297-րդ (խուլիգանությունը) հոդվածի 3-րդ մասը, որը սահմանում է. Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով,   խմբագրել:

Խմբագրելով հիշյալ նորմը, նախատեսվում է դրանում առկա «մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի» եզրույթները հանել, քանի որ իրավակիրառ պրակտիկայում այն ապացուցման տեսանկյունից առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ:

Նախ հարկ է ընդգծել, որ համաձայն ՀՀ քրեական նոր օրենսգրքի 297-րդ հոդվածի` «(…)

(3) Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»

Այսպիսով՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշ է արարքը «զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով» կատարելը:

Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ գործող օրենսդրությամբ, այն է՝ ՀՀ 2003 թվականի քրեական օրենսգրքով տվյալ հանցակազմի ձևակերպումն այլ է և համաձայն 258-րդ հոդվածի 4-րդ մասի (վերջին խմբագրություն) օգտագործվում է «զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝» արտահայտությունը:

Ինչպես երևում է, նոր և գործող քրեական օրենսգրքերը ծանրացնող հանգամանքներում կատարված խուլիգանության հանցակազմի քննարկվող հատկանիշը նկարագրելիս օգտագործում են տարբեր ձևակերպումներ.

  • մեկը՝ «որպես զենք օգտագործվող առարկաների գործադրում» (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 258-րդ հոդված),
  • իսկ մյուսը՝ «մարմնական վնասվածքներ պատճառելու համար նախատեսված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրում» (ՀՀ նոր քրեական օրենսգրքի 297-րդ հոդված):

Ինչպես նկատում ենք նշված ձևակերպումների միջև առկա է ոչ միայն խմբագրական (ոչ նորմատիվային), այլև նորմատիվային տարբերություն. ՀՀ նոր քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի տեքստում ներառվել է մարմնական վնասվածքներ պատճառելու (կենդանի նշանակետ խոցելու) համար օգտագործվող առարկայի կամ միջոցի այն հատկանիշը, որ դա պետք է հատուկ հարմարեցված  կամ նախապես պատրաստված լինի մարմնական վնասվածքներ հասցնելու համար:

Ինչ վերաբերում է գործող՝ 2003 թվականի քրեական օրենսգրքին, ապա արարքը որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության հանցակազմով որակելու համար անհրաժեշտ չէ, որ այդ առարկաները հատուկ հարմարեցված լինեն. դրանք կարող են վերցված լինել նաև դեպքի վայրում:

Քննարկվող իրավանորմի դիսպոզիցիայի կառուցվածքից որպես զենք օգտագործվող առարկաների՝  հատուկ հարմարեցված  կամ նախապես պատրաստված լինելու հատկանիշի դուրս բերումը պետք է գնահատել որպես խնդրո առարկայի վերաբերյալ օրենսդրի մոտեցման ակնհայտ փոփոխություն՝ պայմանավորված դեպքի վայրում վերցված առարկաները որպես զենք օգտագործելու հետ զուգորդված խուլիգանության հանրային վտանգավորության վերագնահատմամբ:

Եթե նախկինում դրա աստիճանը գնահատելիս օրենսդիրն էական նշանակություն էր տալիս որպես զենք օգտագործվող առարկայի գործադրման վաղօրոք ծագած դիտավորությանը, ապա ներկայում առավել էական է ինքնին գործադրման փաստը:

Այսպիսով, Նախագծի մշակման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ խուլիգանության արդյունքում խաթարվող հասարակական հարաբերությունների բնույթը, ինչպես նաև տուժողին հասցվող վնասի աստիճանը էապես պայմանավորված չպետք է լինի այն հանգամանքով, թե հանցագործության գործիքը՝ որպես զենք օգտագործվող առարկան, հատուկ հարմարեցված կամ նախապես պատրաստված հարմարեցված է, թե ոչ, և այն հանցավորի կողմից բերվել է, թե վերցվել է դեպքի վայրից:

Հետևապես, իրավական որոշակիությունն ապահովելու և իրավակիրառ գործունեության ընթացքում բարդություններից խուսափելու նպատակով, առաջարկվում է ՀՀ նոր քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի ծանրացնող հանգամանքը խմբագրել, քանի որ Նոր Օրենսգրքում առկա ձևակերպման պայմաններում իրավակիրառն առնչվելու է արարքի որակման խնդրին:

Իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ հանցագործության վայրից անձը կատարելով խուլիգանության արարք, վերցնում է  շիշ, քար և այլ ու դիտավորությամբ վնասում տուժողին, որոնք էապես մեծացնում են անձի արարքի հանրային վտանգավորությունը և որպես կանոն դրանք իրենց վտանգավորության աստիճանով չեն զիջում նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկային կամ միջոցին: 

Ուշագրավ է նաև, որ քննարկվող հարցի վերաբերյալ Վճռաբել դատարանն իր մի շարք որոշումներում ևս անդրադարձել է քննարկվող հարցին:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով առաջարկվում է խմբագրել ՀՀ նոր քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասը և ամրագրված ծանրացնող հանգամանքը, այն է. մարմնական վնասվածքներ պատճառելու (կենդանի նշանակետ խոցելու) համար օգտագործվող առարկայի այն հատկանիշը, որ դա պետք է հատուկ պատրաստված կամ հարմարեցված լինի մարմնական վնասվածքներ հասցնելու համար, հանել քննարկվող հոդվածից:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Քննչական կոմիտե:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

  Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորումներ կստանան ՀՀ նոր քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված ծանրացնող հանգամանքներում կատարված արարքի որակման վերաբերյալ ընթացակարգերը:  Մասնավորապես, Նախագծով նախատեսված փոփոխության հիմքում ընկած է այն մոտեցումը, որ նոր Օրենսգրքով, ինչպես ներկայումս է նախատեսված (258 հոդ. 4-րդ մաս) տուժողին հասցվող վնասի աստիճանը էապես չպետք է պայմանավորված լինի այն հանգամանքով, թե հանցագործության գործիքը՝ որպես զենք օգտագործվող առարկան, հատուկ նախապես պատրաստված կամ հարմարեցված է, թե ոչ, և այն հանցավորի կողմից բերվել է, թե վերցվել է դեպքի վայրից:

 

 

 

  1. Լրացուցիչֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Օրենքի նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքում փոփոխություն  կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

 

 

ՀՀ քննչական կոմիտե

 

  • Discussed

    19.05.2022 - 19.06.2022

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    RA Investigative Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5484

Print