Add to favourites

The project has not been accepted

«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է ՀՀ-ում գործող տարբեր իրավունքների պետական գրանցումն ապահովող համակարգերի միասնական և սինխրոնացված գործադրման անհրաժեշտությամբ: Պետական ռեգիստրներում առկա տեղեկատվության արդիական լինելը կարևոր գործոն է գործարքների և ակտիվների հետ կապված այլ գործողությունների սահուն և առանց խնդիրների իրականացման համար: Արժեթղթավորման կոնտեքստում ներգրավված ռեգիստրները այժմ չունեն իրավական հիմք՝ տեղեկատվության բազաները սինխրոն վարելու և տեղեկատվություն փոխանակելու համար:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Այսպես՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի և ակտիվներով ապահովված արժեթղթերի կոնտեքստում այդ արժեթղթերից բխող իրավունքների ապահովման համար գրավը գրանցվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարվող ռեգիստրում: Գրավը հիմնականում անշարժ գույքով ապահովված վարկեր են, սակայն հնարավոր է գրավի առարկա լինեն նաև որոշ այլ ակտիվներ: Իրենց հերթին, օրինակ, անշարժ գույքով ապահովված վարկերի հիմքում ընկած անշարժ գույքի գրավը գրանցվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից: Տվյալ վարկը արժեթղթերի ապահովման զամբյուղում ներառելու պարագայում անհրաժեշտություն է առաջանում գրանցել նաև անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի տնօրինման սահմանափակում, քանի որ համաձայն արժեթղթավորումը կարգավորող օրենսդրության՝ տվյալ վարկերի փոփոխումը կամ օտարումը արգելված է առանց Կենտրոնական բանկի թույլտվության, քանի դեռ այդ վարկը գտնվում է Կենտրոնական բանկի կողմից պահվող ռեգիստրում որպես արժեթղթերի ապահովման միջոց:

Ստացվում է, քանի որ ապահովվածությունը երկշերտ է, այն է՝ պարտատոմսերի ապահովում է հանդիսանում հիփոթեքային վարկը, իսկ հիփոթեքային վարկի ապահովում է հանդիսանում անշարժ գույքը, երկու զուգահեռ ռեգիստր պետք է վարվեն իրար համահունչ և զուգահեռ:

Օրենքների կարգավորումները այժմ հնարավորություն չեն տալիս արագ և արդյունավետ երկու ռեգիստրների բազաները սինխրոնացնել, սահմանափակումները ՀՀ կենտրոնական բանկի կողմից արագ գրանցել, փոփոխել կամ դադարեցնել:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է օրենսդրական հիմք ստեղծել Կենտրոնական բանկի և համապատասխան պետական գրանցումն իրականացնող մարմնի համար՝ գործընթացը կարգավորելու, տեղեկատվության փոխանակման կարգ սահմանելու և արժեթղթավորման ընթացքը առանց խոչընդոտների իրականացնելու նպատակով: Օրենքի փոփոխության նպատակն է սինխրոնացնել պետությունում վարվող բազաները: Ուստի սահմանափակման հիմքը ձևակերպելիս, նախատեսվել է, որ այն գրանցվելու է պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից օրենքի հիման վրա:  

Նախագծերով տրված են ձևակերպումներ, որոնք կվերաբերեն ոչ միայն անշարժ գույքին, այլ բոլոր այն դեպքերին, երբ գրավի առարկա գույքի նկատմամբ իրավունքների գրանցումը նախատեսված է օրենսդրությամբ:

Նախագծով կարգավորված է նաև, որ եթե գրավը դադարում է օրենքով սահմանված հիմքերով, գրավը գրանցող մարմինն այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին՝ ԿԲ ռեգիստրում տեղեկատվության արդիականություն ապահովելու նպատակով: Օրինակ՝ ֆիզիկական անձի կողմից իր վարկի վաղաժամկետ մարումը հանգեցնում է գրավի դադարման, քանի որ հիմնական պարտավորությունը դադարում է: Բացառություն է տրված այն դեպքերի համար, երբ գրավը դադարում է գրավառուի նախաձեռնությամբ կամ կամաարտահայտմամբ (օրինակ գրավառուն և գրավատուն համաձայնություն են կնքում առ այն, որ գրավը դադարի): Այս դեպքերում պահանջվում է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից: Նախագծերը քննարկվել են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հետ:

 Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արժեթղթավորման գործընթացում Կենտրոնական բանկի կողմից վարվող և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վարվող ռեգիստրների տեղեկատվության փոխանակման համար:

Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Ակտը նորմատիվ բնույթի է, քանի որ Նորմատիվ իրավական ակտի նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ է և պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:  

  • Discussed

    28.03.2022 - 12.04.2022

  • Type

    Law

  • Area

    Financial

  • Ministry

    Central Bank of the Republic of Armenia

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4557

Print