«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի N 1264-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասը՝ ընդունվել է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1264-Ն որոշումը, որով հաստատվել են Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներն իրականացնող հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը և դրանց նստավայրերը:
Այժմ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը, մասնավորապես՝ դրանում ընդգրկելով հանրային ծառայությունների երկու նոր միասնական գրասենյակներ և երեք հարյուր ութսունվեց բժշկական կազմակերպություններ, որոնք իրականացնելու են ծննդյան և մահվան քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ:
2.Առկա իրավիճակը.
Ներկայում Կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1264-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածով նախատեսված են երեք միասնական գրասենյակներ, իսկ N 2 հավելվածում՝ 10 բժշկական կազմակերպություններ, որոնց կողմից իրականացվում են Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներ:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել այս ցանկը և մասնավորապես՝ ստեղծել երկու նոր միասնական գրասենյակներ Երևան և Վանաձոր քաղաքներում, որոնք, ի թիվս այլ գործառույթների, ներգրավված են լինելու քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչական ընթացակարգում, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ իրականացնելու իրավունք վերապահել նաև Առողջապահության նախարարության կողմից գործունեության թույլտվություն ստացած բժշկական այլ կազմակերպությունների։ Վերջիններիս իրավասու աշխատակիցները, շնորհիվ Հայաստանի Հանրապետության արդարադատության և առողջապահության համապատասխան էլեկտրոնային համակարգերի համակցման, օպերատիվ կերպով կընդունեն միայն ծննդյան և (կամ) մահվան գրանցման դիմումները, կմուտքագրեն դրանք և ՔԿԱԳ գործակալության կողմից դրանք ուսումնասիրելուց և հաստատելուց հետո էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստով և (կամ) թղթային եղանակով կտրամադրեն հասցեատերերին։ Քանի որ դիմողները, ըստ էության, գերազանցապես լինելու են տվյալ բժշկական հաստատություններում ծննդաբերած ծննդկանները (որպես միայնակ մայր կամ ամուսնու հետ), կամ լինելու են տվյալ բժշկական հաստատությունում հերձման (դատաբժշկական փորձաքննության) ենթարկվող մահացածի ընտանիքի անդամները կամ շահագրգիռ այլ անձինք, վերջիններս զերծ կմնան լրացուցիչ ժամանակի և ռեսուրսների ծախսից և հնարավորություն կունենան տեղում ձևակերպել ծննդի և մահվան պետական գրանցումները՝ ստանալով համապատասխան վկայականը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ սույն նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Որոշման N 1 և N 2 հավելվածում և դրանք վերաշարադրել՝ հաստատելով ավելի ընդարձակ ցանկ: Բացի այդ, առաջարկվում է նաև Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում կատարել լրացում և կարգավորման նպատակը հստակեցնելու նկատառմամբ սահմանել, որ Որոշման N 2 հավելվածով նախատեսված սուբյեկտները՝ բժշկական կազմակերպություններն, իրականացնելու են միայն ծննդյան և մահվան քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ:
3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման պարագայում կշարունակվի բազմազանեցվել և ապակենտրոնացվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնների՝ front office-ների համակարգը՝ ի կատարումն «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի համապատասխան դրույթների, ինչպես նաև առողջապահական համակարգն օպերատիվ կերպով կներգրավվի իր անմիջական իրավասության հետ կապված քաղաքացիական կացության ակտերի՝ ծննդյան և մահվան իրավական ձևակերպման աշխատանքներին՝ դյուրացնելով պետական վարչարարությունը, բարձրացնելով քաղաքացիներին մատուցվող ՔԿԱԳ ծառայությունների մատուցման արդյունավետությունը և հեշտացնելով հայցվող փաստաթղթերի ստացման գործընթացը, երբ ծննդյան և մահվան արձանագրման և պետական գրանցման փաստաթղթերի ստացման վայրերը գերազանցապես կհամընկնեն:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի N 1264-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում և (կամ) նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի N 1264-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 144-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ.-ի ռազմավարությունից։
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.2 կետի համաձայն՝ Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն և արդիական, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով թեթևացնել պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը: Պետության կողմից հանրությանը ծառայությունների մատուցման ուղղությամբ Կառավարությունը նախաձեռնելու է հետևյալ քայլերը.
- Արդիականացվելու են ծառայությունների համար տվյալների ռեգիստրները, այդ թվում՝ ապահովելով առկա թվային ռեգիստրների փոխգործելիությունը, իսկ ոչ թվային ռեգիստրների՝ թվայնացումն ու համակցելիությունը:
- Պետական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն ապահովելու նպատակով մշակվելու և ներդրվելու է ծառայությունների միասնական գրասենյակների արդիական մոդել:
- Սահմանվելու են պետական ծառայությունների մատուցման պատվիրակման ընթացակարգերը:
Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ.-ի ռազմավարության «Ռազմավարական ուղղություններ» ենթաբաժնում նշված է հետևյալը.
««Մեկ պատուհանի» սկզբունքով գործող միասնական գրասենյակի ստեղծում
Առաջնորդվելով նշված նպատակներով՝ նախատեսվում է պետական որոշ ծառայությունների մատուցման միասնական կենտրոնի ստեղծումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակ ստեղծելու հիմնական նպատակն է հանդիսանում մեկ տարածքային միավորում ընդգրկել պետական ծառայություններ մատուցող համապատասխան հիմնարկների սպասարկման կենտրոններ՝ իրավախորհրդատվության, դիմումների ընդունման և դրանց քննարկման արդյունքում ձևավորված փաստաթղթերի տրամադրման նպատակով:
Ծրագրի նպատակն է ոչ միայն հնարավորինս հարմարավետ դարձնել քաղաքացիների կողմից հայցվող հիմնական ծառայությունների մատուցումը, այլև բացառել դիմումի քննարկման արդյունքում որոշում կայացնող և դիմող հարաբերությունները: Արդյունքում, քաղաքացիների կողմից պահանջարկ ունեցող պետական ծառայությունների մատուցման տեղակայումը մեկ վայրում կնվազեցնի քաղաքացու տեղաշարժը վարչատարածքային շրջանների միջև՝ նվազեցնելով տրանսպորտային փոխադրումների ծախսերը, ինչպես նաև կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը կապված մատուցվող ծառայությունների հետ:
«Պետության կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակ» ծրագրով առաջին փուլում նախատեսվում է մեկ տարածքային միավորի կազմում տեղակայել արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության և Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման կենտրոնները՝ «մեկ պատուհանի» սկզբունքով:»։
Վերոնշյալ ռազմավարական փաստաթղթերում ամրագրված են հանրային ծառայությունների միասնական գրասենյակների միջոցով հանրային ծառայությունների համակարգի ունիֆիկացման և «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին դրանց միատեղ մատուցման նպատակը, ինչպես նաև հստակորեն սահմանված են այն արժեքային հիմքերը, որոնք ընկած են այս բարեփոխման հիմքում՝ հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացում և պետական ծառայությունների համընդհանուր հասանելիություն։
Նշյալի համատեքստում, ըստ այդ փաստաթղթերի՝ հանրությանը ծառայությունների մատուցմանը պետք է ներգրավվեն նաև մասնավոր սուբյեկտները՝ պատվիրակման (outsource) միջոցով։
Հիմք ընդունելով նշյալ ռազմավարական փաստաթղթերը՝ սույն նախագծով նախաձեռնվում է մի կողմից հանրային ծառայությունների միասնական գրասենյակի թվի ավելացում, իսկ մյուս կողմից ՔԿԱԳ ոլորտում սպասարկման կենտրոնի իրավասության տրամադրում բժշկական կազմակերպություններին՝ ծննդյան և մահվան քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասով։
Արդյունքում կբարձրանա հանրային ծառայությունների մատչելիության մակարդակը՝ նոր միասնական գրասենյակների ստեղծման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման ծառայություններ մատուցող նոր սուբյեկտների ներգրավման միջոցով։
-
Discussed
19.01.2022 - 03.02.2022
-
Type
Decision
-
Area
Civil acts registration, Public service
-
Ministry
Ministry of Justice
Views 3476
Print