Add to favourites

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

          «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ և լրացումներ նախաձեռնելը պայմանավորված է Օրենքով ամրագրված որոշ հասկացությունների հստակեցման, դրանց բովանդակության բացահայտման և Օրենքի արդյունավետ կիրառումն ապահովող նոր գործիքակազմերի ներդրման անհրաժեշտությամբ, մասնավորապես.

1.1. Օրենքի համաձայն՝ բռնագանձման ենթակա է անձին պատկանող այն գույքը, որը չի հիմնավորվում վերջինիս օրինական եկամուտներով: Գործնականում կարող են լինել իրավիճակներ, երբ անձին պատկանող մեկ միավոր գույքի ձեռքբերումը մասամբ հիմնավորվի վերջինիս օրինական եկամուտներով: Այդ պայմաններում բռնագանձման ենթակա կլինի միայն գույքի ապօրինի (օրինական եկամուտներով չհիմնավորվող) մասը: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 22-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկ միավոր գույքի բաժին» բառերից հետո լրացնել «մաս» բառով, որպեսզի այն սխալմամբ չընկալվի որպես բաժնային սեփականություն հանդիսացող գույքում անձին պատկանող բաժնեմաս:

1.2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ աձին պատկանող գույք է համարվում այն գույքը, որն ուսումնասիրվող ժամանակահատվածում տվյալ անձն անհատույց կամ փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է իր հետ փոխկապակցված անձի: Հաշվի առնելով, որ «իր հետ փոխկապակցված» բառերն ավելորդ են, քանի որ նույն մասի 7-րդ կետի համաձայն՝ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որին տվյալ անձն անհատույց կամ փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է գույք, համարվում է փոխկապակցված անձ: Նախագծով առաջարկվում է 5-րդ կետի «գ» ենթակետի «իր հետ փոխկապակցված» բառերը փոխարինել «այլ» բառով:

1.3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ իրավասու մարմինը կարող է սկսել ուսումնասիրություն, եթե «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք։

          Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում բացահայտված է «պաշտոնատար անձ» հասկացության բովանդակությունը, որի համաձայն՝ պաշտոնատար անձ է համարվում ուսումնասիրությունն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցրած անձը կամ այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն զբաղեցրած անձը։ Անձը համարվում է համարժեք պաշտոն զբաղեցրած, եթե իր իրականացրած գործառույթներին նույնական կամ նմանատիպ գործառույթներ իրականացնող անձն ուսումնասիրությունն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով համարվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձ:

          «Հանրային ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այդ օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաև հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա:

          Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։ Հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության պաշտոնը հաստիքային միավոր է, որը նախատեսված է պետական ծառայության առանձին տեսակների համար նախատեսված պաշտոնների անվանացանկով կամ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով:

          Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք դասակարգվում են խմբերի՝ պետական և համայնքային: Պետական պաշտոններն իրենց հերթին դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական, իսկ համայնքային պաշտոնները՝ քաղաքական, վարչական և հայեցողական:

          Այսպիսով, ակնհայտ է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հանրային պաշտոնները և հանրային ծառայության պաշտոնները տարբեր կատեգորիաներ են, որոնք չեն ներառում մեկը մյուսին: Ուստի Օրենքի գործող խմբագրությամբ «պաշտոնատար անձ» հասկացությունը չի ներառում հանրային ծառայության պաշտոնները:

          Արդյունքում, օրինակ՝ մարզպետի տեղակալի օգնականը կամ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարը հանդիսանում են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և վերջիններիս նկատմամբ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կարող է սկսվել ուսումնասիրություն, իսկ օրինակ՝ պետական եկամուտների կոմիտեի վարչության պետը կամ տարածքային զինվորական կոմիսարը հանդիսանում են հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք և վերջիններիս նկատմամբ նշված հիմքով ուսումնասիրություն չի կարող սկսվել:

          Գտնում ենք, որ այս մասով Օրենքի գործող կարգավորումը չի բխում դրա նպատակներից, համաչափ չէ հակակոռուպցիոն ռազմավարության տեսանկյունից, քանի որ ներառելով առավել ցածր ռիսկայնության պաշտոնյաներին, չի ներառում կոռուպցիոն տեսանկյունից բարձր ռիսկայնություն ունեցողներին: Բացի այդ, հանրային ծառայության մասին օրենքի ազդեցության ոլորտում գտնվող յուրաքանչյուր պաշտոնատար անձի նկատմամբ՝ լինի հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձ, հավասարապես կիրառելի են հանրային ծառայողի վարքագծի սկզբունքները և դրանից բխող վարքագծի կանոնները, անհամատեղելիության պահանջներիը, այլ սահմանափակումները և շահերի բախմանն առնչվող կարգավորումները:

Ելնելով վերոգրյալից, Նախագծով առաջարկվում է Օրենքի իմաստով «պաշտոնատար անձ» հասկացությունն ընդլայնել՝ 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում «հանրային պաշտոն» բառերից հետո լրացնելով «կամ հանրային ծառայության պաշտոն» բառերով:

1.4. Օրենքում «ուսումնասիրվող ժամանակահատված» հասկացության բովանդակությունը բացահայտված չէ, ինչը գործնականում կարող է հանգեցնել այդ հասկացության տարաբնույթ մեկնաբանման: Մասնավորապես, «ուսումնասիրվող ժամանակահատված» հասկացությունը կարող է մեկնաբանվել որպես մի ժամանակահատված, որի սահմաններով կաշկանդված է իրավասու մարմինը ապացույցների հավաքման գործընթացում, ինչպիսի մեկնաբանությունը թեպետ չի բխում Օրենքի տրամաբանությունից և համակարգային վերլուծությունից, սակայն կարող է անհարկի բարդությունների հանգեցնել:

Այսպես, Օրենքի տրամաբանությունից և նպատակներից ակնհայտ է, որ հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրությունը (ուսումնասիրություն) իրավասու մարմնի կողմից ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրանց՝ համապատասխան անձանց հետ կապերի վերաբերյալ ապացույցների հավաքման գործընթաց է, որն իրականացվում է Օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակներում: Մասնավորապես, Օրենքի իմաստով գույքի ապօրինությունը կապվում է դրա ձեռքբերմանն ուղղված միջոցների օրինականության հետ, այսինքն՝ պարզելու համար կոնկրետ գույքն օրինական է թե ոչ, իրավասու մարմինը պետք է պարզի դրա ձեռքբերման հանգամանքները, ապացույցներ ձեռք բերի այդ ուղղությամբ ծախսված միջոցների օրինականության վերաբերյալ:

Վերոնշյալի լույսի ներքո դիտարկելով ուսումնասիրության գործընթացը, ակնհայտ է, որ կոնկրետ գույքի օրինականությունը (կամ ապօրինությունը) պարզելու համար իրավասու մարմինը, որպես կանոն, պետք է ուսումնասիրի այդ գույքի ձեռքբերմանը նախորդող ժամանակահատվածը՝ պարզելու համար, արդյոք տվյալ անձը գույքի ձեռքբերման պահին կարող էր ունենալ բավարար միջոցներ, թե՞ ոչ: Իսկ այդ հանգամանքը պարզելու համար, իրավասու մարմինը պետք է ուսումնասիրի գույքի ձեռքբերման պահին նախորդող ժամանակահատվածում տվյալ անձի օրինական եկամուտներն ու վերջինիս կողմից կատարված ծախսերը: Օրինակ, եթե անձը մի որևէ պահի X գումարով ձեռք է բերել գույք, ապա այդ գույքի օրինականությունը որոշելու համար հարկավոր է պարզել արդյո՞ք տվյալ պահի դրությամբ այդ անձը կարող էր տնօրինել օրինական եկամուտներով ստացված X ծավալի գումար, թե՞ ոչ: Ի դեպ, գործարքին նախորդող ժամանակահատվածը, որն իրավասու մարմինը պետք է ուսումնասիրի վերոնշյալ հանգամանքը պարզելու նպատակով, չի կարող հստակ լինել և կախված է գործի հանգամանքներից: Հնարավոր է անձն այդ X գումարը ստացած լինի գործարքի նախորդ օրը, հնարավոր է կուտակած լինի դրան նախորդող տասը տարիների ընթացքում, ուստի այդ հանգամանքի պարզմանն ուղղված ապացույցների հավաքման գործընթացը չի կարող ունենալ ժամանակային սահմանափակում:

Մյուս կողմից, Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված է, որ ուսումնասիրություն սկսելու պահին ուսումնասիրվող ժամանակահատվածը չի կարող սահմանվել ավելի քան տասը տարին, միևնույն ժամանակ նախատեսված է, որ այդ ժամանակահատվածը կարող է երկարացվել ընդհուպ մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, եթե ուսումնասիրության նյութերով ի հայտ են գալիս նախապես սահմանված ժամանակահատվածից ավելի վաղ ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ կասկածներ, և այդպիսի գույքի ձեռքբերմանն առնչվող ապացույցները պահպանված են:

Նորմի ձևակերպումից ակնհայտ է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածը կապվում է ապօրինի ծագում ունեցող (բռնագանձման ենթակա) գույքի ձեռքբերման պահի հետ, իսկ որպես նոր ժամանակահատված սահմանելու հիմք նախատեսված է ոչ միայն նախապես սահմանված ժամանակահատվածից ավելի վաղ ձեռք բերված գույքի առկայությունը, այլ նաև այդպիսի գույքի ձեռքբերմանն առնչվող ապացույցների պահպանված լինելը: Այսինքն նշված նորմն ինքնին ենթադրում է, որ ուսումնասիրվող նոր ժամանակահատված սահմանելիս, իրավասու մարմինը պետք է արդեն իսկ տնօրինի համապատասխան ապացույցներ, իսկ այդպիսիք չեն կարող հայտնաբերվել, եթե չուսումնասիրվեն այդպիսիք պարունակող նյութերը:

Թեպետ բազմաթիվ գործերով արդեն իսկ կայուն դատական պրակտիկա է ձևավորվել առ այն, որ ուսումնասիրվող ժամանակահատվածը չի նույնանում ապացույցների հավաքման ժամանակահատվածի հետ, և նույնիսկ դատարանները տարբեր դատական ակտերում դիրքորոշումներ են հայտնել ուսումնասիրվող ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածներին վերաբերող նյութերի ստացման և հետազոտման անհրաժեշտության կապակցությամբ, գտնում ենք, որ հասկացության օրենսդրական ամրագրումն էլ ավելի կորոշակիացնի դրա բովանդակությունը և կբացառի հնարավոր տարընթերցումները և օրենքի տրամաբանությանը ոչ համահունչ մեկնաբանությունները:

Ելնելով վերոգրյալից, ակնհայտ է, որ «ուսումնասիրվող ժամանակահատված» հասկացությունն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, ուստի առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «ուսումնասիրվող ժամանակահատված» հասկացության բովանդակությունը բացահայտող 13.1-րդ կետով:

1.5. Գործնականում հնարավոր են դեպքեր, երբ իրավասու մարմնի կողմից իրականցվող ուսումնասիրության շրջանակներում տվյալներ ձեռք բերվեն առ այն, որ այլ անձի պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք: Մինչդեռ, Օրենքի առկա կարգավորումներով իրավասու մարմինը չունի լիազորություն սեփական նախաձեռնությամբ այդ անձի գույքի նկատմամբ սկսելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ: Գտնում ենք, որ տրամաբանական չէ այն իրավիճակը, երբ պետության իրավապահ համակարգի մաս կազմող իրավասու մարմինն իր իրավաչափ գործողություններով բացահայտի առերևույթ ապօրինություն (ապօրինի ծագում ունեցող գույք) և որևէ լծակ չունենա այդ ապօրինությունը վերացնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու կապակցությամբ: Նշված բացը լրացնելու նպատակով, հիմք ընդունելով Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ իրավասու մարմնի կողմից նաև սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն սկսելու հնարավորությունը, Նախագծով առաջարկվում է նախատեսել ուսումնասիրություն սկսելու նոր հիմք:

Այսպիսով, Նախագծով առաջարկվում Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել վերոնշյալ հիմքով ուսումնասիրություն նախաձեռնելու հնարավորություն նախատեսող նոր՝ 6-րդ կետով, իսկ 4-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1-րդ՝ առաջարկվող հիմքով ուսումնասիրություն նախաձեռնելու ժամկետները սահմանող մասով:

1.6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ իրավասու մարմինը հավաքում է նյութեր գույքի այլ տեսակի գույքով վերափոխման վերաբերյալ, սակայն գործնականում հնարավոր են դեպքեր, որ գույքը վերափոխվի ոչ թե այլ տեսակի գույքի, այլ՝ նույն տեսակի այլ գույքի։ Այդ նպատակով Նախագծով առաջարկվում է նշված կետից դուրս բերել «տեսակի» բառը։

1.7. Իրավասու մարմնի կողմից նախաձեռնվող ուսումնասիրության տևողությունը, պայմանավորված գործի բարդությամբ (կախված ուսումնասիրության շրջանակներում ներգրավված անձանց և ուսումնասիրվող գույքերի քանակից, միջազգային փոխօգնության շրջանակներում այլ պետություններից աջակցություն ստանալու անհրաժեշտությունից, գործով բազմադրվագ ֆինանսական գործառնությունների, «քողարկված» գործարքների առկայությունից և ուսումնասիրության տևողության վրա ազդեցություն ունեցող այլ էական հանգամանքներից), գործնականում կարող է գերազանցել Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված երկամյա ժամկետը: Մասնավորապես, Միջազգային համագործակցության կարգով ուղարկված հարցումներին, որպես կանոն, օտարերկրյա իրավասու մարմիններն արձագանքում են տևական ժամանակ հետո, շատ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ հարցումներ ուղարկելու, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը չունի որևէ լծակ օտերկրյա իրավասու մարմիններից պահանջելու հարցմանը պատասխանել սեղմ ժամկետներում։ Միաժամանակ, մասնագետ կամ փորձագետ ներգրավելու դեպքում, պայմանավորված ներկայումս փորձագիտական հիմնարկների գերծանրաբեռնվածությամբ, նշանակված փորձաքննությունները կարող են տևել ամիսներ, իսկ առանձնահատուկ բարդություն ներկայացնող և մեծածավալ գործերով՝ մինչև անգամ տարիներ։

 Հետևաբար, Նախագծով առաջարկվում է գործող երկու տարվա ժամկետի փոխարեն, որպես ուսումնասիրության առավելագույն ժամկետ սահմանել երեք տարին:

1.8. Օրենքի սկզբնական տարբերակի հիմնավորումներում անդրադարձ է կատարվել իրավասու մարմնի լիազորությունների շրջանակին, որում մասնավորապես նշված է․

«85. Լիազորությունների ծավալի որոշման համար հիմք են հանդիսացել հայցի նախապատրաստման և հարուցման համար դատախազությանը, ինչպես նաև փաստաբաններին հատկացված լիազորությունների շրջանակը: Ապացույցների հավաքման գործընթացում իրավասու մարմինը ձեռնարկում է պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազությանը, ինչպես նաև դատական ներկայացուցչության իրականացման համար փաստաբաններին վերապահված համարժեք գործողություններ, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից տեղեկատվության ստացում, մասնավոր անձանց հասանելի տվյալների ստացում և մասնագետների ներգրավում։   

  1. Ոլորտային առանձնահատկություններով պայմանավորված այդ շրջանակն ընդլայնվել է։ Մասնավորապես, նախագծով նախատեսվել է գաղտնիությամբ պաշտպանված ֆինանսական և այլ բնույթի ապացույցներ հավաքելու հնարավորություն՝ հաշվի առնելով, որ օրենքով նախատեսված հայցի ներկայացման համար նախապայման է հանդիսանում գույքի, դրա ձեռքբերման աղբյուրների և օգտագործման եղանակների վերհանումը։»։

Օրենքի հիմնավորումից ակնհայտ է, որ օրենսդրի նպատակն է եղել իրավասու մարմնին ապացույցների հավաքման գործընթացում օժտել ինչպես պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազությանը և դատական ներկայացուցչության իրականացման համար փաստաբաններին վերապահված ընդհանուր լիազորություններով, այնպես էլ լրացուցիչ (ընդլայնված)՝ գաղտնիությամբ պաշտպանված ապացույցներ հավաքելու լիազորությամբ։

Ելնելով վերոնշյալից՝ ակնհայտ է, որ իրավասու մարմինն ունի ինչպես բաց աղբյուրներից տեղեկություններ հավաքելու, այնպես էլ այլ անհրաժեշտ գործողություններ կատարելու լիազորություններ։

Այդուհանդերձ, իրավասու մարմնի լիազորությունների շրջանակի հետ կապված հնարավոր տարընթերցումներից խուսափելու համար Նախագծով առաջարկվում է Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «7) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի առնչությամբ նյութեր հավաքելու նպատակով ձեռքբերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով թույլատրելի ապացույց համարվող տեղեկություններ, ինչպես նաև իրականացնել սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»։

1.9. Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասում մեխանիկական վրիպակի արդյունքում օգտագործվել է «սույն հոդվածի 5-րդ կետով» բառերը, մինչդեռ ՀՀ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Այսպիսով, ակնհայտ է, որ մեջբերված նորմում պետք է կիրառված լիներ «մաս» բառը:

Ելնելով վերոգրյալից, Նախագծով առաջարկվում է Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասում «5-րդ կետով» բառերը փոխարինել «5-րդ մասով» բառերով:

1.10. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավասու մարմինը թեև սույն վարույթի շրջանակններում հանդես է գալիս որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ, այնուամենայնիվ, քաղաքացիական բռնագանձման հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության շրջանակներում օժտված է ավելի լայն լիազորություններով (Օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածներ), քան քաղաքացիաիրավական հարաբերությունների այլ մասնակիցները: Ուստի, Օրենքի նպատակներից ելնելով, օրենսդիրը 7-րդ հոդվածով նախատեսել է ուսումնասիրության սահմանները, որոնցով իրավասու մարմինն ուսումնասիրություն իրականացնելիս բոլոր դեպքերում կաշկանդված է։ Այսինքն, իրավասու մարմինը չի կարող հավաքել նյութեր Օրենքի 7-րդ հոդվածով նախանշված հարցերի շրջանակներից դուրս։ Միևնույն ժամանակ, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ որոշակի գույքերի վերաբերյալ հոդվածում նշված հարցերի առնչությամբ նյութերի հավաքումը անհրաժեշտ չէ կամ անհնար է, և բոլոր դեպքերում իրավասու մարմինն է որոշում, թե ինչ ապացույցներով է նպատակահարմար հիմնավորել իր կողմից ներկայացվելիք հայցապահանջը՝ ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից։

Վերոնշյալի լույսի ներքո դիտարկելով Օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված եզրակացության մեջ ներառման ենթակա տվյալների շրջանակը, ակնհայտ է, որ իրավասու մարմինը կարող է ներկայացնել միայն այնպիսի տվյալներ, որոնք պարզվել են ուսումնասիրության շրջանակներում: Ուստի, առաջարկվում է Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով հստակեցնել, շարադրելով հետևյալ խմբագրությամբ՝ «իրավասու մարմնին հայտնի տվյալներ՝ ձեռքբերված գույքի տեսակի, շուկայական արժեքի և այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ.»:

1.11. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում նշված դեպքերի համար նախատեսված է բռնագանձման ենթակա գույքի շուկայական արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն: Սակայն գործնականում հնարավոր են դեպքեր, երբ գույքի շուկայական արժեքի պարզումն էական դժվարություն ներկայացնի կամ նույնիսկ լինի անհնարին: Այդպիսի իրավիճակների համար Նախագծով առաջարկվում է Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում նախատեսել այլընտրանքային՝ գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն: Այսինքն՝ բոլոր դեպքերում իրավասու մարմինը պարտավոր է ողջամիտ ջանքեր գործադրել այդպիսի գույքի շուկայական արժեքը պարզելու համար և միայն այդ կապակցությամբ էական բարդությունների ի հայտ գալու կամ անհնարինության դեպքում կարող է ներկայացվել գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման պահանջ:

1.12. ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի շուկայական արժեքի որոշումը գործնականում միշտ կառաջացնի էական դժվարություններ: Նման դեպքերի համար, նպատակահարմարությունից ելնելով, առաջարկվում է 20-րդ հոդվածը լրացնել 4.1-րդ մասով՝ նախատեսելով ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն, եթե առկա չեն այդ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ: Այսինքն՝ սույն մասում նշված դեպքերում իրավասու մարմինն, ի տարբերություն նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում նշված դեպքերի, պարտավոր չէ միջոցներ ձեռնարկել գույքի շուկայական արժեքը պարզելու համար և կարող է կոնկրետ գործի և գույքի առանձնահատկություններից ելնելով, միանգամից պահանջել այդ գույքի ձեռքբերման արժեքը, եթե առկա չեն տվյալ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ: Ի դեպ, այդպիսի տեղեկություններ կարող են ներկայացվել նաև գույքի սեփականատիրոջ կողմից:

    2.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման միջոցառումների ծրագրի 39-րդ կետի կարգավորմամբ, որով նախատեսվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի ստեղծում:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է.

2.1. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 22-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկ միավոր գույքի բաժին» բառերից հետո լրացնել «մաս» բառով, որպեսզի այն սխալմամբ չընկալվի որպես բաժնային սեփականություն հանդիսացող գույքում անձին պատկանող բաժնեմաս:

2.2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «գ» ենթակետի «իր հետ փոխկապակցված» բառերը փոխարինել «այլ» բառով, քանի որ նույն մասի 7-րդ կետի համաձայն՝ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որին տվյալ անձն անհատույց կամ փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է գույք համարվում է փոխկապակցված անձ:

2.3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում «հանրային ծառայության» պաշտոն բառերից հետո լրացնել «կամ հանրային ծառայության պաշտոն բառերով», քանի որ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում «պաշտոնատար անձ» հասկացությունը չի ընդգրկում «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց:

2.4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «ուսումնասիրվող ժամանակահատված» հասկացության բովանդակությունը բացահայտող 13.1-րդ կետով, քանի որ Օրենքում «Ուսումնասիրվող ժամանակահատված» հասկացության բովանդակությունը բացահայտված չէ:

2.5. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել իրավասու մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ նախաձեռնելու հնարավորություն նախատեսող նոր՝ 6-րդ կետով, քանի որ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ իրավասու մարմնի կողմից իրականցվող ուսումնասիրության շրջանակներում տվյալներ ձեռք բերվեն առ այն, որ այլ անձի պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, միաժամանակ, Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-րդ մասով՝ սահմանելով այդ հիմքով ուսումնասիրություն նախաձեռնելու ժամկետները:

2.6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «տեսակի» բառը, քանի որ գործնականում հնարավոր են դեպքեր, որ գույքը վերափոխվի ոչ թե այլ տեսակի գույքի, այլ՝ նույն տեսակի այլ գույքի:

2.7. Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված երկու տարվա ժամկետի փոխարեն, որպես ուսումնասիրության առավելագույն ժամկետ սահմանել երեք տարին, քանի որ Իրավասու մարմնի կողմից նախաձեռնվող ուսումնասիրության տևողությունը, պայմանավորված գործի բարդությամբ (կախված ուսումնասիրության շրջանակներում ներգրավված անձանց և ուսումնասիրվող գույքերի քանակից, միջազգային փոխօգնության շրջանակներում այլ պետություններից աջակցություն ստանալու անհրաժեշտությունից, գործով բազմադրվագ ֆինանսական գործառնությունների, «քողարկված» գործարքների առկայությունից և ուսումնասիրության տևողության վրա ազդեցություն ունեցող այլ էական հանգամանքներից), գործնականում օբյեկտիվորեն կարող է գերազանցել սահմանված երկամյա ժամկետը:

2.8. Իրավասու մարմնի լիազորությունների շրջանակի հետ կապված հնարավոր տարընթերցումներից խուսափելու համար Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «7) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի առնչությամբ նյութեր հավաքելու նպատակով ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով թույլատրելի ապացույց համարվող տեղեկություններ, ինչպես նաև իրականացնել սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:

2.9. Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի շարադրանքը համապատասխանեցնել ՀՀ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝ «կետով» բառը փոխարինել «մասով» բառով:

2.10. Քանի որ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ որոշակի գույքերի վերաբերյալ Օրենքի 7-րդ հոդվածում նշված հարցերի առնչությամբ նյութերի հավաքումը անհրաժեշտ չէ կամ անհնար է, հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը հստակեցնել, շարադրելով հետևյալ խմբագրությամբ՝ «իրավասու մարմնին հայտնի տվյալներ՝ ձեռք բերված գույքի տեսակի, շուկայական արժեքի և այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ.»:

2.11. 20-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը լրացնել՝ նախատեսելով ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման այլընտրանքային հնարավորություն, քանի որ գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ որոշ գույքերի շուկայական արժեքը պարզելը կարող է էական դժվարություններ առաջացնել կամ լինել անհնար:

2.12. 20-րդ հոդվածը լրացնել 4.1-րդ մասով՝ նախատեսելով ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման այլընտրանքային հնարավորություն, քանի որ այդիպիսի գույքի շուկայական արժեքի որոշումը գործնականում որպես կանոն կառաջացնի էական դժվարություններ:

 

4.Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն Օրենքով ամրագրված մի շարք հասկացություններ, կբացահայտվեն դրանց բովանդակությունը, ինչպես նաև կներդրվեն Օրենքի արդյունավետ կիրառումն ապահովող նոր գործիքներ:

 

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 6. Օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը.

Օրենքի ընդունման դեպքում պետական եկամուտների և ծախսերի ուղղակի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    14.12.2021 - 29.12.2021

  • Type

    Law

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5231

Print