Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 21.12.2021 19:00:21 Կարծիք «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 06.12.2021թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նշված նախագծով առաջարկվում է սահմանափակել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը ենթակա քրեական գործերի շրջանակը՝ այս պահին դրա քննչական ենթակայության տակ գտնվող գործերի մեծ մասի քննությունը պատվիրակելով այլ քննչական մարմիններին: Ըստ այդմ առաջարկվող փոփոխությունների համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին է պատվիրակվում նախաքննությունը. 1. քրեական օրենսգրքի 154․2, 154․9, 154․10, 161․2, 161․5 և 352 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով. 2. քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով և 3-րդ մասով (եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ մասով (եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), 189.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 190 հոդվածով, 190․1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 190․2 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 195 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 201, 308 (եթե կատարվել է շահադիտական շարժառիթով), 309 (եթե կատարվել է շահադիտական շարժառիթով), 310, 310.1, 311, 311.2, 312, 313, 314, 314.2, 314.3, 332 հոդվածի 3-րդ մասով, 375 (եթե կատարվել է շահադիտական շարժառիթով) նախատեսված հանցագործություններով, եթե դրանք. 2.1. կատարվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից` իրենց աշտոնեական դիրքի հետ կապված, 2.2. դրանց առարկան կամ հանցագործության հետևանքով պատճառված վնասի չափը գերազանցում են հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափը, 3. քրեական օրենսգրքի 311.2, 312 և 313 հոդվածներով նախատեսված հանցագործությունները, որոնք կատարվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ պետական ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու կամ նրանց կաշառք տալու կապակցությամբ. 4. քրեական օրենսգրքի 200, 214, 311․1, 312․1, 312․2 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով, եթե հանցագործության առարկայի կամ հանցագործության հետևանքով պատճառված վնասի չափը գերազանցում է հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափը։ Այդպիսով, քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի հիմնական մասի քննչական ենթակայությունը նախագծով առաջարկվում է տարանջատել երկու հիմքերով. ա/ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից կատարված լինելու. բ/ հանցագործության առարկայի կամ պատճառված վնասի չափը՝ նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափը գերազանցելու: Հեղինակը նախագիծը հիմնավորում է Հակակոռուպցիոն կոմիտեի սահմանափակ մարդկային ռեսուրսի հանգամանքով և արդեն իսկ աճող ծանրաբեռնվածությամբ՝ նշելով, որ գործունեության առաջին ամսվա կտրվածքով յուրաքանչյուր քննիչ իր վարույթում միջինում ունեցել է 6-7 քրեական գործ և նախորդ ժամանակահատվածի կոռուպցիոն հանցագործությունների թվային տվյալներից ելնելով հնարավոր է 1 քննիչի ծանրաբեռնվածությունը կարող է գերազանցել տարեկան 58 գործը: Քննիչների ծանրաբեռնվածությունը և նախաքննության որակն ու արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունը միանշանակ առանցքային խնդիրներ են, սակայն նախագծի առանցքային հիմնավորումները՝ քննիչների առկա և ակնկալվող ծանրաբեռնվածության, ինչպես նաև նախկինում քննված կոռուպցիոն բնույթի գործերի վիճակագրության առումով ներառում են բացառապես ընդհանրական քանակական տվյալներ: Մասնավորապես, հեղինակը նշում է, որ 2021թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է կոռուպցիոն բնույթի 167 քրեական գործ, նախապատրաստվել է 71 նյութ, 2021թ. ութ ամիսների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում ընդհանուր առմամբ քննվել է 308, իսկ 2020 թվականին՝ 395 կոռուպցիոն բնույթի գործ: Անհասկանալի է, սակայն, թե նշված գործերի քանակի մեջ ինչ մաս են կազմում հատկապես այն հանցագործությունները, որոնք նախագծով առաջարկվում է թողնել Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը՝ արդյոք դրանց քանակն այնչափ մեծ է, որ ինքնին կապահովի կոմիտեի ծանրաբեռնվածությունը: Այս հանգամանքը խիստ խնդրահարույց է, քանի որ նախատեսվող փոփոխությունների արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարում կենտրոնական դեր ունեցող՝ հատուկ այդ առաքելությամբ ստեղծված քննչական մարմնի իրավասությունից առերևույթ դուրս են մնում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ճնշող մեծամասնությունը (ակնհայտ է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից կատարված կամ հանցագործության առարկան՝ 20 միլիոն ՀՀ դրամը գերազանցող դեպքերը կոռուպցիոն բնույթի հանցոգործությունների ընդհանուր քանակի մեջ կարող են կազմել ոչ մեծ տոկոս): Անհասկանալի է, թե արդյունքում միջինում ինչ քանակությամբ գործեր կմնան Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ենթակայության տակ և որքանով դա կարող է նպաստել կամ ձախողել այս մարմնի կողմից իր վրա դրված առաքելության կատարումը, հատկապես՝ պետական կառավարման միջին և ցածր օղակներում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից: Արդյունքում փաստում ենք, որ նախագծով առաջարկվող՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ենթակայությանը հանձնված գործերի շրջանակի նեղացումը հեղինակի կողմից չի հիմնավորվել կոնկրետ և վերաբերելի՝ ծանրաբեռնվածության քանակական տվյալներով (կոմետեի քննչական ենթակայությանը թողնվող գործերի և կոռուպցիոն բնույթի գործերի ընդհանուր թվի հարաբերակցության տեսանկյունից): Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք. Նախագիծը հանել շրջանառությունից: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Չի ընդունվել Հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) լրամշակվել է: Լրամշակված տարբերակով ի տարբերություն Նախագծի նախնական տարբերակի արդեն էականորեն նվազեցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ենթակայությունից դուրս եկող գործերի շրջանակը, այսինքն՝ կոռուպցիոն բնույթի գործերի մեծամասնությունը վերապահված է լինելու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների ծանրաբեռնվածությանը, ապա այդ մասով պետք է նշել, որ 2021 թվականի հոկտեմբերի 23-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերի հարուցման հարցի լուծումը և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության կատարումն ամբողջությամբ վերապահվել է բացառապես Հակակոռուպցիոն կոմիտեին: Այլ կերպ ասած՝ կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով գործերի քննությունը վերապահվել է Հակակոռուպցիոն կոմիտեում 30 ինքնավար թափուր պաշտոն ժամանակավորապես զբաղեցնող, իսկ հետագայում՝ հաստիքների վերջնական համալրումից հետո ընդհանուրը՝ 40 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց: Հարկ է նշել, որ Հակակոռուպցիոն կոմիտեում 2021 թվականի հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ, նախապատրաստվել է 171 նյութ: Այսպես՝ տվյալ ժամանակահատվածում յուրաքանչյուր քննիչ իր վարույթում միջինում ունեցել է 10-11 քրեական գործ, ինչը թերևս չի կարող չանդրադառնալ քննության որակի և ողջամիտ ժամկետի պահպանման սկզբունքի վրա: Այսպիսով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 6–րդ հավելվածով սահմանված կոռուպցիոն բնույթի բոլոր գործերի քննությունը Կոմիտեին վերապահելը չի կարող արդարացված համարվել, այն հաշվառմամբ, որ Կոմիտեն չունի համապատասխան ռեսուրսներ նման ահռելի քանակությամբ քրեական գործերի քննությունն ապահովելու համար։ Նման ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությամբ Կոմիտեի քննիչներին ծանրաբեռնելը լի է այլ՝ առավել բարդ, ծանր կոռուպցիոն բնույթի գործերով քննության որակի վրա բացասական ազդեցության վտանգով: Միաժամանակ պետք է նշել, որ 1989 թվականին Փարիզում հիմնադրված «Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի» (այսուհետ` ՖԱԹՖ) 30-րդ հանձնարարականի տեխնիկական համապատասխանության և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգերի արդյունավետության գնահատման համար մեթոդաբանության համաձայն՝ իրավապահ և քրեական հետապնդում իրականացնող մարմինները պետք է ապահովված լինեն ֆինանսական, մարդկային և տեխնիկական համարժեք ռեսուրսներով: Պետությունները պետք է ներդնեն հսկողական մեխանիզմներ՝ հավաստիանալու համար, որ այդ մարմինների աշխատակիցներն առաջնորդվում են մասնագիտական բարձր չափանիշներով, այդ թվում՝ կոնֆիդենցիալության մասով, բարեխիղճ կերպով կատարում են իրենց պարտականությունները և ունեն բավարար հմտություններ : Մարդկային համարժեք ռեսուրսներ ասելով անհրաժեշտ է հասկանալ աշխատակիցներ՝ քննիչներ, ովքեր կապահովվեն բավարար ժամանակով, որպեսզի բարեխիղճ ձևով կատարեն իրենց պարտականությունները։ Գերծանրաբեռնվածությունն անկասկած բերում է ժամանակային ռեսուրսի սպառման, ինչն էլ բացասական ազդեցություն է ունենում քննիչների աշխատանքի արդյունավետության վրա։ Հետևաբար հարցականի տակ է դրվում մարդկային համարժեք ռեսուրս ունենալու հանգամանքը։ ԵԱՀԿ կոռուպցիոն հանցագործությունների քննության վերաբերյալ մեթոդական ուղեցույցում ևս մատնանշվում է գործերի քննության հարցում որոշակի առաջնահերթությունների սահմանման ողջամտությունը․ որպես կանոն, կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման կամ բացահայտման դեպքերը շատ քիչ են բոլոր երկրներում։ Հաշվի առնելով կոռուպցիայի ծավալները, աշխատանքային մեծ ծանրաբեռնվածությունը, մարդկային և ֆինանսական ռեսուրսների սղությամբ պայմանավորված սահմանափակումները՝ կարելի է եզրակացնել, որ կատարված բոլոր կոռուպցիոն արարքների արդյունավետ հետապնդման հնարավորություն իսկապես չկա։ Այս առումով ողջամիտ է, որ պետական քաղաքականությանն ու հասարակական ակնկալիքներին համահունչ նախատեսվեն առաջնահերթ ոլորտներ։ Մեթոդական ուղեցույցի համաձայն քննությունների համակարգը մշտապես արագ արձագանքող վիճակում պահելը և առկա բոլոր ռեսուրսները հանցագործությունների քննությանն ուղղելը, որոնց մասին հաղորդում է ներկայացվել երկարաժամկետ կտրվածքով չափազանց անարդյունավետ է։ Հետևաբար առաջնային ուշադրության կենտրոնում պետք է լինեն բարձրաստիճան օղակներում տեղի ունեցող կոռուպցիոն դեպքերի քննությունները, որոնք ամենամեծ վնասն են հասցնում պետությանն ու հասարակությանը։ Իսկ բարձրաստիճան օղակներում տեղի ունեցող կոռուպցիոն դեպքերը որոշելու համար ընտրության առավել ակնհայտ չափանիշները հետևյալն են՝ հանցավոր արարքների ծանրություն, և դեպքեր, որոնք ամենամեծ վնասն են հասցնում հասարակության և պետության շահերին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առավել նպատակահարմար է Կոմիտեի ենթակայությանը վերապահել միայն այն կոռուպցիոն բնույթի գործերը, որոնք կատարվել են պետական ոլորտում պաշտոնատար անձանց կողմից, բնականաբար սահմանելով նաև այդ կանոնից բացառություններ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին վերապահելով նաև որոշ այլ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննություն իրականացնելու իրավասություն: