Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են պետական մարմնի ղեկավարի, պետական մարմնի ղեկավարի տեղակալի (կոլեգիալ մարմինների դեպքում՝ կոլեգիալ մարմնի անդամների), գլխավոր քարտուղարի պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ գրասենյակը, օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական մարմնի ղեկավարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, ռեֆերենտի, պետական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները:

Վերոնշյալ հոդվածից բխում է, որ պետական մարմնի կառուցվածքում, ի թիվս այլնի, կարող են ընդգրկվել միայն կառուցվածքային ստորաբաժանումները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ գրասենյակները:

Միևնույն ժամանակ, «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Նախարարություններում հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, որը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է մամուլի քարտուղարը: Մամուլի քարտուղարի պաշտոն կարող է զբաղեցնել հասարակայնության հետ կապերի կամ լրագրության բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:»:

Հարկ է նշել, որ Արդարադատության նախարարությունում առկա է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում` Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Գործնականում նշված վարչության գործառույթների իրականացումը կարող է ապահովվել նաև առանց նշված ստորաբաժանման առկայության՝ միայն մամուլի քարտուղարի միջոցով:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով Վերահսկողական ծառայությանը ներկայումս տրված գործառույթների շրջանակը` առաջարկվում է այն վերակազմավորել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` Վերահսկողական վարչության: Հիմք ընդունելով նշված հանգամանքը՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշման մեջ կատարել լրացումներ և փոփոխություններ:

     Առաջարկվում է նաև դադարեցնել աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գործունեությունը, իսկ այդ վարչության գործառույթները կկատարի մամուլի քարտուղարը:

 3. Կարգավորման նպատակներն, ակնկալվող արդյունքը.

Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Արդարադատության նախարարության` օրենքով սահմանված գործառույթների արդյունավետ իրականացումը:

 4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Discussed

    02.12.2021 - 17.12.2021

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3345

Print

Suggestions

Հայկ Բարսեղյան

15.12.2021

Ամենայն հարգանքով ՀՀ արդարադատության նախարարության նախկին, ներկա և ապագա բոլոր մամուլի քարտուղարների հանդեպ. 1. Նախագծով առաջարկվող փոփոխությունների 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվում է դադարեցնել Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գործունեությունը իսկ 2-րդ կետով առաջարկվում է, ըստ էության, մի ամբողջ վարչության/բաժնի գործառույթներ վերապահել մամուլի քարտուղարին, առավել հստակ՝ գործառույթների մի մասը: Ըստ վարչության ներկայիս գործող կանոնադրության՝ Վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները` 1) ապահովում է նախարարության տեղեկատվական քաղաքականության իրականացման, նախարարության գործունեության լուսաբանման և զանգվածային լրատվության միջոցների հետ կապված աշխատանքները. 2) պատրաստում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, իրավասությունների շրջանակում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով. 3) կազմակերպում և անցկացնում է մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ՝ նախարարության գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ. 4) կազմակերպում է նախարարության գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված նյութերի ուսումնասիրության, վերլուծության և արխիվացման աշխատանքները. 5) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ նախարարի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ. 6) ապահովում է օրվա մամուլի և հեռուստահաղորդումների լրաքաղի և դիտանցի (մոնիթորինգ) աշխատանքները և այդ մասին ծանուցում նախարարին և գլխավոր քարտուղարին. 7) նախարարին և Գլխավոր քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ զանգածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստահաղորդումներում Նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ, իրականացնում է մասնակցության պլանավորում և ապահովում դրանց կատարումը. 8) նախարարության գործունեության պատշաճ լուսաբանումն ապահովելու նպատակով ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճեններ և անհրաժեշտության դեպքում ապահովում է դրանց լուսաբանման և հանրային քննարկումների աշխատանքները. 9) ապահովում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում՝ 10-օրյա ժամկետում. 10) կազմակերպում է տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը. 11) նախարարի կամ գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ տեղեկատվական դաշտում ստեղծում է վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի համակարգված արխիվ, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում՝ պատրաստում տեսանյութեր և թողարկում տեղեկագրեր. 12) ապահովում է նախարարության ինտերնետային էջի տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացումը. 13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է հայտ ներկայացրած լրագրողների հավատարմագրման աշխատանքների իրականացումը. 14) ըստ անհրաժեշտության՝ արձագանքում է զանգվածային լրատվության միջոցներով քաղաքացիների կողմից նախարարությանն ուղղված հարցերին և բարձրացված ահազանգերին. 15) ապահովում է համագործակցությունը նախարարության և պետական կառավարման համակարգի և այլ մարմինների լրատվական ծառայությունների հետ. 16) կազմակերպում է նախարարի, նախարարի ղեկավարած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ նախարարությունում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների լուսաբանման աշխատանքները. 17) նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, 18) իրականացնում է նախարարի և նախարարի տեղակալների մոտ քաղաքացիների ընդունելության կազմակերպման աշխատանքները: Ներկայիս 18 գործառույթների փոխարեն Նախագծով առաջարկվում է մամուլի քարտուղարի պարտականությունների մեջ ավելացնել թվակվածներից ընդամենը 6-ը: Առաջարկվում է. Չկրճատել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի մասով Նախարարության գործառույթները, քանի որ թափանցիկ և բաց գործունեության համատեքստում դա կարող է դիտվել որպես հետքայլ: 2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մամուլի քարտուղարը հայեցողական հաստիք է և ըստ այդմ՝ ցանկացած պահի փոփոխելի, իսկ Վարչությանը վերապահված գործառույթները շարունակական և պարտադիր՝ ըստ Տեղեկատվության ազատության մասին և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքների պահանջների: Առաջարկվում է. Գործունեությունը դադարեցնելու փոխարեն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը վերակազմակերպել որպես բաժին, քանի որ մամուլի քարտուղարի հավանական փոփոխության ընթացքում առաջացող բնականոն բաց ժամանակահատվածը, ինչպես նաև մամուլի քարտուղարի հաստիքը զբաղեցնելուց հետո նման հսկայածավալ գործառույթներին ադապտացվելու ժամանակահատվածը կարող է բնականոն խզում առաջացնել Նախարարության տեղեկատվական քաղաքականության իրականացման գործում, և այդպիսով ինքնին հակասել վերոնշյալ օրենքների պահանջների կատարմանը: Հիմնավորումներ՝ 1. Քաղաքական իշխանության ամենաբարձր մակարդակով մշտապես ընդգծվում է պետական մարմինների ինստիտուցիոնալ զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը, սակայն Նախագծի՝ այս ձևակերպմամբ ընդունվելու պարագայում ստացվում է հակառակը՝ ինստիտուցիոնալ մի կարևոր օղակի պարտականությունները վերապահվելու են մեկ անձի՝ անկախ անձի ինքնությունից: Հետևաբար, օրինակ՝ 2-3 տարի մամուլի քարտուղար աշխատած այնուհետև պաշտոնը լքած անձն իր հետ ուղղակի տանելու է 2-3 տարվա ընթացքում տեղեկատվական և հասարակայնության հետ կապերի ոլորտում Նախարարության իրագործած քաղաքականության վերաբերյալ ամբողջ ինստիտուցիոնալ բազան/հիշողությունը և ամեն եկող հաջորդ մամուլի քարտուղար փաստացի սկսելու է իր գործունեությունը զրոյից: 2. Նախագծը նման շարադրանքով ընդունելուց հարկավոր է հաշվի առնել նաև, որ 1-ին կետի 2-րդ ենթակետը վերաբերում է աջակցող ստորաբաժանման գործունեության դադարեցմանը, որպիսիք կան Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր օղակներում ՀՀ կառավարություն, ՀՀ նախարարություններ, ՀՀ մարզպետարաններ և այլն: Հետևաբար պետական միասնական քաղաքականության համատեքստում հարցը դիտարկելիս կարելի է եզրակացնել, որ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գործունեության դադարեցումն առանց դրա երկարաժամկետ հետևանքները հաշվի առնելու, կարող է ստեղծել նախադեպ մյուս գերատեսչություններում ևս այդ ստորաբաժանումները փակելու և գործառույթները մամուլի քարտուղարներին պատվիրակելու համար, ինչը երկարաժամկետ առումով կարող է հանգեցնել պետական տեղեկատվական քաղաքականության վակումի: 3. Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի աջակցող ստորաբաժանման գործառույթների իրականացումը կարող է ապահովվել նաև առանց նշված ստորաբաժանման առկայության՝ միայն մամուլի քարտուղարի միջոցով: Նման հիմնավորմամբ տեսականորեն կարել է դադարեցնել նաև Անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսագիտական, Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման, Փաստաթղթաշրջանառության ապահովման և այլ աջակցող ստորաբաժանումների գործունեությունները և դրանց գործառույթները վերապահել հայեցողական պաշտոն զբաղեցնող որևէ պաշտոնատար անձի:

See more