The project has not been accepted
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ինչպես փաստում են ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքները, 2018 թվականին էականորեն աճել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերը: Այսպես՝ 2018 թվականին նման հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 311-ով կամ 32%-ով /972-1283/, այդ թվում՝ 44-ով կամ 25%-ով /176-220/ աճել է մահվան ելքով դեպքերի թիվը, ինչը խիստ մտահոգիչ ցուցանիշ է:
Ընդ որում, վերջին տարիներին հիշյալ հանցագործություններով նկատվում է կայուն աճի միտում: Այսպես՝ եթե 2016 թվականին գրանցվել է ճանապարհատրանսպորտային 700 հանցագործություն, ապա 2017 թվականին հիշյալ թիվն աճել է 38,9 %-ով՝ կազմելով 972 դեպք:
Հատկանշական է, որ հիշյալ հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների և պայմանների վերհանման արդյունքում պարզ է դարձել, որ դրանց զգալի մասի պատճառ կամ նպաստող պայման են հանդիսացել տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, սահմանված առավելագույն արագությունը գերազանցելը, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից:
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել խստացնել պետության քրեական քաղաքականությունը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների դեմ պայքարում՝ որպես հիշյալ հոդվածում նախատեսված հանցագործությունների ծանրացնող հանգամանք նախատեսելով դրանց առավել լայն տարածում և առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող տեսակները՝ դրանց կատարումը ալկոհոլ օգտագործած վիճակում, սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից:
Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) սանկցիան չի նախատեսում ազատազրկման նվազագույն շեմ, ինչը լայն հայեցողություն է տալիս դատարանին և շատ հաճախ պատճառ հանդիսանում կատարված հանցագործության հանրային վտանգավորությանը ոչ համաչափ պատժի նշանակման, այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված հանցանքը պակաս հանրային վտանգավորություն չունի, քան մարդու դեմ ուղղված որոշ հանցագործություններ, Նախագծով առաջարկվում է 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում կատարել փոփոխություն և նախատեսել ազատազրկման ստորին շեմ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածում նախատեսված հանցագործությունների դեմ պայքարում պետության քրեական քաղաքականության խստացման անհրաժեշտությամբ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող կարգավորման նպատակն է որպես ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածում նախատեսված հանցագործությունների ծանրացնող հանգամանք՝ նախատեսել դրանց կատարումը՝
- ալկոհոլ օգտագործած վիճակում կամ
- սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ
- տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից:
Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում ազատազրկման ստորին շեմ նախատեսել՝ հիշյալ հանցագործության համար որպես պատիժ սահմանելով երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկում:
Այսպիսով՝ Նախագծի ընդունմամբ կխստացվի քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան՝ նախատեսելով ազատազրկման ստորին շեմ, բացի այդ, առավել խիստ պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն 242-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերում նախատեսված արարքները ալկոհոլ օգտագործած վիճակում, սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքերում, ինչը կնպաստի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններով համաչափ պատժողական քաղաքականության իրականացմանը, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի կանխմանը:
Հատկանշական է, որ արտասահմանյան երկրների քրեական օրենսդրության վերլուծությունը վկայում է, որ մի շարք երկրների քրեական օրենսգրքերում ևս ալկոհոլ օգտագործած վիճակը հանդիսանում է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների ծանրացնող հանգամանք: Այսպես՝ Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածը, Լիտվայի Հանրապետության քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը նախատեսում են ալկոհոլ օգտագործած վիճակը՝ որպես ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու ծանրացնող հանգամանք, Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածը, Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածը հիշյալ հանցագործության ծանրացնող հանգամանք են նախատեսում հարբած վիճակը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների քրեական օրենսդրության համաձայն՝ ալկոհոլ օգտագործած վիճակում ճանապարհատրանսպորտային պատահարը, որի արդյունքում մահ է առաջանում, հավասարեցված է դիտավորյալ սպանությանը և դրա համար կարող է նշանակվել պատիժ՝ ընդհուպ ցմահ ազատազրկման ձևով:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կխստացվի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, իսկ հիշյալ հոդվածում նախատեսված հանցագործությունների առավել բարձր վտանգավորություն ունեցող որոշ տեսակների համար քրեական պատասխանատվություն կնախատեսվի որակյալ հանցակազմերով, ինչը կնպաստի հիշյալ հանցագործությունների դեմ պայքարում առավել խիստ քրեական քաղաքականության իրականացմանը՝ նպատակ ունենալով նվազեցնել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի թիվը, նպաստել հասարակական կարգի, ինչպես նաև մարդու կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների պահպանմանը:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ իրավական այլ ակտերում փոփոխություններ և /կամ/ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում իրավական այլ ակտերում փոփոխություններ և /կամ/ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
-
Discussed
04.10.2021 - 20.10.2021
-
Type
Law
-
Area
Justice, Criminal legislation
-
Ministry
Ministry of Justice
Views 6395
Print