Add to favourites

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

«——» «——————» 2021 թվականի N ------------ Ն

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «4.Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարվա ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել համապատասխանաբար կիսամյակային և տարեկան հաշվետվություններ սույն որոշմամբ հաստատված ծրագրում ներառված՝ իրենց կողմից կատարման ենթակա միջոցառումների վերաբերյալ՝ սույն որոշման N1 հավելվածով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած մեթոդաբանությանը համապատասխան:»:

2.Որոշման 5-րդ կետի «դրանց» բառը փոխարինել «մշտադիտարկման, մշտադիտարկման և գնահատման հաշվետվությունների մշակումը և դրա» բառերով, «կայքէջում» բառը փոխարինել «կայքէջերում» բառով:

3.Որոշման N1 և N2 հավելվածների ամբողջ տեքստում «մոնիթորինգ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «մշտադիտարկում» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:

4.Որոշման N1 հավելվածի 68-րդ կետի 7-րդ ենթակետում «նշանակման ենթակա անձանց» բառերից հետո լրացնել «,» կետադրական նշանը:

5.Որոշման N1 հավելվածի 73-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«73.Վերոնշյալի կատարման ապահովման տեսանկյունից առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ՝ հետևյալ մոդելով.

  • Քննչական կոմիտեի կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունը վերակազմակերպել՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը փոխանցելով Հակակոռուպցիոն կոմիտեին.
  • Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը վերակազմակերպել՝ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար նախատեսված հաստիքների և գործիքակազմի մի մասը փոխանցելով Հակակոռուպցիոն կոմիտեին.
  • Հատուկ քննչական ծառայությունը լուծարել: Այս պայմաններում Հատուկ քննչական ծառայության՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ դեպքերի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների նախաքննության իրականացման գործառույթը վերապահել Ազգային անվտանգության ծառայությանը.
  • Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ պայմանավորված՝ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան գործիքակազմը և հաստիքների քանակը կրճատել.
  • Սահմանել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:»:

6.Որոշման N1 հավելվածի 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«80.Այս առումով, ի տարբերություն Հայաստանի Հանրապետությունում գործող այլ քննչական մարմինների, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թեկնածուներն ընտրվելու են մրցութային խորհրդի կողմից՝ բաց մրցույթի արդյունքում: Հավասարակշռված ներկայացուցչություն ապահովելու նպատակով՝  մրցութային խորհուրդը կազմված է լինելու Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջադրած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից: Միաժամանակ մրցութային խորհրդի նիստերը լինելու են բաց զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար և տեսաձայնագրվելու են: Մրցութային խորհրդի կողմից ներկայացված առնվազն երկու և առավելագույնը երեք թեկնածուներից մեկը Կառավարության կողմից նշանակվելու է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար: Սահմանվելու են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածուների բարեվարքության ստուգման կառուցակարգերը: Մրցութային խորհրդին են ներկայացվելու թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունները, որոնք վերջինս դիտարկելու է թեկնածուների ընտրության առանձին՝ բարեվարքության ուսումնասիրության փուլի շրջանակներում:»:

7.Որոշման N1 հավելվածի 87-88-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«87.Միաժամանակ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմում ստեղծել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով իրավասու մասնագիտացված ստորաբաժանում: 

88.Կոռուպցիայի դեմ պայքարում կայացած ինստիտուցիոնալ համակարգի կայացման և շարունակական զարգացման տեսանկյունից կարևորվում է նաև հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծումը, որը պետք է օգտվի բավարար մարդկային, վարչական և նյութական ռեսուրսներից, ինչը կհանգեցնի մասնագիտացված դատավորների կողմից գործերի առավել որակյալ, բազմակողմանի և արդյունավետ լուծմանը: Միաժամանակ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում և Վերաքննիչ քրեական դատարանում կառանձնացվեն համապատասխանաբար հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ: Ակնհայտ է, որ կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը նոր հարթակի վրա կարող է բարձրացնել կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության աստիճանը` խթանելով դրա զարգացումը: Հարցի հրատապությունից ելնելով, որպես միջանկյալ գործողություն, մինչև հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծումը՝ 2020-2021 թվականների ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով մասնագիտացված դատական քննությունը կիրականացնեն մասնագիտացված դատավորները:»:

8.Որոշման N1 հավելվածի 103-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«103.Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ի թիվս այլ գործառույթների, ինչպես նշվեց, կվերապահվի ««Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների թեկնածուների, «Դատախազության մասին» օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատախազների թեկնածուների, կոռուպցիոն հանցագործությունների գործեր քննող  քննիչների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքում խորհրդատվական բնույթի եզակացություններ ներկայացնելու գործառույթ:»:

9.Որոշման N1 հավելվածի 113-րդ կետի ամբողջ տեքստում «սեփականատերերի» բառը փոխարինել «շահառուների» բառով:

10.Որոշման N1 հավելվածի 114-րդ կետի՝

1)ամբողջ տեքստում «սեփականատերերի» բառը փոխարինել «շահառուների» բառով,

2)«Ճանապարհային քարտեզին համապատասխան»  բառերից հետո լրացնել «իրավաբանական անձանց իրական շահառուների համատարած բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթ կմշակվի,» բառերը:

11.Որոշման N1 հավելվածի 115-րդ կետում «սեփականատերերի» բառը փոխարինել «շահառուների» բառով:

12.Որոշման N1 հավելվածի Գլուխ 5-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«131.Հակակոռուպցիոն ռազմավարության և ոլորտային ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովվելու է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման հրապարակային, թափանցիկ, նորարար և հասարակության ակտիվ մասնակցության վրա հիմնված մշտադիտարկման ու գնահատման արդյունավետ համակարգի ներդրմամբ: Մշտադիտարկման և գնահատման ինստիտուցիոնալ համակարգը ներառում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, Արդարադատության նախարարությունը, Միջոցառումների իրականացման պատասխանատու մարմինները:

132.Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի մշտադիտարկման և գնահատման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ նաև՝ Նախարարություն)՝ Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմինների (այսուհետ նաև՝ պատասխանատու մարմիններ) կողմից ներկայացված տեղեկատվության, ինքնագնահատման հաշվետվությունների, հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների շրջանակներում Հայաստանի գնահատման զեկույցների, քաղաքացիական հասարակության կողմից կատարված մշտադիտարկման այլընտրանքային զեկույցների և Նախարարությանը հասանելի այլ տեղեկությունների հիման վրա՝ Արդարադատության նախարարի սահմանած մեթոդաբանության համաձայն: Մշտադիտարկման և գնահատման արդյունքներն ամփոփվում են հաշվետվություններում (զեկույցներում):

133.Մշտադիտարկումն իրականացվում է կիսամյակային և տարեկան կտրվածքով: Կիսամյակային մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվում է Միջոցառումների կատարման ընթացքը և վեր են հանվում կատարմանը խոչընդոտող հանգամանքները: Տարեկան մշտադիտարկումն իրականացվում է միջանկյալ և գործոնային մակարդակներում: Միջանկյալ մակարդակում մշտադիտարկումը և գնահատումն իրականացվում է ըստ Ռազմավարությամբ առաջադրված հիմնական խնդիրների լուծմանը միտված միջանկյալ՝ սույն որոշման հավելված N2-ի բաժինների և ենթաբաժինների համար սահմանված վերստուգիչ ցուցիչների: Գործոնային մակարդակում մշտադիտարկվում և գնահատվում է Միջոցառումների կատարումը՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր միջոցառման համար սույն որոշման հավելված N2-ում սահմանված վերստուգիչ ցուցիչը և ակնկալվող արդյունքը: Գործոնային մակարդակի մշտադիտարկումը և գնահատումն արտահայտում է Ռազմավարության իրականացման արդյունքն արտացոլող հիմնական ցուցանիշը: Գործոնային մակարդակի մշտադիտարկումը և գնահատումն իրականացվում է ոչ միայն Նախարարության, այլև՝ Պատասխանատու մարմինների կողմից: Գործոնային մակարդակում յուրաքանչյուր միջոցառման կատարման գնահատման արդյունքներն արտացոլվում են հետևյալ ցուցանիշներով՝ (1) ամբողջությամբ կատարված է (դիտարկվող ժամանակահատվածի համար միջոցառմամբ նախատեսված աշխատանքների 91-100%-ը կատարվել են), (2) կատարված է մեծամասամբ (դիտարկվող ժամանակահատվածի համար միջոցառմամբ նախատեսված աշխատանքների 61-90%-ը կատարվել են), (3) կատարված է մասնակի (դիտարկվող ժամանակահատվածի համար միջոցառմամբ նախատեսված աշխատանքների 31-60%-ը կատարվել է), (4) կատարված չէ (դիտարկվող ժամանակահատվածի համար միջոցառմամբ նախատեսված որևէ աշխատանք իրականացված չէ կամ կատարվել է նախատեսված աշխատանքների մինչև 30%-ը): Գործոնային մակարդակում կատարողականի ընդհանուր ցուցանիշը հաշվարկվում է վարիացիոն շարքի համակշռված միջինի հաշվարկման մեթոդով՝ Նախարարի կողմից սահմանված մեթոդաբանությանը համապատասխան:

134.Պատասխանատու մարմինները յուրաքանչյուր տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարի կողմից սահմանված մեթոդաբանությանը համապատասխան Նախարարություն են ներկայացնում հաշվատվություն Միջոցառումների ծրագրով իրենց կողմից կատարման ենթակա աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ նշելով յուրաքանչյուր միջոցառման իրականացմանը խոչընդոտող (երկարաձգող) հանգամանքները (մարտահրավերները): Սույն կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո Նախարարությունը համադրում և ամփոփում է ներկայացված հաշվետվությունները, կազմում է մշտադիտարկման կիսամյակային զեկույց և յուրաքանչյուր տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո 20-րդ աշխատանքային օրը ապահովում է մշտադիտարկման կիսամյակային զեկույցի հրապարակումը Նախարարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի 808-Ն որոշմամբ ստեղծված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կայքէջերում:

135.Պատասխանատու մարմինները յուրաքանչյուր տարվա ավատից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարի կողմից սահմանված մեթոդաբանությանը համապատասխան Նախարարություն են ներկայացնում տարեկան հաշտվություն Միջոցառումների ծրագրով իրենց կողմից կատարման ենթակա աշխատանքների վերաբերյալ՝ միաժամանակ գնահատելով իրենց կողմից միջոցառումների կատարումը: Սույն կետում նշված տեղեկատվությունը ստանալու հետո Նախարարությունը վերլուծում, համադրում, ամփոփում է ներկայացված հաշվետվությունները և Նախարարությանը հասանելի այլ տեղեկությունները, իրականացնում է գնահատում, մշակում է մշտադիտարկման և գնահատման տարեկան զեկույց: Նախարարությունը ապահովում է նախորդ տարվա մշտադիտարկման և գնահատման տարեկան զեկույցի հրապարակումըՆախարարության և Խորհրդի կայքէջերում ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա մարտ ամսվա երկրորդ տասնօրյակը: Մշտադիտարկման և գնահատման տարեկան զեկույցը ներառում է նաև հայտնաբերված թերությունները և բացթողումները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները: Նախարարությունը մշտադիտարկման և գնահատման տարեկան զեկույցի նախագիծը մինչև հրապարակումը ներկայացնում է ոլորտային հասարակական կազմակերպություններին՝ վերջիններիս դիրքորոշումը ստանալու և դրանք տարեկան զեկույցում ներառելու նպատակով:

136.Առավել համապարփակ ու բազմակողմանի գնահատում ունենալու նպատակով քաղաքացիական հասարակության կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակ կարող են իրականացնել անկախ մշտադիտարկում ու գնահատում, դրանց արդյունքները ներկայացնել Նախարարություն այնպիսի ժամկետում, որ հնարավոր լինի դրանք ներառել Նախարարության կողմից մշակվող մշտադիտարկման և գնահատման զեկույցում:

137.Նախարարությունը յուրաքանչյուր տարվա մինչև ապրիլ ամիսը նախորդ տարվա Միջոցառումների մշտադիտարկման ու գնահատման արդյունքները ներկայացնում է Խորհրդի քննարկմանը: Խորհուրդը մշտադիտարկման և գնահատման տարեկան զեկույցը ստանալուց ու վերլուծելուց հետո համապատասխան պատասխանատու մարմինների ներգրավմամբ կարող է Ռազմավարությունում ու Միջոցառումների ծրագրում փոփոխություններ կատարելու առաջարկություններ ներկայացնել: Փոփոխությունների մշակման աշխատանքները համակարգվում են Նախարարության կողմից:

138.Ռազմավարության ու Միջոցառումների ծրագրի ազդեցության գնահատման նպատակով Նախարարությունը միջնաժամկետ ու երկարաժամկետ փուլերում տարբեր թիրախային խմբերում կարող է նախաձեռնել հանրային կարծիքի հարցումներ, որոնց անցկացման հիման վրա չափվում է բարեփոխումների ազդեցությունը և ներազդումը հասարակության վրա: Միջնաժամկետ փուլում իրականացված հարցումների արդյունքների գնահատման ու վերլուծության արդյունքները Խորհրդին ներկայացվելուց հետո, Խորհուրդը կարող է նախաձեռնել Ռազմավարության ու Միջոցառումների ծրագրի, ինչպես նաև իրականացման մեթոդների ու մեխանիզմների վերանայման ու փոփոխությունների նոր շրջափուլ:

139.Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի՝ միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակների մասին հանրությանն ու մասնագիտական շրջանակներին տեղեկատվության փոխանցումն առավել թիրախավորված և արդյունավետ դարձնելու նպատակով մշակվում է Հաղորդակցման գործողությունների ծրագիր, որի իրականացման վերաբերյալ համապատասխան պատասխանատու մարմինները հաշվետվություն են ներկայացնում՝ Հաղորդակցման գործողությունների ծրագրով սահմանված կարգով:

140.Միջոցառումների ծրագրի ավարտից հետո Նախարարությունը մշակում է մշտադիտարկման և գնահատման եզրափակիչ զեկույց, որի նպատակն է գնահատել հաշվետու տարիների (2019-2022 թվականների) ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում գրանցված առաջընթացը և կատարված աշխատանքների արդյունավետությունը Ռազմավարությամբ ամրագրված խնդիրների լուծման և նպատակների իրագործման տեսանկյունից, պարզել առկա խնդիրները, բացերը և մարտահրավերները: Եզրափակիչ մշտադիտարկման և գնահատման զեկույցը մշակվում է սույն գլխի 132-136-րդ կետերով սահմանված կարգով՝ միաժամանակ հաշվի առնելով հաշվետու տարիների ընթացքում մշտադիտարկման և գնահատման զեկույցներով արձանագրված միջանկյալ արդյունքները, միջազգային կազմակերպությունների կողմից գնահատման զեկույցերը և առաջարկությունները, իրականացված հարցումների արդյունքները, միջազգային հետազոտությունները և վարկանիշային ցուցիչները: Մշտադիտարկման և գնահատման եզրափակիչ զեկույցի շրջանակներում վերջնական արդյունքների գնահատման հիմնական ցուցիչներն են Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման համաթիվը (հիմքային՝ 2018 թվական-35, 2022 թվական-55) և Համաշխարհային բանկի կոռուպցիայի վերահսկման ցուցիչը (հիմքային՝ 2018 թվական-42.79, 2022 թվական-10% աճ):»:

13.Որոշման հավելված N2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

14.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

                                                    Հայաստանի

                                             Հանրապետության

                                                       վարչապետ՝                                                                     Ն. Փաշինյան

 

  • Discussed

    30.08.2021 - 14.09.2021

  • Type

    Decision

  • Area

    Justice, Fight against corruption, Public service, Public management

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4347

Print