Add to favourites

Located in RA Government

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ>> ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

          Օրենսդիրը, սահմանելով նման իրավիճակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու և հանձնաժողովի համաձայնությունը ստանալու պայման, այդուհանդերձ, որևէ կարգավորման չի ենթարկել այն, թե որ մարմինը՝ նախաքննական մարմինը, թե՝ դատախազը պետք է դիմի նման համաձայնություն ստանալու[1], ինչ կարգով և ժամկետում պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկի ներկայացված միջնորդությունը, ովքեր պետք է մասնակցեն դրա քննարկմանը և ինչ որոշում պետք է կայացվի։

Նշված հարցերի վերաբերյալ համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը գործնականում կարող է հանգեցնել մի վիճակի, երբ անձը ձերբակալվի հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո և միջնորդություն ներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն ստանալու վերաբերյալ, սակայն միջնորդությունը հանձնաժողովի կողմից քննարկի օրեր անց, երբ արդեն լրացած լինի ձերբակալման առավելագույն 72 ժամը։

Բացի այդ, իրավական առումով հստակեցման կարիք ունի իրավական նման երաշխիքից օգտվող սուբյեկտների շրջանակի հարցը: Գործող կարգավորումն օգտագործում է պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավոր ձևակերպումը, մինչդեռ նույն  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասն օգտագործում է պատգամավորի թեկնածու և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավոր ձևակերպումները:

Այս եզրույթներն ունեն տարբեր իրավական բովանդակություն: Կարևոր է այն հարցի պատասխանը, թե երբ է անձը դառնում պատգամավորի թեկնածու և որ պահից է դադարում այդ կարգավիճակը: Նույն հարցադրումը վերաբերում է նաև մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորին:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

Պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցման պահից:

Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Պատգամավորի թեկնածուն կորցնում է թեկնածուի կարգավիճակի հետ կապված իր իրավունքները և ազատվում է պարտականություններից նաև սույն օրենսգրքի 87-րդ կամ 88-րդ հոդվածով սահմանված դեպքերում` կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համապատասխանաբար անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու պահից: Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում թեկնածուն կորցնում է պատգամավորի թեկնածուի կարգավիճակի հետ կապված իր իրավունքները և ազատվում է պարտականություններից դատական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

Իսկ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի կարգավիճակի հետ կապված հարցը հիմնականում կարգավորված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ՝ գրանցելով ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին։

Նշված իրավահամեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ պատգամավորի թեկնածու և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավոր ձևակերպումներն ունեն տարբեր իրավական բովանդակություն, կարգավիճակի սկզբի և ավարտի տարբեր ժամանակահատվածներ: Ընդ որում, այդպիսի կարգավիճակով օգտվելը կամ դրա դադարումը կապակցվում է իրարից տարբերվող իրավաբանական փաստերի հետ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նաև իրավական երաշխիքներից օգտվող անձանց շրջանակը՝ իրավական կանխատեսելիության, իրավական որոշակիության սկզբունքների լույսի ներքո:

Հիշատակված ընթացակարգային և բովանդակային հարցերի կանոնակարգումների վերաբերյալ որոշ առումով համադրելի կարող է լինել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի որդեգրած մոտեցումը։   

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

           Նախագծով առաջարկվում է իրավական կարգավորման ենթարկել հետևյալ հարցերը.

  • հստակեցնել իրավական երաշխիքից օգտվող սուբյեկտները. դրանք են կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորը,
  • կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորինկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմող սուբյեկտը,
  • կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի համար նիստ հրավիրելու և որոշում կայացնելու ժամկետը, նիստի և որոշում կայացնելու համար անհրաժեշտ ձայների հարցը,
  • կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության ընթացքը,
  • կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման ընդունման հետ կապված այլ հարցեր:

Ըստ այդմ, Նախագծով որոշակի իրավական երաշխիքներ են նախատեսվում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի համար, մասնավորապես վերջիններս իրավունք ունեն ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հարցի քննության համար ներկայացված բոլոր փաստաթղթերին և նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները, հարցեր տալ, առարկություններ ներկայացնել, բացատրություններ տալ և միջնորդություններ անել, ինչպես նաև հանդես գալ փաստաբանի միջոցով:

Նախատեսվում է նաև, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդում է դատախազը կամ վերադասը դատախազը՝ ներկայացնելով միջնորդության համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը, որից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն անհապաղ նիստ է հրավիրում, իսկ ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում է ընդունվում ոչ ուշ, քան միջնորդության մուտքագրման հաջորդ օրը:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննարկման և լուծման հետ կապված առկա իրավական կարգավորումները, ինչպես նաև սահմանել նշյալ հարցի արդյունավետ իրացման հետ կապված նոր կարգավորումներ, իրավական երաշխիքներ:

 5. ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում առաջանում է ծախսերի ավելացման անհրաժեշտություն:

 

[1] Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` ի թիվս այլնի դատախազի բացառիկ լիազորությունն է դիմել համապատասխան մարմիններ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձանց կալանավորման հարցը լուծելու, քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններով, եթե այդ անձինք քրեական գործով պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ։

  • Discussed

    20.08.2021 - 05.09.2021

  • Type

    Constitutional law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4779

Print