Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
29.12.2020
Հոգեբանական գործոնն էական և նույնիսկ վճռական նշանակություն ունի ցանկացած ոլորտի (…) բարեփոխումների համար (Տե՛ս Արթուր Ղամբարյան, «Իրավունք և արդարադատություն (հարաբերակցության մեթոդաբանական ասպեկտը)», էջ 10:): Պետության և իրավունքի հարաբերակցության ծայրահեղ էտատիկ (իրավունքը դիտարկվում է որպես պետության կցորդ, որպես դրա հետևանք (Տե՛ս Рассказов Л.П. Теория государства и права: углубленный курс: Учебник. — М.: РИОР: ИНФРА-М, 2015, էջ 242:)) մոտեցումը թույլ չի տալիս ընկալել իրավունքի հումանիստական պոտենցիալը, իրավունքի արժեքը և իրավունքի արժեքային այնպիսի առաջնային հատկանիշներ, ինչպիսիք են արդարությունը, հավասարությունը և ազատությունը» (Տե՛ս Արթուր Ղամբարյան, «Իրավունք և արդարադատություն (հարաբերակցության մեթոդաբանական ասպեկտը)», էջ 10:)։ Նախագծով սահմանվել է հատուկ ժամկետ, որն ավելի քան 18 անգամ պակաս է, քան ժառանգության ընդունման ընդհանուր ժամկետը։ «Ընդհանուր» և «հատուկ» կատեգորիաների հարաբերակցության և՛ «ընդհանուր», և՛ «հատուկ» նորմերի մրցակցության հետ կապված հայտնում ենք, որ «իրավունքի տեսության մեջ նշվում է, որ իրավական նորմերի մրցակցության դեպքում, ի տարբերություն իրավական նորմի կոլիզիայի (բախման), առկա չէ հակասություն, պարզապես 2 և ավելի իրավական նորմեր կարգավորում են միևնույն խումբ հասարակական հարաբերությունները, միայն թե տարբեր կոնկրետացման աստիճանով, տարբեր ծավալներով և այլն: «Ընդհանուր» և «հատուկ» նորմերի մրցակցության դեպքում կիրառվում է «հատուկ» նորմը (Նույն տեղում, էջ 15։): Ակնհայտ է, որ Նախագծի ընդունման դեպքում Օրենսգրքով սահմանված ընդհանուր ժամկետում ժառանգություն ընդունվել այլևս չի կարող այն դեպքերում, երբ ժառանգատուն կորոնավիրուսային համավարակից կամ էլ պատերազմական գործողություններից մահացած անձ է։ Ակնհայտ է, որ Նախագծով սահմանված ժամկետը խոչընդոտում է սուբյեկտների կողմից իրենց իրավունքների իրացման հնարավորությունը՝ անհամաչափ կրճատում այն ողջամիտ ժամանակահատվածը, որի ընթացքում իրատեսական է քաղաքացիաիրավական քննարկվող իրավահարաբերության գործարկումը։ Ժառանգության ընդունման նպատակահարմարությունն ուղղակի կախվածության մեջ է գտնվում ժառանգատուի պարտատերերի կողմից պահանջների ներկայացումից։ Պարտատերերի կողմից իրենց պահանջները ներկայացնելու ժամկետային սահմանափակումը երաշխավորում է ժառանգի՝ ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը որոշելու իրավունքը։ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/2190/02/15 քաղաքացիական գործով դիրքորոշում է հայտնել առ այն, որ «պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի սահմանափակում դնելը նպատակաուղղված է ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու՝ իր իրավունքի իրացման համար բավարար հստակություն և որոշակիություն մտցնելուն, որպեսզի սահմանված ժամկետում ժառանգը հնարավորություն ունենա որոշել ընդունել ժառանգությունը, թե՝ ոչ, կամ օրինակ՝ պարտատերերի կողմից նշված ժամկետում պահանջ ներկայացվելու դեպքում հրաժարվել ժառանգությունից, թե՝ ոչ։ Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է. «Ընդունելով ժառանգությունը` ժառանգը ոչ միայն ձեռք է բերում համապատասխան իրավունքներ, այլև պարտավորություն ստանձնում իրեն անցած գույքի արժեքի սահմաններում պատասխանատվություն կրելու՝ ժառանգատուի պարտավորությունների համար: Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում իր ժառանգման իրավունքն իրացնելիս, ժառանգը պետք է հստակ պատկերացում ունենա ինչպես ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի կազմի, այնպես էլ ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ: Եթե ժառանգության զանգվածի կազմը, որպես կանոն, պարզ է լինում ժառանգի համար, այլ է իրավիճակը ժառանգատուի պարտավորությունների պարագայում: Վերջիններիս վերաբերյալ որոշակի պատկերացում ժառանգը կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված ժամկետում պարտատերերի կողմից ներկայացվեն համապատասխան պահանջներ»: Օրենսգրքի պահանջներ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանելն ինքնանպատակ չէ. այն կոչված է ապահովելու քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունը և որոշակիությունը՝ պայմանավորված ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկություններով: Ընդունելով ժառանգությունը՝ ժառանգը ոչ միայն ձեռք է բերում համապատասխան իրավունքներ, այլև ստանձնում պարտավորություն՝ իրեն անցած գույքի արժեքի սահմաններում պատասխանատվություն կրելու ժառանգատուի պարտավորությունների համար: Նախագիծը կորոնավիրուսային համավարակից կամ պատերազմական գործողությունների հետևանքով մահացած ժառանգատուի պարտատերերի համար այլ ժամկետ չի նախատեսել, այսինքն, այս դեպքում ևս գործելու է Օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր ժամկետը, համաձայն որի՝ «1. Պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից 6 ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները»: Ստացվում է, որ ժառանգին «հարկադրում են» ընդունելու ժառանգությունը՝ առանց դրա ընդունման նպատակահարմարությունը պարզելու, քանի որ ժառանգության զանգվածի մեջ են մտնում թե՛ ժառանգատուին պատկանող ակտիվները՝ գույքը, դրամական միջոցները, թե՛ պարտավորությունները։ Նշված մոտեցումն անընդունելի է և առաջացնում է անորոշություն ժառանգի համար, եթե անգամ վերացարկվենք այն հանգամանքից, որ ժառանգը յոթնօրյա ժամկետում կներկայանա նոտարական գրասենյակ, անհայտ է, թե ժառանգության ինչպիսի կազմի հետ գործ ունի։ 3. Միջազգային փորձը ժառանգության ընդունման ժամկետի վերաբերյալ Ռուսաստանի քաղաքացիական օրենսգրքի 1154-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգության բացման օրվանից՝ 6 ամսվա ընթացքում։ «Ժառանգության մասին» Էստոնիայի օրենքի 118-րդ և 119-րդ հոդվածների համաձայն` ժառանգությունը համարվում է ընդունված, եթե 3 ամսվա ընթացքում ժառանգը չի հրաժարվում ժառանգությունից, ընդ որում ժամկետի սկիզբը հաշվարկվում է այն պահից, երբ ժառանգն իմացել է ժառանգատուի մահվան և ժառանգության իր իրավունքի մասին ։ Համանման կարգավորում է պարունակում նաև Մոլդովայի քաղաքացիական օրենսգիրքը՝ ամրագրելով ժառանգության ավտոնոմ ընդունման իրավունքը։ Մոլդովայի qաղաքացիական օրենսգրքի 2390-րդ և 2391-րդ հոդվածներով նախատեսված է եռամսյա ժամկետ՝ ժառանգությունից հրաժարվելու համար։ Լատվիայի քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգության ընդունման ժամկետը 1 տարի է ։ Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածում 2006 թվականին կատարված փոփոխությամբ՝ ժառանգության ընդունման ժամկետը 30 տարուց նվազեցվեց 10 տարվա։ Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 1424-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգության ընդունման ժամկետը 6 ամիս է՝ հաշված ժառանգության բացման օրվանից ։ Ուսումնասիրված երկրների օրենսդրություններից և ոչ մեկը մահվան պատճառի հիմքով ժառանգության ընդունման տարբերակված ժամկետներ չի նախատեսում, ընդհակառակը՝ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման այլ եղանակներ է օգտագործում, մասնավորապես՝ վերը հիշատակված Էստոնիայի և Մոլդովայի քաղաքացիական օրենսգրքերը սահմանում են ժառանգության ինքնավար (ավտոնոմ) ընդունման իրավակարգավորումներ, այսինքն՝ ժառանգությունը համարվում է ընդունված, եթե սահմանված ժամկետում վերջինից հրաժարման դիմում չի ներկայացվում։ Ֆրանսիայում շահագրգիռ անձինք կարող են ժառանգության բացման օրվանից 4 ամսվա ընթացքում «ոչ վճռական» ժառանգից պահանջել կատարել ընտրություն՝ ժառանգությունը ընդունելու կամ հրաժարվելու միջև։ Գերմանիայի քաղաքացիական օրենսգիրքը ևս սահմանում է ժառանգության ավտոնոմ ընդունման կառուցակարգ. ժառանգությունը համարվում է ընդունված՝ 4 շաբաթվա ընթացքում հրաժարվելու դիմում չներկայացնելու դեպքում, ընդ որում՝ ժամկետի հաշվարկման հիմքը ժառանգության կանչվելու պահն է, այսինքն, երբ ժառանգն իմացել է ժառանգության նկատմամբ իր իրավունքի մասին։ Ակնհայտ է, որ իրավական անորոշության հաղթահարման վկայակոչված այլընտրանքային մեթոդներն ավելի իրավաչափ են և ապահովում են մասնավոր և հանրային շահերի հավասարակշռումը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագիծը հանել շրջանառությունից։