Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների լիարժեք և արդյունավետ ներդրման, ինչպես նաև վերջիններիս կիրառման համար համապատասխան իրավական կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը
2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 73-րդ գլխով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները, սակայն բացակայում են անհրաժեշտ հարկային վարչարարություն իրականացնելու համար համապատասխան օրենսդրական հիմքերը։ Ընդհանուր առմամբ, նախագծի նպատակն է արդեն իսկ սահմանված կարգավորումները համապատասխանեցնել միջազգային մոտեցումներին, ինչպես նաև սահմանել հարկային հսկողություն իրականացնելու ընթացակարգերը։ Օրենսգրքի համապատասխան դրույթները միջազգային մոտեցումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք մշակվել են դեռևս 2015 թվականին, որից հետո տրանսֆերային գնագոյացման կարգավորումներ սահմանող միջազգային մոտեցումները էականորեն փոփոխվել են։ Մասնավորապես․
- Տրանսֆերային գնագոյացման կիրառման տեսանկյունից չհաջողված փորձ է համարվում ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների նկատմամբ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառումը, ուստի նախագծով առաջարկվում են համապատասխան փոփոխությունների իրականացում,
- Հստակեցվել է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման շրջանակները, մասնավորապես հստակեցվել է մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ տրանսֆերային գնագոյացման կիրառման առանձնահատկությունները։ Այս հստակեցումը կարևոր նշանակություն ունի համաչափ հարկային վարչարարություն իրականացնելու տեսանկյունից, քանի որ դուստր կազմակերպությունների և մշտական հաստատությունների միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող անձանց միջև ստեղծվում էր խտրական մոտեցում։
- Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման համար կարևորագույն բաղադրիչ է փոխկապակցված անձինք համարվելու չափանիշների համակարգը, ինչը ամբողջությամբ վերանայվել է։ Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխկապակցված անձանց շրջանակը չի սահմանափակվում միայն ՀՀ հարկ վճարողներով, իսկ գործող օրենսդրությամբ հարկ վճարողներ են համարվում այն ֆիզիկական անձինք և կազմակերպությունները, որոնք Օրենսգրքով ունեն կամ կարող են ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն, ուստի Օրենսգրքի 362-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից առաջարկվել է «անձ» հասկացության կիրառումը, որը համապատասխանում է կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերով նախատեսված տերմինի բովանդակությանը։ Այս փոփոխությունը թույլ կտա հետագայում խուսափել նաև որոշակի տարընկալումներից այլ երկրների հարկային մարմինների հետ փոխհամաձայնեցման ընթացակարգի իրականացման ժամանակ։
- Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրումն անմիջականորեն պայմանավորված են հարկ վճարողների կողմից հարկային կարգապահության դրսևորման բարձր մակարդակի հետ, սակայն Օրենսգրքով սահմանված չեն հարկային կարգապահության մակարդակի աճը խրախուսող մեխանիզմներ։ Այս առումով, նախագծով նախատեսվում է բարձր հարկային կարգապահություն ցուցաբերելու դեպքում հարկային պատասխանատվության ավելի մեղմ միջոցներ։ Միաժամանակ, միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրման արդյունավետությունն ուղղակիորեն պայմանավորված է հարկային պատասխանատվության համապատասխան տեսակների կիրառման հետ։ Մասնավորապես, տրանսֆերային գնագոյացման համապատասխան փաստաթղթեր չներկայացնելու դեպքում, այն է հարկային մարմնի հետ չհամագործակցելու դեպքում, աշխարհի բոլոր երկրներում կիրառվում են հարկային պատասխանատվության միջոցներ և հակառակը՝ հարկային մարմնի հետ համագործակցելու դեպքում՝ սահմանված են պատասխանատվության մեղմ միջոցներ։ Վերը նշված մոտեցումներն արտացոլված են նախագծում։
- Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման տեսանկյունից հատկապես կարևոր են տեղեկատվության աղբյուրները, ինչպես նաև հարկային մարմնի կողմից վերջիններիս ձեռքբերման հնարավորությունները։ Մասնավորապես, աշխարհում գործում է տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման եռաստիճան համակարգ՝ յուրաքանչյուրն իրեն բնորոշ ընթացակարգերով։ Նախագծում հստակեցվել են արժանահավատ տեղեկատվություն հանդիսացող աղբյուրները, ինչպես նաև տեղեկությունների ներկայացման եռաստիճան համակարգը։
- Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման համակարգը ենթարկվել է առանցքային փոփոխությունների, որը պայմանավորված է ՏՀԶԿ «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ» ծրագրի (այսուհետ՝ BEPS) մեկնարկով, որի նվազագույն ստանդարտներից է «Երկրների միջև փոխանակվող հաշվետվություն» ստանդարտը (BEPS 13-րդ Գործողություն): Նշված ստանդարտը տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման եռաստիճան համակարգի 3-րդ աստիճանն է, հետևաբար դրա ներդրումը արդյունավետ չի կարող լինել առանց 1-ին և 2-րդ աստիճանների փաստաթղթավորման համակարգի ներդրման։ Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ «Երկրների միջև փոխանակվող հաշվետվություն» BEPS նվազագույն ստանդարտի ներդրումը հանդիսանում է նաև ՀՀ կողմից ստանձնած պարտավորություն՝ համաձայն Եվրոպական Միության վարքագծի կանոնների խմբի։
Հարկային թափանցիկության բարձրացման լծակ է հանդիսանում տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման շրջանակներում նախնական գնագոյացման պայմանավորվածությունների (նախնական գնագոյացման պայմանավորվածություն) ձեռք բերման հնարավորությունը, որի օրենսդրական հիմքը նախագծով ևս նախատեսված է։
Նախագծով նախատեսվող փոփոխությունների մյուս խումբն առնչվում է հարկային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի սահմանմանը։ Մասնավորապես, Օրենսգրքով նախատեսված չէ հարկային հսկողության ինչ տեսակ է տրանսֆերային գնագոյացման ստուգումը և ինչ ընթացակարգերով է իրականացվելու։ Այս կապակցությամբ, նախագծով սահմանվել են տրանսֆերային գնագոյացման ստուգման տեսակը, ընթացակարգերը, իրականացման ժամկետները, առանձնահատկությունները։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ զարգացող երկրներում տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրման սկզբնական ժամանակաշրջանում տրանսֆերային գնագոյացման ստուգումը հանդիսանում է առանձին ստուգման տեսակ՝ համապատասխան ստուգման շրջանակներով, ժամկետներով և հարկային հետևանքներով։ Հետագայում, հարկային մարմնի կարողությունների զարգացմանը զուգընթաց, այն կարող է դառնալ համալիր հարկային ստուգման բաղկացուցիչ մաս, իսկ բարդ ստուգումներին կարող են ներառվել տրանսֆերային գնագոյացման ստուգում իրականացնելու համար հատուկ հմտություններ ունեցող աշխատակիցներ։ Նախագծի հիմքում ընկած է վերը նշված տրամաբանությունը։ Միաժամանակ, վերը նշված տրամաբանությունից ելնելով, այն է՝ համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումները հարկային ստուգումների առանձին տեսակներ դասակարգելու մոտեցումից, նախատեսվում է նաև տրանսֆերային գնագոյացման արդյունքում ճշգրտված հաշվարկ ներկայացնելու պարտավորություն։
Նախագծով իրականացվել են նաև տեխնիկական բնույթի մի շարք փոփոխություններ և լրացումներ։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ-ի կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է, որ սույն նախագիծը կնպաստի տրանսֆերային գնագոյացման կարգավորումների համապատասխանեցմանը միջազգային մոտեցումներին, հարկային հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովմանը, հարկ վճարող-հարկային մարմին հարաբերության թափանցիկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև կկանխի հարկվող բազայի քայքայման և շահույթի տեղաշարժի փորձերը: Նախագծով ակնկալվում է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ուղղությամբ ՀՀ ՊԵԿ կողմից իրականացվող վարչարարության բարելավումը: Նախագիծը կխթանի նաև փոխկապակցված հարկ վճարողների միջև միջսահմանային գործարքների պայմանների, դրանց դիմաց ստացված եկամուտների և առաջացված հարկվող բազայի ճշգրիտ ներկայացմանը և հարկմանը:
-
Discussed
05.11.2020 - 06.12.2020
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 6170
Print