Add to favourites

«Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

<<___>> <<________>> 2019 թվականի N _____ Լ

 

 ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման N1 հալվելվածի 138.3 կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
  2. Հաստատել կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

  Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2019 թվականի

_______________ ____ ի  N___    որոշման

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ 

ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

  1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ 
  1. Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգի (այսուհետ՝ Հայեցակարգ) նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի  (այսուհետ՝ Ջրային կոմիտե) կողմից:

 

  1. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ 
  1. Սույնհայեցակարգում ներկայացվում են հանրապետության բնակավայրերում, միջնաժամկետ հատվածում,  ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) և կեղտաջրերի մաքրման բնագավառի զարգացման հիմնահարցերը  և դրանց կարգավորմանն ուղղված միջոցառումները:
  2. Հայեցակարգը հիմնականում նպատակաուղղված է՝
  • Ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) և կեղտաջրերի մաքրման իրավիճակի վերլուծությանը և գնահատմանը,
  • ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) և կեղտաջրերի մաքրման համակարգերի պահպանման և շահագործման բարելավմանը, նոր համակարգերի կառուցմանը,
  • հեռացվող կեղտաջրերի քանակական հաշվառմանը,
  • գործող 6 կեղտաջրերի մաքրման կայաններում (այսուհետ՝ ԿՄԿ) կեղտաջրերի ամբողջական մաքրման ապահովմանը,
  • վարձակալի՝ <<Վեոլիա Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության կողմից չսպասարկվող շուրջ 570 բնակավայրերում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման խնդիրների լուծման տարբերակների ընտրությանը,
  • բնագավառի զարգացմանն ուղղված արդյունավետ տեխնոլոգիաների և մեթոդների, միջազգային առաջավոր փորձի ներդրմանը,
  • Սևանա լիճ թափվող կեղտաջրերի ամբողջական մաքրման համար համակարգերի, այդ թվում մաքրման կայանների կառուցմանը,
  • բնագավառի բարելավմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներին:

 

  • ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 
  1. Հայեցակարգը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին>> N 650-Լ որոշման N1 հավելվածի 138.3 կետի պահանջների: Հայեցակարգը մշակվել է հիմք ընդունելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD)կողմից իրականացված <<Հայաստանում կայուն ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ազգային ռազմավարության մշակում>> ուսումնասիրություններն ու առաջարկությունները, որտեղ ներառված է նաև բնագավառում միջազգային փորձը:
  2. Հայեցակարգի մշակումը պայմանավորված է հանրապետության բնակավայրերում ջրահեռացման, այդ թվում կեղտաջրերի հեռացման և մաքրման առկա վիճակի վերլուծության և բարելավման անհրաժեշտությունից:
  3. Հայեցակարգի հիմնական նպատակն է ապահովել ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման հիմնահարցերի կարգավորումը: 
  1. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 
  1. Ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ոլորտը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, <<Հայաստանի Հանրապետության Ջրի ազգային ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու և <<Երևան Ջուր>> փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 15.03.2018թ. նիստի N10 արձանագրության 13-րդ կետով հավանություն տրված Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2018-2030թթ. ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 14.08.2014թ. <<Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին>> N883-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016թ. <<Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին>> N378Ն, <<Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին>> N379Ն,  12.2016թ. <<<<Վեոլիա Ջուր>> փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարարաման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին>> N397Ա որոշումներով, ինչպես նաև 2016թ. նոյեմբերի 21-ին <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի հետ կնքված՝ <<Երևան Ջուր>>, <<Հայջրմուղկոյուղի>>, <<Լոռի-Ջրմուղկոյուղի>>, <<Շիրակ-Ջրմուղկոյուղի>> և <<Նոր Ակունք>> ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրով:
  2. Հայաստանի մի շարք բնակավայրերում ջրահեռացման և  հատկապես կեղտաջրերի մաքրման ծառայությունների որակն անբավարար է: Գյուղական բնակավայրերում այդ ծառայությունները հիմնականում չեն մատուցվում՝ ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերի բացակայության պատճառով: Այս իրավիճակն առաջացնում է լուրջ առողջապահական և բնապահպանական խնդիրներ:

            Քաղաքներում իրավիճակն անհամեմատ լավ է, բնակչության շուրջ 95%-ն ունի կոյուղու համակարգերից օգտվելու հնարավորություն: Սակայն այդ համակարգերի զգալի մասը գտնվում է տեխնիկապես անբավարար վիճակում: Նախկինում գործել են 20 ԿՄԿ-ներ: Ներկայումս գործում են Երևանի <<Աէրացիա>>, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Դիլիջան և Ջերմուկ քաղաքների ԿՄԿ-ները: Նախատեսվում է կառուցել ԿՄԿ-ներ Արմավիր (Մեծամոր) և Սևան քաղաքներում:  Բոլոր գործող ԿՄԿ-ներում իրականացվում է մեխանիկական մաքրում:      

  1. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 
  1. Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգի նպատակն է՝ բնագավառի արդիականացման և կատարելագործման, բոլոր բնակավայրերում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման կայուն, բարձրորակ, մատչելի և հասանելի ծառայությունների մատուցման ապահովումը, առողջապահական և բնապահպանական խնդիրների լուծմանն աջակցությունը:
  2. Այս նպատակով անհրաժեշտ է բնագավառում իրականացնել ինստիտուցիոնալ, ներդրումային, օրենսդրական, տեխնիկական և կազմակերպական բարեփոխումներ:
  3. Աճում են նաև կեղտաջրերի ծավալները, որոնք հեռացվում են առանց մաքրման: Տնտեսվարող սուբյեկտների և մասնավորապես ձկնային տնտեսությունների դեպքում պետք է ավելի հստակ գնահատվի կեղտաջրերի հեռացման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
  4. Տեղերում ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) հետևանքով առաջացող տիղմի մշակման համար չկան հստակ լուծումներ:
  5. Արդյունաբերական կեղտաջրերի արտանետումների որակը և քանակը արդյունավետ կերպով չեն վերահսկվում:

  

  1. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ 
  1. Սույն հայեցակարգի V-րդ գլխում ներառված նպատակներին հասնելու և խնդիրները լուծելու հիմնականում անհրաժեշտ է ՝
  • իրականացնել ներդրումներ՝ ուղղված ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերի բարելավմանն ու ընդլայնմանը, ծառայություններ ստացող շահառուների թվի ավելացմանը,
  • հնարավորության սահմաններում վերանայել ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների գործող սակագները՝ ինքնածախսածածկման սկզբունքի կիրառմամբ,
  • ջրամատակարարման ծառայություններ ստանալու տեխնիկական պայմաններում հաշվի առնել առաջացած կեղտաջրերի հեռացումը և հետևողական լինել վերջինիս իրականացման հարցում,
  • <<Վեոլիա Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության կողմից չսպասարկվող բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) որակյալ ծառայությունների մատուցման նպատակով, ստեղծել մասնագիտացված կազմակերպություն (կազմակերպություններ) կամ գործող մասնագիտացված կազմակերպության (կազմակերպությունների)  հետ  կնքել համապատասխան պայմանագիր (պայմանագրեր),
  • ապահովել կենտրոնացված ջրահեռացման ցանց չունեցող տարածքներում տնտեսվարող սուբյեկտների կողմից սեփական միջոցների հաշվին տեղական լոկալ մաքրման կայանների և սարքերի տեղադրումն ու շահագործումը,
  • անհրաժեշտության դեպքում արտադրական կեղտաջրերը նախքան բնակավայրերի ջրահեռացման ցանց լցնելը, իրականացնել նախնական մաքրում՝ նորմերով սահմանված թույլատրելի սահմանային արժեքներին համապատասխանեցնելու նպատակով,
  • մշակել ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների վերաբերյալ հուսալի տեղեկատվական բազա,
  • իրականացնել տեղական պայմանների և ընթացիկ խնդիրների ամփոփ գնահատում,
  • ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման, տիղմի մշակման, մաքրված կեղտաջրերի և տիղմի վերաօգտագործման գործընթացների կանոնակարգման նպատակով բարելավել իրավական դաշտը,
  • մշակել և ընդունել կեղտաջրերի մաքրման գործընթացի կազմակերպման համար տնտեսական խթաններ,
  • վերանայլել մակերևութային ջրավազաններ թափվող մաքրված կեղտաջրերի հետ կապված վճարների հաշվարկման մեխանիզմը,
  • ապահովել սահմանված կարգով լիցենզավորված կազմակերպության ընտրություն՝ բնագավառի զարգացման կոնկրետ վերլուծությունների իրականացման, առաջարկվող լուծումների ազդեցության, բնապահպանական և սոցիալական, ինչպես նաև ֆինանսատնտեսական վերլուծությունների, այդ թվում՝ անհրաժեշտ ներդրումների ծավալի գնահատման նպատակով: 
  • ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
  1. Հայեցակարգը հանդիսանում է կեղտաջրերի հեռացման և մաքրման բնագավառի զարգացմանն ուղղված համալիր գործողությունների ամփոփ և կոնկրետ ուղեցույց: 
  • ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 
  1. Հանրապետության բոլոր բնակավայրերում (<<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի կողմից սպասարկվող և չսպասարկվող) ջրահեռացման և կեղտաջրերի ամբողջական մաքրման նպատակով բնագավառի ներկա և նախատեսվող կարիքների բավարարման համար կպահանջվեն մեծածավալ ներդրումներ: Այս ներդրումները պետք է իրականացվեն փուլային տարբերակով, սահմանելով առաջնահերթությունները: Ներդրումների համար ֆինանսական աղբյուրներ կարող են հանդիսանալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող համապատասխան վարկային և դրամաշնորհային միջոցները, պետական բյուջեից և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացվող համապատասխան միջոցները, օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

          Այս խնդրի լուծման գործում պետք է ներգրավվեն նաև կեղտաջրեր արտանետող արտադրական և այլ առևտրային կազմակերպությունները:

          Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ ներդրումների որոշակի մասը կփոխհատուցվի ամբողջական մաքրում իրականացնող ԿՄԿ-ների կողմից՝ տիղմի մշակումից ստացվող եկամուտների հաշվին: Անհրաժեշտ է նաև կենտրոնանալ առավելագույն կարիք ունեցող և/կամ ծախս-օգուտ հարաբերակցությունն արդյունավետ ապահովող բնակավայրերի վրա:  Պետք է մշակվեն նաև արդյունավետ մոտեցուներ, որոնցով կնախատեսվեն համալիր միջոցառումներ՝ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու նպատակով բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

  

  1. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
  1. Հայեցակարգը հիմք կհանդիսանա բնագավառի զարգացման, արդիականացման և հիմնախնդիրների լուծման համար:
  • Discussed

    31.10.2019 - 15.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7130

Print