Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Կարգավորման ենթակա խնդիրը.
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն սնանկության գործերով, որում առկա են գույքով ապահովված պահանջատերեր՝ հաճախակի ի հայտ են գալիս դեպքեր, երբ ապահովված պահանջատերը դատարանի համապատասխան որոշմամբ գույքը իրացնում է արտադատական կարգով: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում հիմնականում չի վերականգնվում տվյալ գույքի իրացումից առաջացած անուղղակի հարկային պարտավորությունների գումարը, իսկ պարտապանի կողմից գնորդներին տրամադրվում են հարկային հաշիվներ, որոնց հիման վրա գնորդները հաշվանցում են իրացումից առաջացած հարկային պարտավորությունները
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Այն սնանկության գործերով, որում առկա են գույքով ապահովված պահանջատերեր՝ հաճախակի ի հայտ են գալիս դեպքեր, երբ ապահովված պահանջատերը դատարանի համապատասխան որոշմամբ գույքը իրացնում է արտադատական կարգով: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում հիմնականում չի վերականգնվում տվյալ գույքի իրացումից առաջացած անուղղակի հարկային պարտավորությունների գումարը, իսկ պարտապանի կողմից գնորդներին տրամադրվում են հարկային հաշիվներ, որոնց հիման վրա գնորդները հաշվանցում են իրացումից առաջացած հարկային պարտավորությունները: Հետևաբար՝ ստացվում է, որ պետական բյուջեն նման գործարքներից կրում է կրկնակի վնաս՝ նախ բյուջե չի մուտքագրվում գույքի վաճառքից առաջացած հարկը, իսկ դրա հաշվին բյուջե չի մուտքագրվում նաև գնորդի կողմից իրացման արդյունքում առաջացած հարկը(գույքի վաճառքից առաջացած հարկի գումարի չափով):
Բազմաթիվ են նաև դեպքերը, երբ պարտապանը գրավադրել է երրորդ անձանց (հիմնականաում ֆիզիկական անձանց) գույքը: Սնանկության վարույթում գույքը կառավարչի կամ գրավառուի կողմից օտարելուց հետո ֆիզիկական անձանց մոտ առաջանում են հարկային պարտավորություններ, իսկ վերջիններս դրանց առկայության մասին իրազեկվում են հարկային մարմնից ստացված ծանուցումներից: Հիմնականում ֆիզիկական անձինք ի վիճակի չլինելով վճարել առաջացած պարտավորությունները, իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված (գույքը վաճառքի գինը որոշվել է այլ անձի կողմից) ևս ճանաչվում են սնանկ, իսկ պետական բյուջեն և պարտապան չհանդիսացող գրավատուները կրում են էական վնասներ:
Միաժամանակ, Նախագծով ընդլայնվել է պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու շրջանակը: Մասնավորապես, նախատեսվել է վերոնշյալ ստուգումը շարունակել նաև հարկային մարմնի կողմից իրականացվող այն ստուգումների դեպքում, որոնք սկսվել են մինչև պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելը: Լուծարման վարույթում գտնվող պարտապանի մոտ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել հսկիչ գնումներ, չափագրումներ, ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված ուսումնասիրություններ:
Բացի այդ, Նախագծով նախատեսվում է, որ վերոնշյալ ստուգումների և ուսումնասիրությունների, ինչպես նաև միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության և հանդիպակաց ուսումնասիրությունների դեպքում, ֆինանսապես առողջացած անձն օրենքով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում չի ազատվում բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել (նկատի ունենալով այն հանգամանքը, որ դեռևս վերը նշված ստուգումը կամ վերստուգումը ավարտված չէ) ավարտված սնանկության գործի շրջանակներում, և այդ պարտատերերը չեն զրկվում հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից:
Հետևաբար, հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացած միջոցների բաշխումը իրականացնել նշված առարկայի իրացումից առաջացող անուղղակի հարկերը պահելուց հետո, ինչի արդյունքում կերաշխավորվի նշված գումարների վճարումը ՀՀ պետական բյուջե և լրացուցիչ վարչարարական գործիքներ և ծախսեր չեն իրականացվի դրանց գանձման ուղղությամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:
- Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Կերաշխավորվի ապահովված իրավունքի առարկայի իրացումից առաջացող անուղղակի հարկերի վճարումը ՀՀ պետական բյուջե և լրացուցիչ վարչարարական գործիքներ և ծախսեր չեն իրականացվի դրանց գանձման ուղղությամբ: