Add to favourites

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1․ ՀՀ քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝  գույքի բռնագրավումը և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես լրացուցիչ պատիժներ կարող են նշանակվել միայն այդ օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:

 ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը պատասխանատվություն է նախատեսում յուրացման կամ վատնման համար, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Հոդվածի նշված մասի սանկցիայում որպես լրացուցիչ պատիժ է նախատեսված որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում նույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված գործողության համար, որը կատարվել է  առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից։ Սակայն, հոդվածի հիշյալ մասով նախատեսված սանկցիան որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատժատեսակ չի նախատեսում։ Նման պայմաններում, երբ պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարված յուրացումը կամ վատնումը որակվում է հոդվածի առավել  ծանրացնող հանգամանքով՝ առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից կատարված, դատարանը զրկվում է նշված լրացուցիչ պատժի նշանակման հնարավորությունից, ինչը չի բխում պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներից։

2. ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի դիսպոզիցիայի ոչ ճիշտ ձևակերպման պատճառով պրակտիկայում հաճախ խնդիրներ են առաջանում այդ հոդվածով նախատեսվող հանցագործության որակման հետ կապված։ Մասնավորապես՝ նշված հոդվածը սահմանում է․ «Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործելու համար, ինչպես նաև զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելը, եթե դա առաջացրել է ծանր հետևանքներ»։

 Հիշյալ հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է անգործությամբ, այն է՝ հանցավորը չի պահպանում նշված առարկաների պահպանության կանոնները  (հարկ է նշել, սակայն, որ խոսքը կանոնների այնպիսի խախտման մասին է, որը պայմաններ է ստեղծում այլ անձանց կողմից նշված առարկաների օգտագործման համար), և գործողությամբ, այն է՝ զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելով։

 Հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում վտանգավոր հետևանքների առաջացումը, ինչը հոդվածում շարադրված է որպես ծանր հետևանքներ։

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի  16-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաև» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաև» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ:

 Քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դիսպոզիցիան «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի  16-րդ հոդվածի 7-րդ կետի կարգավորման համատեքստում՝ ակնհայտ է դառնում, որ հիշյալ հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող ծանր հետևանքների առաջացման պայմանը վերաբերելի է միայն զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելու գործողության կատարմանը, մինչդեռ հոդվածի տրամաբանությունը խոսում է այն մասին, որ այդ հետևանքի առաջացումը պարտադիր պայման պետք է լինի նաև հանցակազմի օբյեկտիվ կողմի՝ անգործությամբ դրսևորվող ձևի համար, որն արտահայտվում է նշված առարկաների պահպանության կանոնները  չպահպանելով։ Հակառակ պարագայում կստեղծվի մի իրավիճակ, երբ հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր տարրի՝ հետևանքի առկայությունը կկապվի միայն այդ հանցակազմի օբյեկտիվ կողմի այն դրսևորման հետ, որն իր վտանգավորությամբ առավել ծանր է, իսկ առավել պակաս վտանգավորություն ունեցող արարքի կատարման համար քրեական պատասխանատվությունը վրա կհասնի՝ առանց ծանր հետևանքի առկայության։

3. ՀՀ քրեական օրենսգրքի 315․1-ին հոդվածը պատասխանատվություն է նախատեսում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շենք, շինություն կառուցելու կամ վերակառուցումը չդադարեցնելու և (կամ) անօրինական կառույցները չքանդելու համար, որոնք կատարվել են նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։

 Հիշյալ հոդվածի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հետևյալ գործողություններից որևէ մեկի կատարմամբ՝

1․պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելով և դրա հետևանքները չվերացնելով,

2․ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում շենք, շինություն կառուցելով կամ վերակառուցումը չդադարեցնելով,

3 նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շենք, շինություն կառուցելով կամ վերակառուցումը չդադարեցնելով,

4․ անօրինական կառույցները չքանդելով։

 Հիշյալ նորմի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ 3-րդ կետում թվարկված իրավիճակը վերաբերում է ինքնակամ կառույց կառուցելուն կամ այդպիսի կառույցի վերակառուցումը չդադարեցնելուն։

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում՝

- օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը,

- առանց թույլտվության կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը,

- թույլտվությամբ սահմանված պայմանների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը,

- քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

 Հիշյալ նորմի և ՀՀ քրեական օրենսգրքի 315․1-ին հոդվածի դիսպոզիցիայի համեմատական վերլուծությունն ակնհայտ է դարձնում այդ հոդվածի ձևակերպման մեջ առկա անհստակությունը, ինչն իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ է առաջացնում անձանց արարքը քննարկվող հոդվածով որակելու հարցում։ Մասնավորապես՝ ստացվում է մի իրավիճակ, երբ թույլտվությամբ սահմանված պայմանների էական խախտումներով շենք, շինություն կառուցելը կարող է այդ արարքի համար մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո առաջ բերել քրեական պատասխանատվություն, մինչդեռ մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո առանց  թույլտվության շենք, շինություն կառուցելու համար, որի հանրային վտանգավորությունը, կարծում ենք,  ավելի բարձր է, քրեական պատասխանատվություն չի նախատեսվում։

 Բացի այդ, հարկ է նշել նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 315․1-ին հոդվածով նախատեսված արարքների կատարումը դեռևս բավարար չէ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ այդպիսի պատասխանատվության վրա հասնելու պարտադիր պայման է վարչական պրեյուդիցիան, այսինքն՝ անձը պետք է կատարի հոդվածում թվարկված արարքներից որևէ մեկը այդ արարքի համար կրկնակի վարչական տույժ ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։

 ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածը սահմանում է՝

«Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:»

 ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիշյալ հոդվածի և ՀՀ քրեական օրենսգրքի 315․1-ին հոդվածի համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քննարկվող արարքների համար վարչական պատասխանատվություն նախատեսող ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածը ամբողջությամբ չի համընկնում ՀՀ քրեական օրենսգրքի 315․1-ին հոդվածի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների հետ, ինչը ևս արարքի քրեաիրավական որակման համար խնդիրներ է ստեղծում։ Մասնավորապես՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը վարչական պատասխանատվություն չի նախատեսում անօրինական կառույցները չքանդելու համար, հետևաբար, նշված արարքի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի կիրառումը դառնում է անիրագործելի։

 Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 315․1-ին հոդվածի և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի սանկցիաների համեմատական վերլուծությունից ակնհայտ է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 315․1-ին հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունն ավելի մեղմ է (տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով), քան դրա պայման հանդիսացող՝ նույն արարքի համար կրկնակի վարչական տույժը (տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով): Նշված իրավակարգավորումը տրամաբանական չէ և չի բխում վարչական իրավախախտումների և հանցագործությունների հանրային վտանգավորության աստիճանների ողջամիտ հարաբերակցությունից։

   2. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով առաջարկվում է լրացումներ և փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես՝

  • 179-րդ հոդվածի 3-րդ մասում որպես լրացուցիչ պատիժ՝ նախատեսել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը,
  • 239-րդ հոդվածի վերնագիը համապատասխանեցնել հոդվածի դիսպոզիցիային, հստակեցնել հոդվածի դիսպոզիցիան, մասնավորապես այնպես, որ ծանր հետևանքների առաջացումը վերաբերելի լինի ինչպես զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելուն, այնպես էլ hրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելուն, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործելու համար,
  • լրացում կատարել 1-ին հոդվածի դիսպոզիցիայում՝ որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման ձև նախատեսելով նաև մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո առանց թույլտվության շենք, շինության կառուցումը, ինչպես նաև խստացնել հիշյալ արարքի համար նախատեսված սանկցիան՝ սահմանելով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով:

 Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածում՝ հստակեցնելով զանցանքի դրսևորման ձևերը՝ մասնավորապես վարչական պատասխանատվություն նախատեսելով նաև անօրինական կառույցները չքանդելու համար՝ ապահովելու համար համապատասխանություն Քրեական օրենսգրքի 315.1-ին հոդվածի օբյեկտիվ կողմը կազմող արարքների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի միջև:

 Ըստ այդմ, Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից առանց թույլտվության, նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շենքի, շինության կառուցումը կամ վերակառուցումը չդադարեցնելը և (կամ) անօրինական կառույցները չքանդելը, բացառությամբ գյուղական համայնքներում վերոնշյալ արարքների կատարման`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:

 Հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է  վարչական պատասխանատվություն  նախատեսել  նույն արարքի համար, որը կատարվել է գյուղական համայնքներում, իսկ 3-րդ մասով՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, ինչպես  նաև դրա հետևանանքրեը չվերացնելու համար, ինչը բովանդակային առումով համընկնում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման և դրա հետևանանքերը չվերացնելու հետ:

   3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության և լրամշակվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

   4.Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, 239-րդ և 315.1-ին հոդվածների, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի կարգավորումները՝ այդպիսով ապահովելով  իրավական որոշակիությունը, բացառելով տարակարծիք մեկնաբանությունները, չարաշահումներն ու հակասական իրավակիրառ պրակտիկան, նպաստելով հիշյալ հանցագործություններով պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացմանը:

  • Discussed

    07.10.2019 - 24.10.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8088

Print

Suggestions

Գևորգ Մալխասյան

07.10.2019

Առաջարկություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի վերաբերյալ՝ 1. Գտնում եմ, որ միայն բնակելի տների կամ գյուղատնտեսական շինոթյունների համար գյուղական բնակավայրերում պետք է լինի նվազ պատասխանատվության: Գյուղական բնակավայրերում հասարակական, արտադրական կամ աշլ շինությունների ինքնակամ կառուցման համար պետք է լինի ավելի խիստ պատասխանատվություն: Պետական և ոչ պետական հողմասերի վրա ինքնակամ կառույցների կառուցման համար տարբեր պատասխանատվության մջոցների կիրառումը հակասում է օրենքի առաջ հավասարության ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սկզբունքը և հիշեցնում է սոցսեփականության պաշտպանության ԽՍՀՄ սկզբունքը: ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նածագծի վերաբերյալ՝ 1. Յուրացնելը և վատնելը պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն չէ, այս իսկ պատճառով այն միշտ չէ որ կատարվում է պաշտոնատար անձի կողմից: Այս իսկ պատճառով լրացնել «որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա,» բառերով սանկցիայի լրացումը հիմնավորված չէ: Առաջարկում եմ ուսումնասիրել ՀՀ քրեական օրենսգրքի մյուս հոդվածները ևս: 2. Օրենսդրքի 239-րդ հոդվածով օրենսդիրը ուղղակի առավել առավել վտանգավոր է համարել ոչ թե զենքի այլ միայն հրազենն ափութությամբ պահելը: Օրենսդիրն այլ զենքը՝ սառը զենքը, նետողական զենքը, օդամղիչ զենքը, գազային զենքը կամ ազդանշանային զենքը անփութորեն պահելու համար չի նախատեսել պատասխանատվություն: 3. Օրենսգրքի 315.1 և 315.2 հոդվածները ևս պետք է տարածվեն նաև բոլոր հողերի վրա: Հակառակ պարագայում խախտվում է օրենքի առաջ հավասարության ՀՀ Սահմանադրությամ բ նախատեսված սկզունքը:

See more