- Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ իրավական ակտի ընդունման հետ կապված հանրային քննարկումը կազմակերպում է ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը: Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ նորմատիվ իրավական ակտի նախագիծը հիմնավորման հետ մեկտեղ փորձաքննության է ուղարկում համապատասխան ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը:
Ներկա կարգավորումների պայմաններում Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները իրենց կողմից մշակված նախագծերի հանրային քննարկումը և պետական-իրավական փորձաքննությունը չեն կարողանում ապահովել` հաշվի առնելով վերոշարադրյալ օրենսդրական կարգավորումները: Ինչի արդյունքում Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների կողմից մշակված նախագծերը ներկայացվում է կառավարություն և վերջինիս հանձնարարականի հիման վրա օրենքով լիազորված մարմնի կողմից ապահովում է հանրային քննարկումը և համապատասխան պետական-իրավական փորձաքննությունը: Նշված գործընթացը էականորեն երկարաձգում է Օրենքի պահանջներին համապատասխան մշակված նախագծի փաթեթը կառավարությունը ներկայացնելու գործընթացը:
Ուստի հաշվի առնելով վերոշարադրյալը անհրաժեշտություն է առաջացել պետական կառավարման մարմինների աշխատանքն առավել համակարգային կազմակերպելու համար Օրենքում կատարել փոփոխություն՝ իրավական ակտը մշակող մարմնին հնարավորություն ընձեռելով նախագիծը մշակելուց հետո այն ուղարկելու պետական-իրավական փորձաքննության և ապահովելու հանրային քննարկումը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն նախագծով հնարավորություն է ընձեռվում Կառավարության և վարչապետին ենթակա մարմիններին իրավական ակտի նախագիծը մշակելու հետ մեկտեղ ապահովել նաև պետական-իրավական փորձաքննությունն ու հանրային քննարկումը:
Մասնավորապես, Նախագծով իրավական ակտի ընդունման հետ կապված հանրային քննարկումն ու պետական-իրավական փորձաքննությունն կազմակերպող մարմինների շարքում նախատեսվել են նաև Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ արդարադատության նախարարություն:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումները, ինչպես նաև պետական-իրավական փորձաքննությունը նաև կառավարության և վարչապետին ենթակա մարմինների կողմից: