Add to favourites

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման

  1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է խոշտանգումների հնարավոր դեպքերը կանխարգելելու նպատակով Ոստիկանության ստորաբաժանումներում տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի կիրառման իրավական հիմքերի ամրագրման անհրաժեշտությամբ: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ հետաքննության ժամկետի ավարտի հիմքերի ներկա ձևակերպումն անհրաժեշտ է խմբագրել այնպես, որ հետաքննության ավարտը պայմանավորված լինի ոչ թե հանցանք կատարած անձի ի հայտ գալով, այլ քրեական հետապնդում հարուցելով և անհետաձգելի քննչական գործողություններն ավարտելով:

Օրինագծերի ընդունմամբ կապահովվի նաև Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը ՀՀ-ԵՄ ԹԻՎ ENI/2014/032-771 ֆինանսավորման համաձայնագրի (CRIS համարը՝ ENI/2014/032-771) շրջանակներում ԵՄ-ի կողմից տրամադրվող ընդհանուր բյուջետային օժանդակության ծրագրի խոշտանգումների դեմ պայքարին ուղղված մասով ստանձնած պարտավորության կատարումը:

  

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը երաշխավորում է մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը: Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում իրավասու է հավաքելու մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ: Թեև ոստիկանությունում տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերի տեղադրման և կիրառման տեխնիկական հնարավորություններն առկա են, սակայն անհրաժեշտ է իրավական հստակ կարգավորումներ նախատեսել տեսագրությունների և տեսաձայնագրությունների իրականացման, տեսագրությունների պահպանման ու օգտագործման հետ կապված հարաբերությունների համար:

Խոշտանգման և վատ վերաբերմունքի ռիսկեր են առաջանում ինչպես հետաքննության ընթացքում՝ որպես անհետաձգելի քննչական գործողություն իրականացվող հարցաքննությունների, այնպես էլ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձի հետ օպերատիվ հարցում կատարելու ընթացքում, երբ վերջինս չունենալով դեռևս կասկածյալի կարգավիճակ, այնուամենայնիվ հրավիրվում է ոստիկանություն և հարցման ենթարկվում:

Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ կասկածյալին հարցաքննելու՝ հետաքննության մարմնի լիազորությունը, որպես կանոն, գործնականում չի իրականացվում, քանի որ հանցանք կատարած անձի ի հայտ գալուն պես հետաքննության աշխատակիցը նրան անմիջապես փոխանցում է համապատասխան նախաքննության մարմնին՝ առանց վերջինիս հարցաքննելու: Առաջարկվող փոփոխության նպատակն է շտկել ստեղծված պրակտիկան և մինչև հետաքննության ժամկետի ավարտը՝ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձի ի հայտ գալու պարագայում քրեական գործը փոխանցել նախաքննություն իրականացնող մարմնին նրան հարցաքննելուց և մյուս անհետաձգելի քննչական գործողությունները կատարելուց հետո միայն: Կասկածյալի հարցաքննությունը, մասնավորապես,  անհետաձգելի քննչական գործողություն է, որը, հատկապես անձի ձերբակալումից հետո՝ պետք է իրականացվի սեղմ ժամկետում (ՔԴՕ 211-րդ հոդված՝ Կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց կամ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նրան հայտարարելուց անմիջապես հետո): Հետաքննության փուլում անձի ձերբակալումից հետո անձի հարցաքննությունը բոլոր դեպքերում նախաքննական մարմնում իրականացնելը սխալ իրավական պրակտիկա է, չի բխում ՔԴՕ 211-րդ հոդվածի իմաստից, հետաքննության արագության, անհետաձգելիության բովանդակությունից և ոչ էլ քրեագիտական մարտավարության խորհրդատվելի կանոններից:  

 

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ոստիկանության մասին օրենքում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու, բացահայտելու նպատակով Ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել համապատասխանաբար տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Նախագծով սահմանվում են տեսագրությունների և տեսաձայնագրությունների իրականացման նպատակը, հավաքված անձնական տվյալների պահպանման ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու դեպքերը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետն օրինագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել, քանի որ Օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասն արդեն իսկ սահմանում է հետաքննության ավարտի վերաբերյալ ժամկետները, ինչպես նաև հետաքննության մարմնի կողմից հարուցված քրեական գործը նախաքննության մարմնին փոխանցելու լիազորությունը:  Ընդ որում, Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետում նշվում է հետաքննության մարմնի կողմից ՔԴ օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ կատարելու լիազորությունը: Բացի այդ,  196-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը նոր խմբագրությամբ է շարադրվում, որի համաձայն՝  հետաքննությունը սահմանված 10-օրյա շժամկետից շուտ կավարտվի ոչ թե պարզապես հանցանք կատարած անձի ի հայտ գալուն պես, այլ քրեական հետապնդում հարուցվելու անհետաձգելի բոլոր քննչական գործողությունները ավարտվելուն պես: Այն որպես հստակ կարգավորում կփոխի ստեղծված պրակտիկան և հիմքեր կստեղծի ոստիկանության ծառայողի (հետաքննության աշխատակցի) համար մինչև հետաքննության ավարտն ի հայտ եկած կասկածյալին հարցաքննելու, ինչպես նաև մյուս անհետաձգելի քննչական գործողությունները կատարելու և նոր միայն վերջինիս  համապատասխան նախաքննական մարմնին հանձնելու համար: Միաժամանակ, Օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից հանվում են «, կամ քննիչը ներգրավվում է գործի քննությանը» բառերը՝ հստակեցնելու համար նշված դրույթը:   

 

 

  1. Կարգավորման առարկան

Նախագծի նպատակը խոշտանգումները կանխելու կամ բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերին և ելքերին, ինչպես  նաև ոստիկանության ստորաբաժամումների՝ հարցաքննության և օպերատիվ հարցումների համար նախատեսված տարածքներում  տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու և տեսաձայնագրում իրականացնելու համար իրավական բավարար հիմքերի ամրագրումն է, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ կասկածյալին հարցաքննելու և մյուս անհետաձգելի քննչական գործողությունները իրականացնելու՝ հետաքննության մարմնի լիազորության իրականացման համար երաշխիքների նախատեսումը:

Բացի այդ,  օրինագծով Ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածում հստակեցվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողների կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների կիրառմամբ ոչ գաղտնի վերահսկողության ընթացքում այդ մասին բանավոր նախազգուշացման դեպքերը: Մասնավորապես, եթե ոստիկանության ծառայողը համազգեստով է և օրենքով հստակ ամրագրված է, որ տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում, ապա տեսանկարահանում կամ տեսաձայնագրում իրականացնելու փաստն արդեն իսկ կանխատեսելի է քաղաքացիների համար: Միաժամանակ, եթե ոստիկա

նության ծառայողը համազգեստով չէ, ապա այդ դեպքում բանավոր նախազգուշացման պահանջը պետք է լինի պարտադիր:

 

  1. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների և անմարդկային այլ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու և բացահայտելու համար, կհստակեցվեն օրենքների իրավակիրառ գործընթացքում առաջացող մի շարք խնդիրներ: 

  • Discussed

    22.07.2019 - 06.08.2019

  • Type

    Law

  • Area

    Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8406

Print

Suggestions

Արտակ Ղազարյան

31.07.2019

Ներկայացված նախագիծը ունի որոշակի թերություններ, ինչը, կարծում եմ, պայմանավորված է հետաքննության՝ որպես նախնական քննության ձևի որոշակի սկզբունքային հատկանիշներ հաշվի չառնելով: Մասնավորապես՝ գործող քրեական դատավարության օրենսգիրքը ընտրել է այսպես կոչված «հատված» հետաքննության մոդելը, այսինքն՝ հետաքննության, որը հանդիսանում է նախնական քննության ոչ պարտադիր, ֆակուլտատիվ ձևը, որին, բոլոր դեպքերում, պետք է հաջորդի նախաքննությունը: Հետաքննության նշված մոդելի առանձնահատկությունը (ի տարբերություն այսպես կոչված «լրիվ» հետաքննության, որի պարագայում որպես կանոն բացակայում է նախաքննությունը) կայանում է նրանում, որ այն ունի, ի համեմատ նախաքննության, շատ պարզ, երկու կարևոր խնդիր. 1. Բացահայտել հանցանք կատարած անձին (այլ կերպ՝ «տաք հետքերով» հայտնաբերել հանցանք կատարած անձին): 2. Անհետաձգելի քննչական գործողությունների կատարմամբ հայտնաբերել, ամրագրել, ամրապնդել հանցագործության հետքերը (որպեսզի ժամանակի պատճառով չունենանք ապացուցողական նշանակություն ունեցող ինֆորմացիայի կորուստ): Ընդ որում՝ հետաքննության ֆակուլտատիվությամբ է պայմանավորված այն, որ հետաքննությունը չի կարող տևել ավել, քան քրեական գործ հարուցելու պահից 10 օր: Նման կարգավորման նպատակն էլ հասկանալի է. հնարավորինս արագ ապահովել քննության առավել որակյալ ձևով իրականացումը (նախաքննության ձևով իրականացումը): Հենց այս հանգմանքի հաշվառմամբ է, որ հետաքննության 10օրյա ժամկետը դիտարկվում է դրա ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ժամկետը, այսինքն՝ հետաքննությունը պետք է ավարտվի, երբ ԼՈՒԾԵԼ Է ԻՐ ԱՌՋև ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ(ՆԵՐԸ), ԿԱՄ ԵՐԲ ԱՐԴԵՆ ԻՆՔՆԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՏՇՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՑԱԿԱՅԻ: Ասվածի լույսի ներքո պետք է հասկանալ հետաքննության ավարտման օրենսդրական հիմքերը՝ 1. հանցանք կատարած անձի ի հայտ գալը (քր.դատ.օր-ի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ), (վերը բերված առաջին խնդրի լուծում) 2. գործին քննիչի ներգրավում (քր.դատ.օր-ի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ) (հետաքննության շարունակության անհրաժեշտության բացակայություն (քանի որ քննիչի ներգրավվմամբ գործի կշարունակվի առավել որակյալ քննության ձևով՝ նախաքննությամբ, ինչը ինքին բացառւոմ է հետաքննության անհրաժետշտությունը)) (Ընդ որում՝ այստեղ պետք է նկատենք, որ օրենսդիրը հնարավոր է համարում քննիչի կողմից վարույթի ներգրավվման երկու եղանակ՝ 1. դատախազի կողմից գործը հետաքննիչից վերցնելով և քննիչին (նախաքննության) հանձնելով 2. Քննիչի կողմից սեփական նախաձեռնությամբ գործին ներգրավվելով (քր.դատ.օր-ի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)): 3. Մինչ հետաքննության առավելագույն ժամկետը լրանալը հետաքննության մարմնի կողմից անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողությունները ավարտելը (վերը բերված երկրորդ խնդրի լուծում): Հետաքննության ավարտման այս ինքնուրույն հիմքը շատ դեպքերում «վրիպում է» հետազոտողի ուշադրությունից, որը թերևս կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ իրավական կարգավորման տեխնիկական թերության պատճառով նշյալ հիմքը տեղ է գտել ոչ թե նախնական քննության ավարտը կանոնակարգող 196-րդ հոդվածի 2-րդ մասում, այլ՝ հետաքննության մարմնի լիազորությունները կանոնակարգող 57-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում: Սակայն նշյալ տեխնիկական թերության առկայությունը ամենևին չի նսեմացնում հետաքննության ավարտման այս հիմքը, ավելին՝ այն ուղղակիորեն բխում է հետաքննության այօրվա մոդելի էությունից: Հետաքննությունը պետք է ավարտվի հնարավորինս արագ. ԱՆՀՐԱԺԵՇՏ, հնարավոր բոլոր քննչական գործողույթունները կատարելուց հետո: Ընդ որում՝ եթե անհետաձգելի քննչական գործողությունները արվեցին ապացուցողական նշանակություն ունեցող հետքերը հայտնաբերվեցին ու ամրագրվեցին, միևնույն ժամանակ նաև դեռ չի բացահայտվում (հայտնաբերվում) հանցանք կատարած անձը, ՈՉ ԹԵ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ ՄԻՆՉ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱ, ԱՅԼ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՀԵՆՑ ՔՐ.ԴԱՏ.ՕՐ-Ի 57-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾԸ ՀԱՆՁՆԵԼՈՎ ՔՆՆԻՉԻՆ (ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ): Հակառակ մոտեցումը կբերի այնպիսի անհեթեթության, որ հետաքննության մարմինը, օրինակ, առաջին երկու օրը կանի անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողությունները հանցագործության հետքերը հայտնաբերելու, ամրագրելուն, հանցանք կատարած անձին հայտնաբերելու համար, սակայն պետք է ևս 8 օր գործը «քնեցնի»՝զուր ծախսելով նախաքննության համար կարևորագույն այդ ժամանակը: ԱՅԺՄ ՆԱԽԱԳԾԻ ԲՈՒՆ ԹԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. 1. Կարծում ենք, նախագծի հեղինակները հաշվի չեն առել, մեր կողմից վերը մատնանշած հետաքննության ավարտման երրորդ ինքնուրույն հիմքը՝մինչ հետաքննության առավելագույն ժամկետի լրանալը հետաքննության մարմնի կողմից անհրաժեշտ բոլոր անհետաձգելի քննչական գործողությունները ավարտելը: Ներկայացված Նախագծի առաջին հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 57-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ընդ որում Նախագծի Հիմնավորումներում այս առումով նշվում է, որ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետն օրինագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել, քանի որ Օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասն արդեն իսկ սահմանում է հետաքննության ավարտի վերաբերյալ ժամկետները, ինչպես նաև հետաքննության մարմնի կողմից հարուցված քրեական գործը նախաքննության մարմնին փոխանցելու լիազորությունը»: Ինչպես արդեն վերը նկատել ենք, հետաքննության ավարտման այս ինքնուրույն հիմքը (մինչ հետաքննության առավելագույն ժամկետի լրանալը հետաքննության մարմնի կողմից անհրաժեշտ բոլոր անհետաձգելի քննչական գործողությունները ավարտելը (57-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ)) իրավական կարգավորման տեխնիկական թերության պատճառով տեղ չի գտել 196-րդ հոդվածում: Նախագծի հեղինակները, սակայն, այս հանգմանաքը հաշվի չառնելով՝ առաջարկում են ուժը կորցրած ճանաչել 57-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, այսպիսով և՝ փաստացի ՎԵՐԱՑՎՈՒՄ Է ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ԱՅՍ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՀԻՄՔԸ (մնացած հիմքերը), որն էլ հղի է արդեն վերը ներկայացված վտանգով: Ընդ որում՝ Նախագծում հետաքննության ավարտման այս ինքնուրույն հիմքը ոչ միայն վերացվում է, այլ դեֆորմացվում. բանն այն է, որ Նախագծի հեղինակները ցանկանալով «շտկել ստեղծված պրակտիկան» և ապահովել, որ հետաքննության մարմինը իրականցնի իր լիազորությունները (մասնավորապես հարցաքննի կասկածյալին, կատարի նրա մասնակցությամբ այլ անհետաձգելի քննչ. գործողություններ), առաջարկում են փոփոխել 196-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ներկայիս խմբագրությունը՝ «մինչև հետաքննության ժամկետը լրանալն ի հայտ է գալիս հանցանք կատարած անձը», հետևյալ խմբագրությամբ. «մինչև հետաքննության ժամկետը լրանալը հարուցվել է քրեական հետապնդում և ավարտվել են անհետաձգելի քննչական գործողությունները»: Այսպիսով ինքնուրույն հիմքը՝ անհետաձգելի քննչական գործողությունների ավարտումը կապվում է քրեական հետապնդման հարուցման հետ (միացվում է մյուս հիմքի հետ): Այս պարագայում կունենանք այն վտանգավոր պրակտիկան, երբ հետաքննության մարմինը ավարտելով անհրաժեշտ անհետաձգելի բոլոր գործողությունների կատարումը, սակայն միաժամանկ չհայտնաբերելով հանցանք կատարած անձին, պետք է գործը պահի իր վարույթում մինչ առավելագույն ժամկետի լրանալը կամ լավագույն դեպքում «սպասի» դատախազի կողմից գործը նախաքննության հանձնելուն: Այստեղ մոտենում ենք նախագծի, մեր կարծիքով երկրորդ թերությանը. 2. Նախագծով առաջարկվում է քր.դատ.օր-ի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից հանել «կամ քննիչը ներգրավվում է գործի քննությանը» բառերը: Այդպիսով վերացվում է քննիչի ներգրավվման եղանակներից մեկը (տե՛ս վերևում). քննիչը (նախաքննության մարմինը) զրկվում է ինքնուրույն հետաքննությանը ներգրավվելով նախաքննություն սկսելու իր լիազորությունից: ԱՅՆ ՈՐ ՔՆՆԻՉԻ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ,դա մենք չենք վիճարկում, սակայն, մի բան հստակ է, որ առաջարկվող փոփոխությունը ավելի մեծ անհստակություն է բերելու: Բանն այն է, որ քննիչի սեփական նախաձեռնությամբ հետաքննության ներգրավելու լիազորությանը թղթակցում է հետաքննության մարմնի պարտականությունը՝ հայտնաբերված հանցագործության և գործով սկսված հետաքննության մասին անհապաղ տեղյակ է պահել ոչ միայն դատախազին , այլ նաև քննիչի (57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ): Մյուս կողմից՝ քննիչը լիազորված է կատարված հանցագործության մասին հետաքննության մարմնից հաղորդում ստանալիս մեկնել դեպքի վայր և ներգրավվել գործի քննությանը` քրեական գործ հարուցելու կամ հարուցված գործն իր վարույթ վերցնելու միջոցով (55-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետ): 3. Եթե Նախագծով առաջարկվող փոփոխությունը ընդունվի ու հանվեն 196-րդ հոդվածով նախատեսված «կամ քննիչը ներգրավվում է գործի քննությանը» բառերը, ապա հարց է առաջանում այն բոլոր դեպքերում, երբ հետաքննության մարմինը կատարի իր լիազորությունը գործով սկսված հետաքննության մասին անհապաղ տեղյակ պահի քննիչին (57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), իսկ քննիչն էլ իր լիազորությունը ՝55-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետով ներգրավվի գործի քննությանը հարուցված գործն իր վարույթ վերցնելու միջոցով, ի՞նչ պետք է լինի. շարունակվի՞ հետաքննությունը (չէ որ արդեն կբացակայի քննիչի ինքնուրույն գործին ներգրավվելով հետաքննության ավարտման հիմքը), կսկսի՞ նախ նախաքննությունը (չէ որ քննիչի կողմից հարուցված գործը «իր վարույթ վերցնելը» պետք է նույնացնել գործը վարույթ ընունելու որոշմանը, որով էլ սկսվում է նախաքննությունը): Առաջարկ. Հետևաբար միաժամանակ և հետաքննության, և նախաքննության անհեթեթ իրավիճակում չհայտնվելու պատճառաբանությամբ կա՛մ պետք է օրենսդրական փոփոխությունը լինի ոչ թե մասնակի այլ վերջնական՝ խմբագրվեն քննիչի (՝55-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետով) և հետաքննության մարմնի (57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով) նախատեսված լիազորությունները՝ զրկելով քննիչին նման լիազորությունից (ինչը, մեր կարծիքով կհակասի հետաքննության այսօրվա մոդելի էությանը), կամ հրաժարվել 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում առաջարկվող փոփոխությունից՝ հստակեցնելով արդեն քննիչի սեփական նախաձեռնությամբ վարույթի ներգրավման հարցերը

Գևորգ Մալխասյան

22.07.2019

Գտնում եմ նաև, որ 5.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջը պետք է տարածել ցանկացած իրավախախտում կատարման մեջ կասկածվող, ինչպես նաև բացատրություն կամ հաղորդագրություն կամ ցուցմունք տվող ցանկացած անձի վրա՝ այդ թվում վկաներ, տուժողներ և այլն:

Գևորգ Մալխասյան

22.07.2019

Կարծում եմ, որ համանման մոտեցում պետք է ցուցաբերվի բոլոր հետքաննության ու նախաքննության մարմիններում:

See more