Add to favourites

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------- 2019 թվականի N - Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N1030-Լ որոշման N1 հավելվածի 20-րդ կետի համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  • Հաստատել՝

1)Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի,

2)Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի: 

  1. Միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների պատասխանատու կատարող հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող փետրվարի 15-ը, յուրաքանչյուրն իր մասով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի մասին, 
  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների նախորդ տարում ստացված և տվյալ տարվա համար ծրագրված արդյունքերի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը տեղադրել նախարարության պաշտոնական կայքէջում:

 Հավելված N1

ՀՀ կառավարության 2019 թվականի

--------------- --- ի N --Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

  • ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 
  1. Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ռազմավարություն) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N1030-Լ որոշման N1 հավելվածի 20-րդ կետի:
  2. Ռազմավարությունը սահմանում է գենդերային քաղաքականության առաջնահերթ ուղղությունները և ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:
  3. Սույն փաստաթղթի համար հիմք է ծառայում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնական երաշխիք հանդիսացող երկրի մայր օրենքը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (ուժի մեջ է մտել12.2015թ.), որում ամրագրվել են նոր դրույթներ, մասնավորապես, ըստ 30-րդ հոդվածի՝ «Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:», ըստ 86-րդ հոդվածի 4-րդ կետի՝ պետության քաղաքականության հիմնական նպատակներից է «4) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը.», ինչը հնարավորություն է տալիս առավել գործուն մեխանիզմներ ներդնել քաղաքականության և նպատակային ծրագրերի մշակման մեջ:
  4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության «սեռից կախված խտրականության արգելում» նորմը կարգավորվում է 2013 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:
  5. Վերոհիշյալ նորմը, որպես ազգային օրենսդրության մաս՝ կարգավորվում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով:
  6. Հայաստանի Հանրապետությունը ֆորմալ իրավաբանական տեսանկյունից վավերացրել է մարդու իրավունքներին վերաբերող գրեթե բոլոր միջազգային իրավական ակտերը և որպես ՄԱԿ-ի ու Եվրախորհրդի անդամ, Եվրոպայի ինտեգրմանը միտված անկախ պետություն, ստանձնել է որոշակի պարտավորություններ` ոչ միայն վավերացնել միջազգային կարևորագույն իրավական փաստաթղթերը, այլև համաձայնեցնել ազգային օրենսդրությունն այդ փաստաթղթերի դրույթներին:
  7. Այս փուլում, հռչակված նորմերը գործնական քաղաքականության մաս դառնալու համար անհրաժեշտ է նոր ռազմավարություն, որը կհամապատասխանի ոլորտի նոր մարտահրավերներին, կսահմանի գենդերային քաղաքականության գերակայությունները, առաջնահերթ ուղղությունները և հիմք կծառայի պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության ինստիտուտների համար՝ գենդերային փաստացի հավասարության խթանման հստակ միջոցառումների մշակման գործում: 
  1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ 
  1. Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման համար հիմքը 2010 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Գենդերային քաղաքականության հայեցակարգն է, որը սահմանում է կանանց և տղամարդկանց նկատմամբ պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններն ու ընդհանուր ռազմավարությունը՝ անկախ սեռից բոլոր քաղաքացիների համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման նպատակով:
  2. Հայեցակարգով սահմանված նպատակների իրականացման և ընտանիքում բռնության երևույթի կանխարգելման ապահովման գործում կարևոր նշանակություն ունեցան «Գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը» և «Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ազգային ծրագիրը»:
  3. Գենդերային քաղաքականության մշակման համար կարևոր նշանակություն ունեն նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային (ՄԱԿ, ԱՄԿ, ԱՀԿ, ԵԽ, ԵՄ) փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները:
  4. 2016 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների երկու մոնիթորինգային մարմիններում՝ Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեում (CEDAW, «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» վերահսկիչ մարմին) և Խոշտանգումների դեմ կոմիտեում (CAT, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի» վերահսկիչ մարմին), տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների քննարկումներ։ Արդյունքում՝ կոմիտեներն ընդունել են եզրափակիչ դիտարկումներ՝ հայկական կողմին ուղղված համապատասխան հանձնարարականներով։ Դրանք ուղղված են օրենսդրության և պետական քաղաքականության մեջ գենդերային բաղադրիչի ինտեգրմանը, արդարադատության և իրավական բողոքարկման մեխանիզմների հասանելիությանը, կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործմանը, հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարմանը, ընտանիքում բռնության կանխարգելմանը, քաղաքական և հանրային կյանքում կանանց մասնակցության ապահովմանը, խոցելի խմբերին պատկանող կանանց իրավունքների պաշտպանությանը,  կանանց տնտեսական կարողությունների ընդլայնմանը, կրթության և առողջապահության ոլորտներում առկա խնդիրների լուծմանը, պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարին և այն:  Խնդիրներ են բարձրացվել նաև ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների մասով, որոնք, համաձայն 2018 թվականի մայիսին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված արտահերթ հրապարակային զեկույցի նույնպես առավել լավ հասցեագրման կարիք ունեն։ 2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ են մտել «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակներն՝ ընդունված աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015 թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ, որոնցից հինգերորդ նպատակն է՝ հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց և աղջիկներին։ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է կամավոր ազգային դիտարկման գործընթաց՝ հետամուտ լինելով կայուն զարգացման նպատակների հետևողական իրագործմանը։
  5. Հայաստանի Հանրապետությունը 2014-2016 թվականներին ստորագրել է Եվրոպայի Միության տնտեսական աջակցության փաստաթղթեր՝ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») առևտրային ռեժիմի մասին (2014թ.), «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» (2015թ.) և «Հանրային ֆինանսական քաղաքականության բարեփոխումները Հայաստանում» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրերը, ըստ որի պարտավորվել է ապահովել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի կատարումը/մշտադիտարկումը, ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ձևավորման գործընթացում գենդերային զգայունության բաղադրիչի ներառումը:
  6. 2017 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունն ընդունել է ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքը, որով պետությունը հանձնառություն է ստանձնել հետևողական ջանքեր գործադրել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության ուղղությամբ։ Ձևավորվել է Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդը, որում ներառված են պետական լիազոր մարմինների և քաղաքացիական հասաարակության ներկայացուցիչներ։ Ընտանեկան բռնության երևույթի բազմաչափ խնդիրներն արդյունավետ հասցեագրելու համար նախատեսվում է մշակել առանձին ռազմավարական փաստաթուղթ։
  7. 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի անդամ՝ վերահաստատելով կանանց հավասարության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց հնարավորությունների և դերակատարության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու և հանձնաժողովի ամենամյա աշխատանքներին ազգային ներդրումը բերելու հանձնառությունը։ Հանձնաժողովի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության և կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները, և որը հիշյալ ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող միակ միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողովին անդամակցում են 45 երկրներ՝ տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։ 2019 թվականի մարտին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընտրվեց ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 2020-2021թթ․ կայանալիք 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար։
  8. 2019 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը: Այս ոլորտում Հայաստանի ազգային ծրագիրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի դրույթները տեղայնացնելու շնորհիվ ուշադրության կենտրոնում է պահում սահմանամերձ համայնքներում կանանց տնտեսական և սոցիալական զարգացման խնդիրները, տեղահանված կանանց և աղջիկների հատուկ պաշտպանվածության ապահովման հարցերը։
  9. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018-2019 թվականներից ձեռնամուխ է եղել գենդերային հավասարության ապահովման մի շարք գործուն մեխանիզմների վերագործարկմանը և/կամ ներդրմանը, ինչպես Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհրդի վերակազմավորումը՝ կանանց և տղամարդկանց հավասարության խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու ու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով, Գենդերային թեմատիկ խմբի վերագործարկումը, Եվրոպական միության աջակցությամբ գենդերային զգայուն բյուջետավորման գործիքակազմի մշակումն ու ներդրումը։
  10. Չնայած պետական մարմինների կողմից, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվել են տարբեր ոլորտներում գենդերային հավասարությանն ուղղված մի շարք աշխատանքներ և դրվել են ներգործուն միջավայրի ստեղծման անհրաժեշտ հիմքերը՝ ոլորտային և միջոլորտային ուղղորդված քաղաքականության իրականացման համար, գենդերային հավասարության հասնելու ճանապարհին առկա են մի շարք խոչընդոտներ և մարտահրավերներ:
  11. Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից 2006 թվականից սկսած հաշվարկվում է «Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը» (Gender Gap Index) չորս առանցքային ոլորտներում՝ տնտեսություն, քաղաքականություն, կրթություն և առողջապահություն։ Այն արտացոլում է կանանց և տղամարդկանց հնարավորությունների միջև եղած տարբերությունը նշված ոլորտներից յուրաքանչյուրում: 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունը «Գենդերային ճեղքվածքի ցուցանիշով» 145 երկրների ցանկում 102-րդ տեղում էր, 2017 թվականին՝ 97-րդ, իսկ 2018 թվականին՝ 98-րդ տեղում:
  12. Տնտեսական գործունեության ոլորտում «Գենդերային անհավասարակշռության ցուցանիշներով» (տղամարդկանց և կանանց զբաղվածության մակարդակի հարաբերակցություն, հավասար վարձատրությունը միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց և այլն) Հայաստանի Հանրապետությունը 72–րդ տեղում է:
  13. Խնդրահարույց է քաղաքականության ոլորտում գենդերային հավասարության ճեղքվածքի ցուցանիշը, որով Հայաստանի Հանրապետությունը 115–րդ տեղում է: 
  1. 2017թ. արձանագրված այս ցուցանիշներով պայմանավորված առկա խնդիրներն են. 
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքային շուկայում կանանց տնտեսական ակտիվության մակարդակը 52.8% է, որը զգալիորեն ցածր է, քան տղամարդկանցը՝ 70.7% («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ,
  • տնտեսապես ոչ ակտիվ կանանց 47.0%-ը տնային տնտեսուհիներն են կամ տնային տնտեսությամբ զբաղվողների 98.5%-ը կանայք են, ընդ որում, այդ կանանց 42.4%-ն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն («Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2018» վիճակագրական ժողովածու,
  • գործատուների 79.6%-ը և ինքնազբաղվածների 54.4%-ը տղամարդիկ են, մինչդեռ առանց վարձատրության աշխատողների մեջ կանայք կրկնակի գերազանցում են տղամարդկանց («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ,
  • կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32.5 %-ով («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ, իսկ եկամուտների մասով տարբերությունն է՛լ ավելի մեծ է և հասնում է 40%-ի (2013թ.), թեև զբաղված կանանց 57.9%-ը, իսկ զբաղված տղամարդկանց՝ 47%-ն ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն («Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2018» վիճակագրական ժողովածու),
  • գյուղատնտեսության ոլորտում զբաղված է հանրապետության աշխատանքային ռեսուրսների 15.7%-ը կամ զբաղվածների 31.3%-ը, որոնց թվում կանայք կազմում են 52.9%, ինչը նրանց դարձնում է գյուղատնտեսության զարգացման առավել կարևոր մասնակից, ոչ ֆորմալ զբաղվածության պարագայում նրանք զրկված են սոցիալական երաշխիքներից («Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2018» վիճակագրական ժողովածու,
  • տնային տնտեսությունների կենսամակարդակի հետազոտության 2016թ. արդյունքներով գյուղական վայրերում տնային տնտեսությունների 27,8%-ն են գլխավորում կանայք, ընդ որում, այդ տնտեսություններն իրենց մեկ շնչին ընկնող եկամուտներով գրեթե կրկնակի զիջում են տղամարդկանց կողմից ղեկավարվող տնտեսությունների եկամուտներին,
  • կին գլխավորով տնային տնտեսություններն առավել խոցելի են գյուղտեխնիկայի բացակայության, հողակտորների դժվար հասանելիության, ոռոգման հնարավորությունների և ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների պատճառով,
  • կանայք գրեթե չեն մասնակցում իրենց համայնքներին վերաբերող որոշումների կայացմանը (8.7%) («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2016» վիճակագրական գրքույկ)` այդկերպ զրկվելով իրենց շահերն արտահայտելու հնարավորությունից ,
  • Հայաստանի Հանրապետությունում պտղաբերության (ծնելիության գումարային) գործակիցը մեկ կնոջ հաշվով 2017 թ. կազմել է 1.576 միավոր 2016 թ. 1.647 միավորի համեմատ` ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2.150 ցուցանիշից,
  • բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունը բարձր է. մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 44.6%-ը` բոլոր երեխաների մեջ 34.2%-ի համեմատ, իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 3.8%-ը` ընդհանուրի մեջ 2.0%-ի համեմատ («Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» վիճակագրական-վերլուծական զեկույց),
  • ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների, 2017թ. 0-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը հանրապետության նախադպրոցական հաստատություններում կազմել է 30.9%, քաղաքային բնակավայրերում` 36.6%, գյուղական բնակավայրերում` 20.6%, իսկ 0-2 տարեկան երեխաների ընդգրկվածությունը՝ 4.8% («Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2017 թվականին» վիճակագրական ժողովածու),
  • Հայաստանի Հանրապետությունում նորածինների սեռերի համամասնությունը խախտվել է դեռևս վաղ` 1990-ականներից և 2018թ. տվյալներով կազմում է 111.2 տղա` 100 աղջկա դիմաց: Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում՝ մինչև 2060 թվականը չի ծնվի գրեթե 93.000 աղջիկ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի կրճատման և, որպես հետևանք, բնակչության թվի նվազման,
  • Հայաստանի Հանրապետությունում մայրական մահացության ցուցանիշը կազմում է 29.6՝ 100.000 կենդանի ծնվածի հաշվով («Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2016»), 2016
  • Հայաստանի Հանրապետությունում լուրջ խնդիր է ﬓում առողջապահության ծառայությունների սահմանափակ ֆինանսական մատչելիությունը: Պետության կողմից անվճար հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների տրամադրման մասին իրազեկվածությունը ցածր է, նպաստառու ընտանիքներում տեղյակ է հարցվածների 58%-ը,
  • հետազոտությունները փաստում են, որ տնային տնտեսությունների 66%-ում ընտանիքի անդամներից առնվազն մեկը բժշկական միջամտության կարիք է ունեցել, սակայն նրանց միայն 55%-ն է դիմել բժշկի,
  • կանանց շրջանում օնկոլոգիական հիվանդությունների  ժամանակին բացահայտման և որակյալ բուժման խնդիրը շարունակում է մնալ  առողջապահության առավել արդիական հիﬓախնդիրներից ﬔկը,
  • դպրոցական դասագրքերում տեղ են գտնում կարծրատիպեր բովանդակող նյութեր, հաշվի չի առնվում դրանց ազդեցությունը սովորողների անհատականության ձևավորման վրա, դրանք չեն նպաստում գենդերային հավասարակշռված մշակույթի ձևավորմանը,
  • ԶԼՄ-ները հանդիսանում են կարծրատիպերը վերարտադրող և ամրապնդող կարևորագույն ինստիտուտներ, դրանք նպաստում են կնոջ և տղամարդու սոցիալական դերերի, վարքի կանոնների մասին խտրական պատկերացումների ձևավորմանը,
  • hեռուստատեսությամբ ցուցադրվող հայկական արտադրության սերիալները և տարաբնույթ հեռուստահաղորդումներ խեղված արժեքներ են ձևավորում. ամուսին-կին կամ տղամարդ-կին հարաբերություններում քարոզվում է տղամարդ բռնարարի կերպարը, իսկ կանանց դեպքում գերիշխում է չաշխատող և միայն ամուսնության հարցով մտահոգ կնոջ կերպարը,
  • ԶԼՄ-ների հրապարակումները շարունակում են վերարտադրել տղա երեխայի նախապատվության համար հիմք հանդիսացող մի շարք կարծրատիպեր, պտղի սեռի խտրական ընտրության խնդիրն եզակի դեպքերում է քննարկվում   կարծրատիպերի և գենդերային անհավասարության տեսակետից,
  • Կանայք հիմնականում զբաղված են առավել ցածր վարձատրվող ոլորտներում։ Ղեկավար պաշտոն զբաղեցրած տղամարդիկ գերազանցում են կանանց 2.4 անգամ։ Կանայք ավելի հաճախ են ներգրավված միջին և ցածր պաշտոններում նույնիսկ այն ոլորտներում, որտեղ ավելի մեծ ներգրավվածություն ունեն։
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կազմում կին պատգամավորները 25% են կազմում,
  • Հայաստանի 500 համայնքից միայն 8 ում է կին ղեկավար, կառավարությունում՝ 12-ից միայն 1 կին նախարար, փոխնախարարների թվում կանայք 3.5% են, մարզպետների՝ 0%, ավագանու անդամների կազմում՝ 10.5%, որից Երևանի ավագանու կազմում՝ 30.8% («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ), Գյումրու և Վանաձորի ավագանու կազմում՝ 24%:

 

 

 

  • Discussed

    22.05.2019 - 06.06.2019

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 16471

Print

Suggestions

Իրավաբանների հայկական ասոցիացիա

06.06.2019

Ռազմավարության Միջոցառումների ծրագրի 4-րդ Գերակայության 8-րդ Միջոցառմամբ սահմանված է «Բարձրագույն կրթական և պետական հաստատություններում կերակրող մայրերի համար կերակրասենյակների նախատեսում»՝ Երևան քաղաքում փորձնական ծրագրերի իրականացմամբ։ Սույն առաջարկը բխում է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասից, որի համաձայն` «Կրծքով կերակրող կինն իրավունք ունի` ունենալու համապատասխան պայմաններ աշխատավայրերում, քրեակատարողական հիմնարկներում, առողջապահական կազմակերպություններում և այլ հասարակական վայրերում կրծքով կերակրելու համար»։ Գործնականում այս նորմը չէր իրացվում, քանի որ բացակայում էին դրա համար նախատեսված պայմանները։ Իրավաբանների հայկական ասոցիացիան այս հարցը տարիներ շարունակ բարձրացրել է, ընդհուպ այն ներառված է եղել ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» Հայաստանում կիրառման, այդ թվում`ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014 թ.-ին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգի այլընտրանքային զեկույցում, որն, ի թիվս այլ կառույցների, ներկայացված է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Այդ առիթով Իրավաբանների հայկական ասոցիացիան ողջունում է սույն միջոցառման նախատեսումը և առաջարկում է նախատեսել չափելի արդյունքային ցուցանիշներ առ այն, թե քանի բարձրագույն կրթական և քանի պետական հաստատություններում է նախատեսվում հիմնել նման կերակրասենյակներ։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

06.06.2019

Միջոցառումների ծրագրի 2-րդ Գերակայության 9-րդ Միջոցառմամբ նախատեսված է «Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ խնամքն աշխատանքի հետ համադրելու աջակցության ծրագրի իրականացում», իսկ որպես «Ակնկալվող արդյունք»՝ «Կանանց համար աշխատանքային և ընտանեկան պարտականությունները համատեղելու համար նպաստավոր պայմանների ձևավորում, աշխատանքն ու երեխայի/ընտանիքի խնամքը համադրելու հնարավորությունների ընդլայնում»։ Տվյալ միջոցառման համատեքստում ևս ցանկանում ենք խոսել կոնկրետ գործողությունների նախատեսումից, օրինակ՝ միջազգային պրակտիկայում տեղ գտած՝ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 1 տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնու համար հավելյալ երաշխիքների սահմանումից։ Պեկինյան Գործողությունների ծրագրով որպես ռազմավարական նպատակ է սահմանված «Կանանց և տղամարդկանց աշխատանքային և ընտանեկան պարտականությունների հավասարակշռված բաշխման օժանդակությունը»։ Գերմանիայի օրենսդրությամբ սահմանված են արտոնյալ դրույթներ, համաձայն որոնց, տղամարդկանց համար նախատեսվում է լրացուցիչ աշխատավարձի վճարում` երեխաների խնամատարության հարցը հանձն առնելու համար: Այդպիսով, կանայք հնարավորություն են ունենում առանց խոչընդոտների կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Անհրաժեշտ է Միջոցառումների ծրագրով անդրադառնալ նաև նոր ծնված երեխայի խնամքն ամուսնու կողմից իրականացնելու դեպքում հավելյալ երաշխիքների սահմանմանը, այդ թվում՝ ամուսնում համար վճարովի արձակուրդի նախատեսմանը:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

06.06.2019

Միջոցառումների ծրագրի 2-րդ Գերակայության 6-րդ Միջոցառմամբ նախատեսված է «Ընտանիքը և աշխատանքը համատեղելու կանանց հնարավորությունների ընդլայնմանն ուղղված պետական քաղաքականության վերլուծությունների իրականացում», իսկ որպես «Արդյունքային ցուցանիշ»-ներից մեկը՝ «.Աշխատուժում կանանց մասնակցության բարձրացմանը, ընտանիքը և աշխատանքը համատեղելու հնարավորությունների ընդլայնմանն ուղղված առաջարկությունների փաթեթի, իրավական ակտերի առկայություն, օրենսդրական փոփոխությունների իրականացում»: Տվյալ միջոցառման համատեքստում ցանկանում ենք խոսել կոնկրետ գործողությունների նախատեսումից, օրինակ՝ միջազգային պրակտիկայում տեղ գտած՝ գործատուի և հղի կանանց հարաբերությունների վերաբերյալ իրավակարգավորումներից։ Այսպես, արգելվում է գործատուին՝ խուսափել հղի կնոջ հետ որոշակի ժամկետով կնքված պայմանագրի ավարտից հետո երկարացնել վերջինիս գործողության ժամկետը միայն այն պատճառով, որ կինը հղի է։ Պեկինյան Գործողությունների ծրագրով որպես ռազմավարական նպատակ է սահմանված «Մասնագիտական խտրազատման և աշխատանքի տեղավորվելիս դրսևորվող խտրականության բոլոր ձևերի վերացումը» : Եվրոպական Միության «Հղի աշխատողների և վերջերս ծննդաբերած կամ կրծքով կերակրող աշխատողների անվտանգության և առողջության բարելավմանն ուղղված միջոցների ներդրման մասին» հրահանգի համաձայն` «պետություններն ընդունում են անհրաժեշտ միջոցներ՝ արգելելու աշխատողներին աշխատանքից ազատելը՝ վերջիններիս հղիության սկզբից մինչև հղիության և հետծննդյան արձակուրդի ավարտն ընկած ժամանակահատվածում: Եվրոպական Միության Արդարադատության դատարանը «Ջիմինեզ Մելգարն ընդդեմ Այունտամիենտո դը Լոս Բարրիոս» գործով փաստել է․ «եթե որոշակի ժամկետով կնքված պայմանագրի ժամկետը երկարացնելուց հրաժարվելը պայմանավորված է աշխատողի հղիության փաստով, այն իրենից ներկայացնում է սեռի հիմքով պայմանավորված խտրականություն։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 2.1) մասի համաձայն` աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է` հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում: Այսինքն, նշյալ արգելքը նախատեսված է միայն անորոշ ժամկետով կնքված պայմանագրերի համար, քանի որ խոսքն այստեղ գնում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը խզելուն վերաբերող դրույթներին, որը չի տարածվում որոշակի ժամկետով կնքված պայմանագրերի վրա։ Թեև ԵՄ Խորհրդի հրահանգները և ԵՄ Արդարադատության դատարանի վճիռները ՀՀ-ի համար պարտադիր իրավաբանական ուժ չունեն, այնուամենայնիվ վերջիններս դիտվում են որպես առաջադեմ պրակտիկա: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Անհրաժեշտ է Միջոցառումների ծրագրով անդրադառնալ նաև հղի կանանց հավելյալ աշխատանքային երաշխիքների սահմանմանը՝ արգելելով գործատուին՝ խուսափել հղի կնոջ հետ որոշակի ժամկետով կնքված պայմանագրի ավարտից հետո երկարացնել վերջինիս գործողության ժամկետը միայն այն պատճառով, որ կինը հղի է։

See more