«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ
-
2 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում և օրենսգրքով նախատեսված սահմաններում՝ պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից երեքհազարապատիկի չափով։ Նույն հոդվածի 4-րդ մասն ամրագրում է առ այն, որ տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ, իսկ եթե այն գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում համարժեքորեն չի երաշխավորում երկու հարյուր յոթանասուն ժամից պակաս տևողությամբ հանրային աշխատանքների կիրառման իրավական հնարավորություն այն անձանց նկատմամբ, որոնք չունեն տուգանքը վճարելու հնարավորություն` արգելափակելով նրանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը, ինչպես նաև տարբերակված մոտեցում չի դրսևորում տուգանքը վճարելու անհնարինության և դրանից խուսափելու հանգամանքների միջև: Այս առումով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2013 թվականի ապրիլի 23-ի ՍԴՈ-1082 որոշման մեջ արձանագրել է, որ տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինվում է, երբ դատապարտյալը ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը: Այսինքն՝ օրենսդիրը նկատի է ունեցել դատապարտյալի անձնական կամ նյութական ոչ բարենպաստ վիճակը: Օրենսդիրը չի հստակեցրել տուգանքը չվճարելու անհնարինության դեպքում «անհնարինություն» եզրույթի դրսևորումները: Միաժամանակ, ակնհայտ է, որ «անհնարինությունը» եզրույթը չի կարող ներառել «դիտավորություն» կամ «չարամտորեն խուսափում» եզրույթները: Անհրաժեշտ է նաև նշել, որ դատարանը իր որոշման մեջ արձանագրել է՝ և՛ անհնարինության, և՛ չարամտորեն խուսափելու դեպքում առաջանում են միևնույն հետևանքները՝ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինումը՝ առանց որևէ տարբերակված մոտեցման:
Խնդրո առարկա հարցի շուրջ հարկ ենք համարում անդրադառնալ նաև միջազգային փորձի ուսումնասիրություններին:
Այսպես, Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նշանակվող տուգանքի չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության ծանրությունը, դատապարտյալի և նրա ընտանիքի գույքային դրությունը, ինչպես նաև դատապարտյալի աշխատավարձից կամ այլ եկամտից տուգանքի վճարման հնարավորությունը: Հաշվի առնելով նշյալ հանգամանքները` դատարանը կարող է սահմանել տուգանքի վճարման տարաժամկետ կարգ մինչև 5 տարի ժամկետով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` տուգանքի վճարումից չարամտորեն խուսափելու դեպքում տուգանքը փոխարինվում է այլ պատճատեսակով` բացառությամբ ազատազրկման:
Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ տուգանքի դատապարտված անձը պարտավոր է դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից 60 օրվա ընթացքում վճարել նշանակված տուգանքը: Օրենսգրքի 32-րդ հոդվածը սահմանում է` տուգանքի վճարումից չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով տուգանքը կամ դրա մի մասը չի վճարել օրենսգրքի 31-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում:
Այն դեպքում, երբ տուգանքը նշանակվել է որպես հիմնական պատիժ, դատական կատարածուն տուգանքի վճարման վերջնաժամկետից ոչ շուտ, քան 10, բայց ոչ ուշ, քան 30 օրվա հետո տուգանքն այլ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնում դատարան:
Այն դեպքում, երբ տուգանքը նշանակվել է որպես լրացուցիչ պատիժ, դատական կատարածուն Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է տուգանքի վճարումը հարկադիր կարգով:
Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածն ամրագրում է, որ այն դեպքում, երբ դատապարտյալը խուսափում է տուգանքի վճարումից, տուգանքը փոխարինվում է հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների մեկ ժամը մեկ ամսվա հաշվարկային գործակցի դիմաց, կամ կալանքի` կալանքի մեկ օրը չորս ամսվա հաշվարկային գործակցի դիմաց:
Ղազախստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն` տուգանքի դատապարտված անձը պարտավոր է դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսվա ընթացքում վճարել նշանակված տուգանքը: Եթե դատապարտյալը հնարավորություն չունի միանվագ կերպով վճարել նշանակված տուգանքը, ապա դատարանը կարող է նրա համար սահմանել տուգանքը վճարելու տարաժամկետ կարգ կամ հետաձգել տուգանքի վճարումը մինչև 6 ամիս ժամկետով:
Դատապարտյալի կողմից տուգանքը կամավոր չվճարելու դեպքում իրականացվում է հարկադիր կատարում` դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա:
Օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` տուգանքի վճարումից խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում չի վճարում նշանակված տուգանքը և թաքցնում է իր գույքը կամ եկամուտները հարկադիր կատարումից: Այդ դեպքում դատական կատարածուն տուգանքն այլ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնում դատարան:
Մոլդովայի Հանրապետության քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` եթե դատապարտյալը հնարավորություն չունի վճարել որպես հիմնական կամ որպես լրացուցիչ պատիժ նշանակված տուգանքը, դատարանը կարող է տուգանքի չվճարված մասը փոխարինել հանրային աշխատանքով` հանրային աշխատանքի 60 ժամը տուգանքի պայմանական 50 միավորի դիմաց:
Եթե դատապարտյալը չարամտորեն խուսափում է որպես հիմնական կամ որպես լրացուցիչ պատիժ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը կարող է տուգանքի չվճարված մասը փոխարինել ազատազրկմամբ` ազատազրկման մեկ ամիսը տուգանքի պայմանական 50 միավորի դիմաց:
Մոլոդովայի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ տուգանքը վճարվում է կամովին դրա նշանակման պահից 30 օրվա ընթացքում: Դատապարտյալը տուգանքի վճարման մասին անհապաղ պարտավոր է ծանուցել դատարանին: Եթե դատապարտյալը չի վճարել տուգանքը, դատարանը դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում դատական կատարածուին ուղարկում է կատարողական թերթ` տուգանքի հարկադիր կատարումն ապահովելու համար: Դատական կատարածուն ստուգում է` վճարված է տուգանքը, թե ոչ, իսկ այն դեպքում, երբ տուգանքը վճարված չէ, հարուցում է կատարողական վարույթ և կատարում կատարողական թերթի պահանջները: Տուգանքի վճարման անհնարինության կամ գույքի անբավարարության կամ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերում դատարանը գործը քննում է ըստ էության` համաձայն քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի:
Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տուգանքի չափի որոշման դեպքում հաշվի է առնվում հանցանգործության բնույթն ու հանրային վտանգավորությունը, ինչպես նաև դատապարտյալի գույքային դրությունը: Տուգանքի վճարման անհնարինության դեպքում, երբ բացակայում են տոգանքի վճարումից հրաժարվելը վկայող ապացույցներ, այն փոխարինվում է հանրային աշխատանքներով:
Բելառուսի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն` տուգանքի դատապարտված անձը պարտավոր է վճարել նշանակված տուգանքը դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից 30 օրվա ընթացքում: Եթե դատապարտյալը հնարավորություն չունի միանվագ կերպով վճարել նշանակված տուգանքը, դատարանը կարող է հետաձգել կամ տուգանքի վճարման տարաժամկետ կարգ սահմանել մինչև 1 տարի ժամկետով:
Տուգանքի չվճարման դեպքում իրականացվում է տուգանքի վճարման հարկադիր կատարում: Համաձայն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի` տուգանքի չվճարման և հարկադիր կարգով գանձման անհնարինության դեպքում, երբ դատապարտյալի մոտ չկա բավարար գույք, դատական կատարածուն տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնում դատարան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սահմանված ժամկետում տուգանքն անհարգելի պատճառով չվճարելու և տուգանքի վճարումից հրաժարվելու դեպքերում, երբ կա տուգանքի վճարման իրական հնարավորություն, դատական կատարածուն պաշտոնապես նախազգուշացնում է դատապարտյալին, ինչի մասին կատարում է նշում կատարողական փաստաթղթերում: Այն դեպքում, երբ դատապարտյալը պաշտոնապես նախազգուշացումից հետո շարունակում է տուգանքի վճարման իրական հնարավորության պայմաններում հրաժարվել դրա վճարումից, դատական կատարածուն հաղորդում է ներկայացնում նախաքննության մարմինին քրեական հետապնդում իրականացնելու համար:
Լիտվայի Հանրապետության քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե դատապարտյալը չունի բավարար միջոցներ դատարանի կողմից նշանակված տուգանքը վճարելու համար, դատարանը կարող է դատապարտյալի համաձայնությամբ տուգանքը փոխարինել հանրային աշխատանքներով` ղեկավարվելով քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի կանոններով: Նույն հոդվածի 7-րդ մասն ամրագրում է առ այն, որ եթե դատապարտյալը խուսափում է կամովին վճարել նշանակված տուգանքը, ապա դատարանը կարող է տուգանքը փոխարինել կալանքով` ղեկավարվելով քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի կանոններով:
Լիտվայի քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածը սահմանում է միասնականացված այն կանոնները, որոնցով պետք է ղեկավարվի դատարանը համար պատժի նշանակման, ինչպես նաև որոշ պատժատեսակներ այլ պատժատեսակներով փոխարինման դեպքերում.
1) ազատազրկման մեկ օրը համարժեք է`
ա. կալանքի մեկ օրվան (1:1),
բ. ազատության սահմանափակման երկու օրվան (1:2).
2) կալանքի մեկ օրը համարժեք է`
ա. նվազագույն կենսամակարդակի կրկնապատիկի չափով նշանակված տուգանքին (1:2),
բ. հանրային աշխատանքներին 6 ժամվան (1:6),
գ. ազատության սահմանափակման երկու օրվան (1:2).
3) ազատության սահմանափակման մեկ օրը համարժեք է`
ա. հանրային աշխատանքների 3 ժամվան (1:3),
բ. նվազագույն կենսամակարդակի չափով նշանակված տուգանքին (1:1).
4) նվազագույն կենսամակարդակի չափով նշանակված տուգանքը համարժեք է հանրային աշխատանքների 6 ժամվան:
Խորվաթիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն` դատավճռով նշանակված տուգանքը չի կարող գանձվել հարկադիր կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ եթե տուգանքը կամ դրա մի մասը չի վճարվել դատավճռով սահմանված ժամկետներում, դատարանն անհապաղ պետք է որոշում ընդունի տուգանքն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ: Եթե դատապարտյալը ազատազրկման ընթացքում վճարում է նշանակված տուգանքի մի մասը, ապա ազատազրկման ժամկետը պետք է համամասնորեն նվազեցվի, իսկ եթե դատապարտյալը վճարում է տուգանքն ամբողջովին, ապա ազատազրկում պատժատեսակի կրումը պետք է դադարեցվի:
Ուկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատապարտյալի գույքային դրությունը հաշվի առնելով` դատարանը կարող է սահմանել տուգանքի վճարման տարաժամկետ կարգ մինչև մեկ տարի ժամկետով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` քաղաքացիների` չհարկվող նվազագույն եկամտի երեքհազարապատիկը չգերազանցող չափով նշանակված տուգանքի չվճարման դեպքում, երբ չկան հիմքեր տուգանքի վճարումը տարաժամկետելու համար, դատարանը տուգանքը փոխարինում է հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների մեկ ժամը քաղաքացիների` չհարկվող նվազագույն եկամտի դիմաց: Քաղաքացիների` չհարկվող նվազագույն եկամտի երեքհազարապատիկի չափով նշանակված տուգանքի չվճարման դեպքում, երբ չկան հիմքեր տուգանքի վճարումը տարաժամկետելու համար, դատարանը տուգանքը փոխարինում է ազատազրկմամբ` ղեկավարվելով օրենքով սահմանված կանոններով:
Ուսումնասիրվել են նաև Գերմանիայի Դաշնային, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի Հանրապետությունների` խնդրո առարկա հարցերի շուրջ ցուցաբերած մոտեցումները: Նշյալ պետություններում դատարանները տուգանքի նշանակումից առաջ բավական մանրամասն ուսումնասիրություններ են կատարում դատապարտյալի գույքային դրության պարզման ուղղությամբ` հետագա «խնդիրներից» խուսափելու համար:
Ինչպես տեսնում ենք խնդրո առարկայի վերաբերյալ առկա են տարաբնույթ մոտեցումներ՝ կախված յուրաքանչյուր պետության որդեգրած քրեական քաղաքականության առանձնահատկություններից:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության որդեգրած քրեական քաղաքականության առանձնահատկությունները և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դիրքորոշումները՝ Նախագծերով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ Հայաստանի Հանրապետության քրեական, քրեակատարողական և քրեական դատավարության օրենսգրքերում: Մասնավորապես՝ առաջարկվում է, իրավական որոշակիության սկզբունքից ելնելով, հստակ տարբերակում մտցնել տուգանքի վճարման «անհնարինություն» և «չարամտորեն խուսափել» եզրույթների միջև:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ամրագրվել է, թե ով է համարվում տուգանքի վճարումից չարամտորեն խուսափող. տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով`
1) դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել տարածքային մարմին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի.
2) խախտել է տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու կարգն ու պայմանները:
Տուգանքի վճարումից չարամտորեն խուսափելու ինստիտուտի գաղափարը բխում է նրանից, որ դատարանը մեղադրյալի նկատմամբ տուգանք պատժատեսակն ընտրելիս գնահատում է դրա վճարման հնարավորությունը, այսինքն՝ մեղադրյալի գույքային դրությունը, և հետո նոր միայն նշանակում այն: Ուստի, այն դատապարտյալները, ովքեր օրենքով սահմանված ժամկետում չեն վճարել տուգանքը կամ խախտել են տուգանքի վճարման կարգն ու պայմանները, օրենքի (օրենքի նախագծի) ուժով կհամարվեն տուգանքի վճարումից չարամտորեն խուսափող: Միաժամանակ նախագծով առաջարկվում է հակակշիռ այնպիսի մեխանիզմ, համաձայն որի՝ դատական նիստի ընթացքում դատարանը տուգանքի վճարման անհնարինությունը և տուգանքի վճարումից չարամտորեն խուսափելու հանգամանքները պարզում է՝ հաշվի առնելով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, տուգանքը չվճարելու վերաբերյալ դատապարտյալի կամ նրա փաստաբանի բացատրությունները և ներկայացված փաստաթղթերը: Այս կարգավորումն ուղղված է նաև դատապարտյալի լսված լինելու իրավունքի իրացմանը:
Ինչպես նշեցինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ տուգանքի վճարման և՛ անհնարինության, և՛ չարամտորեն խուսափելու դեպքում առաջանում են միևնույն հետևանքները՝ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինումը՝ առանց որևէ տարբերակված մոտեցման: Այս առումով նախագիծն ամրագրել է տարբերակված մոտեցումներ. դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին:
Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ ենք համարում նշել, որ նախագծերի փաթեթով առաջարկվող լուծումներն ընտրվել են հետևյալ նկատառումներից ելնելով՝
- անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի՝ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մեխանիզմների վերաբերյալ արտահայտած դիրքորոշումները.
- անհրաժեշտ է կանոնակարգել գործող օրենսդրությունում առկա խնդիրները մինչև Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի շրջանակներում վերջիններիս կտրվեն վերջնական լուծումներ.
- հարկ է հաշվի առնել այն երկրների փորձը, որոնք ունեն տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու օրենսդրական կառուցակարգ:
Ակնկալվող արդյունք
Այսպիսով, նախագծերի ընդունմամբ համապատասխան լուծումներ կտրվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1082 որոշմամբ բարձրացված հարցերին:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
01.02.2017 - 16.02.2017
-
Type
Law
-
Area
Justice, Penitentiary, Criminal legislation, Criminal procedure
-
Ministry
Ministry of Justice
Views 9518
Print