Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԵՎ «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Justice Group 10.05.2019 17:46:13 10․05․2019 ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը ներկայացնում է իր դիտարկումները և առաջարկությունները Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ 1. Առաջարկում ենք՝ Սահմանել չափորոշիչներ, որոնց առկայության պայմաններում միայն կարող է կիրառվել այս կամ այն սահմանափակումը: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ․ Կալանավորված անձին պատժախուց տեղափոխելը և այնտեղ պահելն ինքնին իրենից ներկայացնում է զսպող մեխանիզմ, որպիսի պայմաններում ցանկացած այլ սահմանափակումներ, ինչպիսիք, օրինակ նախատեսվում են Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ կատարվելիք փոփոխություններով, ինքնին կարող է առաջացնել դատապարտյալի՝ անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների խախտումներ, եթե չհստակեցվի կիրառվող սահմանափակման և կատարված արարքի միջև պատճառահետևանքային կապը: Տեղին է մեջբերել, որ Եվրոպական բանտային կանոններով կտրականապես արգելվում է կոլեկտիվ և մարմնական տույժերը, մութ մենախցերում պահելը, ինչպես նաև դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող ցանկացած այլ պատիժը կիրառել որպես կարգապահական տույժ։ Արգելվում է որպես կարգապահական տույժ կիրառել ցանկացած տեսակի զսպման միջոցներ (Տե՛ս՝ Եվրոպական բանտային կանոններ, կետ 60․6 /https://rm.coe.int/european-prison-rules-978-92-871-5982-3/16806ab9ae/)։ Վերոնշյալ միջազգային փորձի լույսի ներքո պետք է նկատել, որ կալանավորվածի նկատմամբ կիրառվող ցանկացած սահմանափակում պետք է լինի հիմնավոր և մատչելի: Այդպիսի պայմաններում միայն կարող է երաշխավորվել վերջինիս կողմից կիրառվող տույժի վերադասության կարգով բողոքարկման հնարավորությունը (Տե՛ս՝ վերը նշված Եվրոպական բանտային կանոններ, կետ 61)։ Տվյալ պայմաններում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, թե որքանով է սույն հոդվածով նախատեսվող նորմը նպաստում այն կիրառողի հայեցողական վարքագծի դրսևորմանը: Մասնավորապես, առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է «(…) կալանավորված անձանց կարող են արգելվել՝ (…)», իսկ 4-րդ պարբերությամբ նախատեսվող սահմանափակումների կիրառման համար նախատեսվում է համապատասխան մարմնի կամ դրա պաշտոնատար անձի պատճառաբանված որոշումը՝ այդպես էլ չանդրադառնալով խնդրի այն կարևոր մասին, թե ինչ չափանիշների վրա պետք է հիմնվել այս կամ այն սահմանափակումը կիրառելիս: Ստեղծված իրավիճակում իրավասու մարմնի կամայական որոշումներից խուսափելու անհրաժեշտ պայման է հանդիսանում այն, որ պետք է հստակեցվեն կալանավորվածի կողմից դրսևորվող ոչ իրավաչափ արարքները և այդ արարքների կատարման հետևանքով կիրառվող կոնկրետ սահմանափակումները, ինչպես նաև այն արարքները, որոնց դեպքում կալանավորվածի նկատմամբ կարող է կիրառվել մեկից ավելի սահմանափակում: Ասվածը անմիջականորեն բխում է Եվրոպական բանտային կանոնների 60.2-րդ կետի պահանջներից՝ «Պատժի խստությունը պետք է համաչափ լինի խախտմանը»: Սահմանափակումների կիրառումը պետք է սահմանվի օրենքով և սահմանափակվի անհրաժեշտության և համաչափության սկզբունքներով: Միջազգային չափանիշները պահանջում են, որ սահմանափակումները կիրառվեն միայն բացառիկ դեպքերում, երբ այլ մեթոդներն սպառվել են (Տե՛ս՝ Խոշտանգումների վերաբերյալ հարցերով հատուկ զեկույց, 23 դեկտեմբեր 2003 թ., E/CN.4/2004/56, պարբ. 18): ———— 2․ Առաջարկում ենք՝ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի հոդված 1-ի կետ 4-ը և 5-ը, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի Հոդված 2-ի կետ 4-ը և 5-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 4) տեսակցությունները, եթե առանց այդ սահմանափակման/արգելքի հնարավոր չէ պահպանել անվտանգությունը և կարգապահությունը, 5) հեռախոսակապից օգտվելը, բացի ընտանիքի հետ կապ հաստատելու դեպքերից, եթե դա չի խոչընդոտում անվտանգության և կարգապահության պահպանմանը: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ. Համաձայն ՄԱԿ-ի կալանավորների հանդեպ վերաբերմունքի նվազագույն ստանդարտ կանոնների (Նելսոն Մանդելայի կանոնները)՝ Կանոն 43-ի կետ 3-ի. «Կարգապահական կամ սահմանափակող միջոցառումները չպետք է ընդգրկեն ընտանիքի հետ շփումը: Ընտանիքի հետ շփումների սահմանափակումները կարող են սահմանվել միայն կարճ ժամանակով և միայն այն դեպքերում, երբ այն անհրաժեշտ է անվտանգությունը և կարգապահությունը պահպանելու համար»: Ընդունվել է: Նախագծում հստակեցվել է, որ օրենքով (օրենքի նախագծով) նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին իրավակիրառ սուբյեկտի պատճառաբանված որոշմամբ: Ըստ այդմ՝ տույժի միջոց կիրառելու մասին որոշման բողոքարկման շրջանակներում բողոք բերող անձը կարող է վիճարկել ընդունված որոշումը ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակիորեն: Նախագծում, որպես պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կիրառվում արգելք, նախատեսվել է միայն աշխատելը: Մյուս սահմափակումները կիրառելիս իրավակիրառ սուբյեկտը պետք է հիմնավորի կատարված խախտման և կիրառվող սահմափակման միջև պատճառական կապի առկայությունը և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը: Նախագծում պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառման առումով կատարվել են առանցքային որոշ փոփոխություններ: Այսպես, Նախագծով ՀՀ քրեակատարողական օրենսգրքում հստակ ամրագրվել է, որ դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում՝ 1) խախտումը կատարելու հանգամանքները, 2) դատապարտյալի անձը և նրա վարքագիծը՝ նախքան խախտումը կատարելը, և 3) տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը։ Միաժամանակ, Նախագծում ամրագրվել է, որ պատժախցում գտվելու ընթացքում ազատությունից զրկված անձի նկատմամբ օրենքով (օրենքի նախագծով) նախատեսված սահմանափակումները կիրառելիս տույժի միջոց կիրառելու մասին իրավակիրառ սուբյեկտի պատճառաբանված որոշմամբ պետք է հիմնավորվի պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև։ Այլ կերպ՝ նշված կարգավորման ուժով բացառվել է պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում օրենքով (օրենքի նախագծով) նախատեսված սահմանափակումների կիրառման հարցում լայն հայեցողությունը, սահմանափակումների կիրառմամբ ազատությունից զրկված անձին համապատասխան իրավունքներից մեխանիկորեն զրկելը, ինչպես նաև իրավակիրառ սուբյեկտի համար սահմանվել է հստակ ուղենիշ, այն է՝ սահմանափակումը կիրառելու համար կիրառվող սահմանափակման և կատարված խախտման միջև պատճառական կապի առկայությունը կամ բացակայությունը և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը հիմնավորելու պարտականությունը: