Justice Group
28.02.2019
(ԲՀՀ-Հայաստան արդարադատության խմբի առաջարկի ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ) ... 2․ ԱԶԱՏ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ Ազատ արտահայտման իրավունքը պաշտպանված է միջազգային իրավունքով։ Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուրն ունի ազատ արտահայտման իրավունք, սակայն այն կարող է ենթարկվել սահմանափակումների և թույլ տալ օրենքով սահմանված պատժամիջոցներ, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում մի շարք արժեքներ պաշտպանելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող տարբեր եվրոպական և միջազգային կառույցներ քննադատել են զրպարտության և վիրավորանքի (defamation) համար քրեական պատասխանատվության սահմանման համար։ Քննադատության հիմքում ընկած է այն անհանգստությունը, որ ի տարբերություն քաղաքացիական պատասխանատվությանը՝ քրեական պատասխանատվությունը ավելի մեծ հավանականություն ունի ճնշելու լրատվամիջոցներին և սահմանափակելու արտահայտման ազատությունն ավելի լայն առումով։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն նշել է, որ պետությունները պետք է «քննարկեն և նկատի ունենան զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումը, և ամեն դեպքում քրեական իրավունքի կիրառումը պետք է տեղի ունենա միայն ամենածանր գործերով, իսկ ազատազրկումը ոչ մի դեպքում պատշաճ պատիժ չի»։ (“General comment No. 34”, U.N. Human Rights Committee, 102nd session, published 12 September 2011, www2.ohchr.org/english/bodies/hrc/docs/GC34.pdf): 2002թ․ ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության ներկայացուցիչը նշել է, որ «զրպարտության և վիրավորանքի քրեականացումը չի հանդիսանում արտահայտման ազատության արդարացված սահմանափակում, զրպարտության և վիրավորանքի բոլոր քրեական օրենքները պետք է վերացվեն և, որտեղ անհրաժեշտ է, փոխարինվեն համապատասխան քաղաքացիական օրենքներով»։ (Joint Declaration on Freedom of Expression and the Administration of Justice, Commercialisation and Freedom of Expression, and Criminal Defamation (2002), www.oas.org/en/iachr/expression/showarticle.asp?artID=87&lID=1). Ավելին, ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության ներկայացուցիչը պարբերաբար կոչ է անդում ԵԱՀԿ մասնակից պետություններին վերացնել զրպարտության և վիրավորանքի քրեականացումը (Tenth Anniversary Joint Declaration: Ten Key Challenges to Freedom Of Expression in the Next Decade (2010), http://www.oas.org/en/iachr/expression/showarticle.asp?artID=784&lID=1). Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երբևէ ուղղակիորեն չի բացառել զրպարտության և վիրավորանքի քրեականացումը, սակայն բազմիցս քննադատել է նման դրույթների օգտագործումը։ Երբեմն ՄԻԵԴ-ն առաջարկել է, որ քրեական պատասխանատվության կիրառումը միայն կարող է բավարար լինել, որպեսզի արձանագրվի 10-րդ հոդվածի խախտում, քանի որ նման սանկցիան անհամաչափ է։ ՄԻԵԴ-ն ավելի հստակ է գտնվել պատժի տեսակի առումով։ Մասնավորապես, դատարանը նշել է, որ «ազատազրկումը լրատվամիջոցի գործունեության հետ կապված կարող է համապատասխան լինել լրագրողների ազատ արտահայտման իրավունքին միայն բացառիկ հանգամանքներում, երբ այլ հիմնարար իրավունքներ լրջորեն ոտնահարվել են, օրինակ, ատելության խոսքի կամ բռնության դրդման դեպքերում» (Cumpănă and Mazăre v. Romania, no. 33348/96 (2004). Զրպարտության և վիրավորանքի այլ գործերով ևս դատարանը գտել է, որ ազատազրկումը 10-րդ հոդվածի խախտում է՝ անկախ նրանից՝ քրեական պատասխանատվությունն ինքնին արդարացված է, թե՝ ոչ (Օրինակ՝ Affaire Belpietro c. Italie, no. 43612/10 (2013), Affaire Mika c. Grèce, no. 10347/10 (2013), Mariapori v. Finland, no. 37751/07 (2013)). Ներպետական դատարանները պետք է զերծ մնան քրեական պատասխանատվության ենթարկելուց՝ հատկապես ազատությունից զրկման: Նման պատիժները վտանգում են ազատ արտահայտման իրավունքի հիմքերը և հանդես են գալիս որպես ամբողջ լրատվամիջոցների գրաքննություն (ցենզուրա)՝ խթանելով մամուլի՝ որպես հանրային վերահսկողի դերը: Չնայած որ պատժի նշանակումը ներպետական դատարանների գործն է, սակայն նման պատիժը կարող է համապատասխանել լրագրողների ազատ արտահայտման իրավունքին միայն բացառիկ դեպքերում, երբ այլ հիմնարար իրավունքներ լրջորեն խախտվել են, օրինակ՝ ատելության խոսքի կամ բռնությանը դրդման դեպքերում (Mahmudov and Agazade v. Azerbaijan, 18 December 2008): Նույնիսկ երբ քրեական պատասխանատվությունը եղել է փոքր տուգանքի տեսքով, դա կարող է հանգեցնել անուղղակի գրաքննության, քանի որ նման պատիժը կարող է խանգարել հետագայում նման քննադատություն անելուն (Lingens v. Austria, 8 July 1986, Barthold v. Germany): Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք հետևյալը․ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1․ Պետք է միատեսակ մոտեցում լինի մի կողմից փաստաբանին, մյուս կողմից՝ դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին, դատավորին, դատական ակտերի հարկադիր դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելու դեպքերում (բացի փաստաբանից՝ ներկայիս օրենսդրությամբ մյուս անձինք պաշտպանված են քր․օր․-ով)։ 2․ Անհրաժեշտ է բացառել ազատազրկումը՝ որպես պատիժ ազատ արտահայտման իրավունքի իրացման դեպքերում։ 3․ Անհրաժեշտ է չսահմանափակել ազատ արտահայտման իրավունքը այն քրեականացնելով։ 4․ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է իրականացնել հավելյալ ուսումնասիրություններ և քննարկումներ հարցը ավելի արդյունավետ լուծելու համար օրենսդրական և պրակտիկ մակարդակներում։ 5․ Անհրաժեշտ է նաև հավելյալ քննարկումներ և ուսումնասիրություններ իրականացնել ատելության խոսքի համար արդյունավետ պատասխանատվության ապահովման համար։