Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՊԱՀՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

«Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թվականի հունիսի մեկից, այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն՝ Կոնվենցիայի նպատակներն են՝ ապահովել որևէ պայմանավորվող պետություն անօրինականորեն տեղափոխված կամ այնտեղ պահվող երեխաների անհապաղ վերադարձը և երաշխավորել մի պայմանավորվող պետության օրենսդրությամբ նախատեսված՝ խնամակալության և տեսակցության իրավունքների արդյունավետ հարգումը այլ Պայմանավորվող պետություններում: Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ Պայմանավորվող պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները իրենց տարածքներում Կոնվենցիայի նպատակների կատարումն ապահովելու համար: Այդ նպատակով նրանք օգտագործում են իրենց տրամադրության տակ գտնվող ամենաարագ ընթացակարգերը:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` Պայմանավորվող պետությունները նշանակում են Կենտրոնական մարմին` նույն կոնվենցիայով նման իրավասու մարմինների վրա դրված պարտականությունները կատարելու համար:
Կոնվենցիայի 7-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` Կենտրոնական մարմիննները համագործակցում են միմյանց հետ և օժանդակում են իրենց Պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցությանը` երեխաների անհապաղ վերադարձն ապահովելու և կոնվենցիայի այլ նպատակներին հասնելու համար:

Կոնվենցիայի 7-րդ հոդվածի երկրորդ մասի զ կետի համաձայն` մասնավորապես, անմիջականորեն կամ որևէ միջնորդի միջոցով (Կենտրոնական մարմինները) ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները, որպեսզի նախաձեռնեն դատական կամ վարչական ընթացակարգեր կամ նպաստեն այդպիսի ընթացակարգերին` երեխայի վերադարձմանը հասնելու նպատակով և, անհրաժեշտության դեպքում, համաձայնության գան տեսակցության իրավունքի արդյունավետ իրականացումը կազմակերպելու և ապահովելու համար:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողները կարող են պահանջել վերադարձնել իրենց երեխային այն անձից, ով նրան իր մոտ է պահում առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի որոշման։ Վեճի առկայության դեպքում ծնողներն իրենց ծնողական իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել դատարան։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի թիվ 952-Ն որոշմամբ Կոնվենցիայով նախատեսված նպատակների իրագործման համար որպես ՀՀ կենտրոնական մարմին է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2017 թվականի հունիսի 7-ի թիվ ԵԱՔԴ/0229/02/16 գործով անդրադարձել է Կոնվենցիայով նախատեսված կարգավորումներին՝ նշելով որ ապօրինի տեղափոխված կամ պահվող երեխաների անհապաղ վերադարձն ապահովելու հարցում Կենտրոնական մարմնի դերը երեխային վերադարձնելու մասին որոշում կայացնելը չէ, այլ այդ որոշումը կայացնելու իրավասություն ունեցող մարմինների ուշադրությունը հրավիրելը և ապօրինի տեղափոխված կամ պահվող երեխայի անհապաղ վերադարձմանն օժանդակելն է, որը, մասնավորապես, կարող է իրագործվել դատական կամ վարչական ընթացակարգեր նախաձեռնելու և, ըստ անհրաժեշտության, դրանց օժանդակելու միջոցով։ Ընդ որում, նման ընթացակարգերի նախաձեռնումը չի հանդիսանում միայն Կենտրոնական մարմնի իրավասությունը, քանի որ Հաագայի կոնվենցիան անձին ևս իրավունք է վերապահել համապատասխան հիմքերի առկայության պայմաններում անմիջականորեն դիմել Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններին:

Կոնվենցիայով նախատեսված նպատակները ներպետական օրենսդրությամբ ամրագրելու նպատակով 2018 թվականի փետրվարի 9-ի Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսեց հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործերի նոր տեսակ՝ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի վարույթը:

Այնուամենայնիվ, ներպետական օրենսդրությամբ ներկայումս կարգավորված են միայն Կոնվենցիայից բխող նպատակների իրացմանն ուղղված ընթացակարգային կարգավորումները՝ երեխայի վերադարձման դատական վարույթը, իսկ նյութաիրավական հարաբերությունները համապարփակ կերպով կարգավորված չեն:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմումը ներկայացնում է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի կոնվենցիայի շրջանակներում կառավարության որոշած կենտրոնական մարմինը (այսուհետ՝ Կենտրոնական մարմին): Թեև Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմում նեկայացնելու հնարավորություն է տալիս միայն Կենտրոնական մարմնին, այնուամենայնիվ, Կոնվենցիայի 29-րդ հոդվածը սահմանում է, որ Սույն Կոնվենցիան չի խոչընդոտի որևէ անձի, հաստատության կամ մարմնի, որը հայտնում է, որ տեղի է ունեցել 3-րդ կամ 21-րդ հոդվածների իմաստով խնամակալության կամ տեսակցության իրավունքների խախտում, անմիջականորեն դիմել Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններին` անկախ նրանից՝ նախատեսված է սույն Կոնվենցիայի դրույթներով, թե ոչ:

Այսպիսով, Կոնվենցիան երեխայի վերադարձի պահանջով դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը չի սահմանափակում միայն Կենտրոնական մարմնով և կոնվենցիոն կարգավորումներին համապատասխան դիմողը ևս իրավասու է անմիջականորեն դիմել համապատասխան դատական կամ վարչական մարմիններին:

Վերոհիշյալ խնդրին անդրադարձել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանը: Թիվ ԵԱՔԴ/0229/02/16 գործով Վճռաբեկ դատարանը նշել է. Վճռաբեկ դատարանի կատարած վերլուծությունից բխում է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը տարածվում է նաև ծնողի՝ իր երեխայի հետ վերամիավորվելու իրավունքի վերաբերյալ վեճերի վրա, ինչը ևս նշանակում է, որ այդպիսի վեճերի առկայության դեպքում անձը պետք է ունենա արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։ Իսկ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` այն դեպքերում, երբ դատարաններից տարբերվող մարմիններ են լուծում այնպիսի վեճեր, որոնց նկատմամբ կիրառելի է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Եվրոպական կոնվենցիան պահանջում է հետևյալ համակարգերից առնվազն մեկի առկայությունը, համապատասխան իրավասություն ունեցող մարմինները կամ իրենք են բավարարում 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները կամ այնքան էլ չեն բավարարում դրանք, սակայն ենթակա են այնպիսի դատական մարմնի կողմից լրացուցիչ հսկողության, որն ունի լիարժեք իրավասություն և ապահովում է 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքները (տե՛ս, Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 20.10.2015 թվականի վճիռը, 39-րդ կետ)։ Հետևաբար հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված չէ այնպիսի վարչական մարմին, որն ունի խնդրո առարկա վեճը լուծելու իրավասություն և բավարարում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետից բխող անկախության ու անկողմնակալության պահանջները՝ խնդրո առարկա վեճը ենթակա է դատարանում քննության՝ շահագրգիռ անձի կողմից անմիջականորեն ներկայացվող դիմումի հիման վրա:

Վերոհիշյալ կոնվենցիոն կարգավորումները և ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումն իրացնելու նպատակով Նախագծով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործը քննվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ՀՀ կենտրոնական մարմնի կամ անմիջականորեն Դիմողի կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա:   

Վճռաբեկ դատարանը նույն գործով անդրադարձել է նաև դատական պաշտպանության իրավունքը Հաագայի կոնվենցիայի շրջանակներում նախատեսված իրավական կառուցակարգերի միջոցով իրականացնելու ուղղված դատարանի գործողություններին՝ նշելով մասնավորապես. դատական պաշտպանության իրավունքը Հաագայի կոնվենցիայի շրջանակներում նախատեսված իրավական կառուցակարգերի միջոցով իրականացնելու համար դատարանը պետք է պարզի այդ կոնվենցիայից բխող նաև հետևյալ հանգամանքները.
1) արդյո՞ք խնդրո առարկա դեպքը գտնվում է Հաագայի կոնվենցիայի գործողության ոլորտում` դեպքը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխայի նկատմամբ Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով խնամակալության իրավունքներին կամ տեսակցության իրավունքներին,
2) արդյո՞ք երեխան տեղափոխվել կամ պահվում է Հայաստանի Հանրապետության տարածքում,
3) արդյո՞ք երեխային տեղափոխելը կամ պահելը այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով անօրինական է։
Վերոգրյալի հիման վրա, եթե դատարանը գալիս է եզրահանգման, որ երեխայի տեղափոխումը կամ պահելն անօրինական է, ապա կոնվենցիայի 12-րդ հոդվածի ուժով պարտավոր է կարգադրություն անել երեխային անհապաղ վերադարձնելու մասին։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երեխային վերադարձնելու պարտականությունը բացարձակ չէ և ոչ բոլոր դեպքերում է, երբ Հաագայի կոնվենցիայի իմաստով երեխային անօրինական տեղափոխելու կամ պահելու վերաբերյալ հետևություն անելուց հետո, դատարանը պարտավոր է երեխային վերադարձնելու մասին կարգադրություն անել։ Մասնավորապես՝ այդ պարտականությունը ենթակա է ժամկետային սահմանափակումների` նախատեսված Հաագայի կոնվենցիայի 4-րդ, 12-րդ և 35-րդ հոդվածներով, ինչպես նաև բովանդակային սահամափակումների` նախատեսված նույն կոնվենցիայի 13-րդ և 20-րդ հոդվածներով։  

 

  1. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Նախագծի կարգավորումների համաձայն՝ սահմանվում են անօրինական տեղափոխված կամ ապօրինի պահվող երեխաների վերադարձի ընթացակարգային կարգավորումները և այդ գործընթացում Կենտրոնական մարմնի և իրավասու այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը: Նախագծով սահմանվում են դիմումին ներկայացվող պահանջները, դիմումի ուսումնասիրության կարգը, դիմումը մերժելու հիմքերը, դիմումը ընդունելու դեպքում երեխայի հայտնաբեմանն ուղղված միջոցները՝ իրավասու մարմինների (Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, խնամակալության և հոգաբարձության մարմինների) հետ համագործակցության մեխանիզմները, երեխայի վերադարձման գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:  

Նախագծում նախատեսվել է, որ ՀՀ կենտրոնական մարմինը Պատասխանողին և Դիմողին (Հայցող պետության կենտրոնական մարմնի միջոցով կամ անմիջականորեն) առաջարկում է վեճը լուծել խաղաղ ճանապարհով՝ հաշտվելու միջոցով: Եթե հաշտության արդյունքում կայացվել է երեխային վերադարձնելու մասին համաձայնություն, ապա երեխայի վերադարձի գործընթացը կազմակերպվում է սույն օրենքով սահմանված կարգով: Նմանատիպ կարգավորում է նախատեսված նաև Ավստրալիայի օրենսդրությամբ, մասնավորապես՝ Կենտրոնական մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցներ, այդ թվում՝ հաշտարարություն, կամավոր վերադարձ և այլն[1]: Նախագծի կարգավորումների համաձայն՝ ՀՀ կենտրոնական մարմինը դադարեցնում է դիմումի ուսումնասիրությունը, եթե կողմերը հաշտվել են:   

Դատավորների Հաագայի միջազգային ցանցին[2] անդամակցությունն ապահովելու նպատակով կոնվենցիայի անդամ պետությունները խրախուսվում են նշանակել ցանցային դատավորներ: Ընդ որում, պարտադիր է, որ վերջիններս լինեն գործող դատավորներ և երեխաների պաշտպանության հարցերով լինեն փորձառու: Այդպիսի դատավորներ նշանակելու իրավասու մարմինները տարբեր պետություններում տարբեր են: Իրավասու մարմիններն են օրինակ դատական խորհուրդները, գերագույն դատական ատյանները կամ դրանց նախագահը, դատավորների խորհուրդները, երբեմն էլ արդարադատության նախարարությունը կամ համապատասխան այլ կառավարչական ստորաբաժանումներ[3]: Հիշյալ պահանջի կատարումն ապահովելու նպատակով նախագծով նախատեսվում է, որ Կոնվենցիայի շրջանակներում իրավունքի կիրառման հարցերով Կոնվենցիայի անդամ պետության իրավասու մարմինների հետ համագործակցության նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը նշանակում է անգլերենի իմացությամբ համապատասխան մասնագիտացմամբ դատավոր:      

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի ընթացակարգերի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված կենտրոնական մարմնի և իրավասու այլ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության հետ կապված հարաբերությունների համապարփակ իրավական կարգավորումը, ներպետական օրենսդրությամբ կամրագրվեն Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի պաշտպանությանն ուղղված մի շարք կարգավորումների իրացման մեխանիզմները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1]https://www.ag.gov.au/FamiliesAndMarriage/Families/InternationalFamilyLaw/Pages/InternationalParentalChildAbduction.aspx 

[2] https://www.hcch.net/en/news-archive/details/?varevent=426

[3] http://www.ejtn.eu/PageFiles/6333/International_Hague_Network_of_%20Judges_EN.pdf

  • Discussed

    03.08.2018 - 18.08.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, International relations, Legal assistance, Civil procedure, Combating domestic violence and protection of minor's rights

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8901

Print