ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը.
«Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը բխում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից, ինչպես նաև կրթության բնագավառում պետական քաղաքականությունը առավել արդյունավետ իրականացնելու նպատակներից:
- Խնդիրները և կարգավորման նպատակը.
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ կրթության զարգացման պետական ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը:
«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2011 թվականի հունիսի 23-ին: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը, կրթության համակարգի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը» և «Կրթություն 2030. Դեպի ներառական և արդարացի որակյալ կրթություն ու կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» Ինչհոնի հռչակագիրը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիր», որը, սակայն, կառավարության կողմից չի ներկայացվել Ազգային ժողով՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հանգամանքներով պայմանվորված Հանրապետությունում տեղ գտած գործընթացների պատճառով:
Օրենքի նախագծով առաջարկվում է, որ կրթության զարգացման պետական ծրագիրը հաստատի կառավարությունը, ինչը առավել ճկուն կդարձնի ծրագրում՝ ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելը՝ պայմանավորված կրթության զարգացման և ոլորտի մարտահրավերների, կրթության զարգացման թիրախների, գերակայությունների և գործողությունների շրջանակի հետ։
Կրթության և գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազային կենտրոնի կողմից մշակվել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»՝ տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվող հետազոտողներին և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին լայն և բազմաշերտ տեղեկատվություն տրամաադրելու նպատակով:
Համակարգի լիարժեք և ամբողջ ծավալով գործարկման համար, որի մեջ պետք է ընդգրկվեն բոլոր ուսումնական հաստատությունները՝ անհրաժեշտ է ընդունել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը, որի իրավասությունը նախագծով վերապահվում է կրթության և գիտության նախարարությանը:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կապահովվեն Սահնամանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական հիմքերը՝ կրթության զարգացման պետական ծրագիրը կառավարության կողմից, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատելու համար:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ կառաջանա այլ իրավական ակտերի ընդունման նհրաժեշտություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։