«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ XVIII.I գլխով.
«XVIII.I ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԱԾ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՑԱԴՈՒԼ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ) ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
173.1. Հացադուլը կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից գիտակցաբար և սեփական կամքով ցանկացած տեսակի սննդամթերքից և (կամ) ջրից որոշակի ժամկետով կամ անժամկետ հրաժարվել է, ինչի մասին վերջինս բանավոր կամ գրավոր հայտարարություն է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի վարչակազմ:
173.2. Հացադուլ իրականացնող անձի կողմից հացադուլ իրականացնելու մասին հայտարարությունը ենթակա է անհապաղ արձանագրման քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Հացադուլ իրականացնելը չի հանգեցնում կալանքի տակ գտնվելու կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման և նրա համար չի կարող առաջացնել անբարենպաստ հետևանքներ:
173.3. Հացադուլ իրականացնելու փաստը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից արձանագրվելուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրան փոխարինող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հաղորդում է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին և դատախազության համապատասխան ստորաբաժանում, իսկ կալանավորված անձի դեպքում` նաև քրեական վարույթն իրականացնող մարմնին` նշելով հացադուլ իրականացնող անձի անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման համար նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը կամ նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, կալանքի կամ պատժի սկիզբը, հացադուլի պատճառը, հացադուլ իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը (դրա առկայության դեպքում), այն սկսելու տարեթիվը, ամսաթիվը, օրը և ժամը:
173.4. Հացադուլ իրականացնող անձի համաձայնության առկայության դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է նրա մերձավոր ազգականներին կամ նրա կողմից ընտրված անձին, բացառությամբ հացադուլ իրականացնող անչափահաս անձի: Հացադուլ իրականացնող անչափահաս անձի դեպքում նրա համաձայնությունը չի պահանջվում:
173.5. Հացադուլ իրականացնող անձի կողմից հացադուլ իրականացնելու վերաբերյալ հայտարարության մասին քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հայտնելուց հետո մեկօրյա ժամկետում քրեակատարողական հիմնարկի պետի կամ նրան փոխարինող անձի որոշմամբ քրեակատարողական հիմնարկի վարչակազմից նշանակվում է բանակցող և ավագ բուժաշխատող (այսուհետ՝ բժիշկ): Որպես բանակցող պետք է ներգրավվի սոցիալական կամ հոգեբանական աշխատանքներ իրականացնող բաժնի, բաժանմունքի կամ խմբի ծառայողը:
173.6. Բանակցողը միջոցներ է ձեռնարկում հացադուլի իրականացման պատճառները բացահայտելու և դրա դադարեցման համար հացադուլ իրականացնող անձի հետ անհրաժեշտ բանակցային աշխատանքներ իրականացնելու համար: Հացադուլ իրականացնող անձի կողմից հացադուլը չդադարեցնելու դեպքում բանակցողը զեկուցում է քրեակատարողական հիմնարկի պետին կամ նրան փոխարինող անձին՝ հայտնելով հացադուլի իրականացման և այն դադարեցնելուց հրաժարվելու հիմնական պատճառները:
173.7. Հացադուլ իրականացնող անձի համաձայնության առկայության դեպքում նա ենթարկվում է անհրաժեշտ բժշկական զննության և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հացադուլ իրականացնելու փաստի արձանագրման պահից 24 ժամվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի պետի կամ նրան փոխարինող անձի որոշմամբ տեղափոխվում է այդ նպատակով հատուկ առանձնացված խուց՝ հնարավորինս հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները` անկախ ուղղիչ հիմնարկի տեսակից (բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների): Խուցը պետք է առնվազն ապահոված լինի սույն կանոնակարգի 46-րդ կետով նախատեսված պայմաններով:
173.8. Հացադուլ իրականացնելու ժամանակահատվածում հացադուլ իրականացնող անձը գտնվում է մշտական (ամենօրյա) բժշկական հսկողության ներքո: Բժիշկը հացադուլ իրականացնող անձին նրան հասկանալի լեզվով ներկայացնում է սննդամթերքից և (կամ) ջրից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնողի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:
173.9. Բժիշկը մինչև հացադուլի դադարեցումը յուրաքանչյուր օր պարզում է հացադուլ իրականացնող անձի կողմից սննդամթերքի և (կամ) ջրի ընդունումից հրաժարվելու հետևանքով գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում համապատասխան բուժում կամ արհեստական սնուցման ձևով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու իրազեկված համաձայնության հանգամանքը և այդ մասին կատարում է գրառում նրա բժշկական քարտում:
173.10. Հացադուլ իրականացնող անձի նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում այն դադարեցնելու նպատակով: Նրան տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումը չի կարող պայմանավորվել հացադուլը դադարեցնելով:
173.11. Հացադուլ իրականացնող անձի գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում վերջինիս առանց իր համաձայնության տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում միայն կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
173.12. Հացադուլ իրականացնող անձի կյանքին վտանգ սպառանալու դեպքում արհեստական սնուցման ձևով բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է բժշկի պատճառաբանված գրավոր եզրակացության հիման վրա: Արհեստական սնուցման ձևով բժշկական օգնությունը և սպասարկումը պետք է իրականացվի մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններում՝ պահպանելով հացադուլ իրականացնող անձի հիմնական իրավունքները և ազատությունները:
173.13. Հացադուլ իրականացնելու ընթացքում հացադուլ իրականացնող անձին օրվա կարգացուցակով նախատեսված ժամերին բանակցողն առաջարկում է օրվա սննդաբաժինը, իսկ հրաժարվելու դեպքում նշում է կատարվում քրեակատարողական հիմնարկի օրվա ճաշացանկից չօգտվողների ցուցակում:
173.14. Հացադուլ իրականացնող անձի տեղափոխումն այլ քրեակատարողական հիմնարկ, քննչական գործողությունների կատարման վայր կամ դատարան իրականացվում է ընդհանուր հիմունքներով, անհրաժեշտության դեպքում՝ բուժաշխատողի ուղեկցությամբ: Տեղափոխում չի իրականացվում բժշկի կողմից տրված՝ հացադուլ իրականացնող անձի առողջական վիճակով պայմանավորված, վերջինիս տեղափոխման անհնարինության վերաբերյալ պատճառաբանված գրավոր եզրակացության հիման վրա:
173.15. Հացադուլը դադարեցնելու վերաբերյալ հացադուլ իրականացնող անձի հայտարարությունից կամ անհրաժեշտ սննդամթերքը և (կամ) ջուրն ընդունելուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրան փոխարինող անձը այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հաղորդում է ներկայացնում 173.3-րդ կետում նշված պետական մարմիններին և պաշտոնատար անձանց: Բժշկի կողմից հացադուլ իրականացնող անձի բժշկական քարտում հացադուլը դադարեցնելու վերաբերյալ հացադուլ իրականացնող անձի հայտարարության կամ անհրաժեշտ սննդամթերքը և (կամ) ջուրն ընդունելու մասին կատարվում է համապատասխան գրառում:»:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ oրը։
-
Discussed
06.03.2017 - 21.03.2017
-
Type
Decision
-
Area
Healthcare, Penitentiary
-
Ministry
Ministry of Justice
Views 10689
Print